"ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ ԵՂԱԾ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԲԱՐԴԵԼ ԵՏՄ-Ի ՎՐԱ"
Արխիվ 12-16
Մի քանի օրում հայաստանյան անդորրը վերածվեց քաոսի` դրամը արժեզրկվել էր, գնաճը դարձել անկառավարելի: Իհարկե, ստեղծված խուճապային իրավիճակը կամաց-կամաց կայունանում է` թողնելով միայն վատ հիշողություններ: Սակայն ուշագրավ էր այն, որ սրա հետ կապված` պաշտոնական դիրքորոշումներ չհնչեցին կոմունիստներից եւ սոցիալիստներից: Իսկ թե ինչո՞վ էր դա պայմանավորված, սոցիալիստական գաղափարներ պաշտոնապես դավանող ՀՅԴ-ի հետ "Իրավունքին" չհաջողվեց կապ հաստատել ու պարզաբանել, մինչդեռ մեզ հետ զրույցում ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ նշեց.-Կոմունիստական կուսակցությունն ուշիուշով հետեւում էր այն գործընթացներին, որոնք տեղի էին ունենում հանրապետությունում վերջին օրերին: Այդ հարցը մենք քննարկել ենք, եւ Կոմունիստական կուսակցության հայտարարությունը պատրաստ է, որն առաջիկայում կհրապարակվի: Մեր կարծիքն է, որ բնական է, այդպես էլ պետք է ստացվեր: Դա կախված է աշխարհաքաղաքական իրավիճակի եւ մեր ներսում տիրող ոչ նորմալ վիճակի հետ` նկատի ունեմ այն, որ հանրապետությունը պատրաստ չէր նման մարտահրավերների: Մի պետություն, որտեղ ներմուծումը հինգ անգամ գերազանցնում է արտահանմանը, նշանակում է, որ մենք գրեթե տնտեսություն չունենք: Նույնիսկ հանրապետության առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրության համար սա պետք է խթան դառնա, որպեսզի վերակառուցվի, վերանայվի մեր ամբողջ հանրապետության տնտեսությունը, եւ հիմնականում զարկ տրվի առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրությանը:
Հնարավորության սահմաններում պետք է պակասեցվի ապրանքների ներմուծումը, ավելանա արտահանումը: Այսօրվա դրությամբ հանրապետությունը 5 միլիարդից ավել պարտք ունի, իսկ մենք չունենք արտադրություն, որպեսզի արտահանենք, վաճառենք, եւ հանրապետությունը դոլար ձեռք բերի: Այնուամենայնիվ, ինձ թվում է, որ սա ստեղծված իրավիճակից թելադրված ժամանակավոր կարգավիճակ է, եւ շատ հետեւողական աշխատանք պետք է տանի հանրապետության իշխանությունները, կառավարությունը, որպեսզի հեռանկարային միջոցառումներ մշակեն` առաջիկայում նման մարտահրավերներին դիմակայելու համար: Երեկ արդեն որոշ փոփոխություն եղավ դոլարի կուրսի մեջ, բայց հնարավոր է, որ դա ժամանակավոր տարբերակ է:
- Ընդդեմ դրամի արժեզրկման եւ թանկացումների` այսօր որոշ նախաձեռնությունների կողմից Կառավարության դիմաց բողոքի ակցիա է կազմակերպվելու: Վերջիններս պահանջում են նաեւ դադարեցնել ԵՏՄ-ին միանալու գործընթացը: Ի՞նչ կասեք այս մասին:
- Հայաստանի Կոմկուսը եղել է, կա եւ մնում է նույն կարծիքին, որ այսօր միակ ելքը Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցելն է: Նորից ու նորից եմ կրկնում` հանրապետության ներսում եղած թերությունները չպետք է բարդել ԵՏՄ-ի վրա: Ընդհակառակը, Եվրասիական տնտեսական միությունը լայն հնարավորություններ է տալիս, մեծ շուկա է բացում` հանրապետության արտադրությունը իրացնելու համար: Փոխանակ մտածեն, թե ինչ անենք, որ ուժեղացնենք, վերանայենք արտադրությունը, որպեսզի ավելի շատ ապրանք արտահանենք, սկսել են դատարկ բաներից խոսել: Նրանք այն մարդիկ են, որոնք կարծես չեն տիրապետում իրավիճակին կամ էլ խոսում են ԱՄՆ-ի, Եվրոպայի, դոլարների ազդեցության տակ: Այսօր գնում է ինտեգրացիոն գործընթաց, եւ մենք պարտավոր ենք հետեւել դրան, իսկ ամենաճիշտը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելն է, մյուսները երկրորդական, դատարկ խոսակցություններ են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

