"Իրավունքը" ԲՀԿ խմբակցության մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՑ հետաքրքրվեց, թե ինչու ԲՀԿ-ն որոշեց դադարեցնել բոյկոտը եւ մասնակցել դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած արտահերթ նիստին: ԲՀԿ մամլո խոսնակի խոսքով` դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ իրենց կողմից բարձրացված հարցի արտահերթ քննարկումը. "Արտահերթ նիստը գումարվեց, հարցը քննարկվեց, մենք էլ շարունակում ենք մեր աշխատանքը",- պատասխանեց Ուրիխանյանը: Արդյոք ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի պաշտոնանկ անելու հարցը կա՞ ԲՀԿ-ի օրակարգում: Պարզվեց` ոչ միայն ԲՀԿ-ի, այլեւ ոչ իշխանական ուժերի օրակարգում կա, որի մասին Վահան Բաբայանը բարձրաձայնել է:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համատեղ ընդունած դատապարտող հայտարարությանը, Տիգրան Ուրիխանյանի խոսքով` այն ԲՀԿ-ին չի բավարարում: Իսկ ինչպե՞ս կմեկնաբանի ԲՀԿ մամլո խոսնակը ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանի այն հայտարարությունը, որ եթե բոյկոտ հայտարարած ուժերը եկել մասնակցել են հաջորդ նիստին, նշանակում է ընդունված հայտարարությունն իրենց բավարարում է, ԲՀԿ մամլո խոսնակն ասաց, որ չի մեկնաբանում քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչների հայտարարությունը: Եթե ազատամարտիկները բողոք չեն ներկայացրել, արդյոք արժեր այդ հարցը քաղաքականացնել, որի մասին դեկտեմբերի 16-ին բարձրաձայնել էր ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանը: Տիգրան Ուրիխանյանը խորհուրդ տվեց հարցն ուղղել ազատամարտիկներին: