"ԿԲ-Ն ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ՇՈՒՏՈՎ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿՀԱՍՆԻ ԿԱՅՈՒՆ ՀԱՆԳՐՎԱՆԻ"
Արխիվ 12-16"ԿԲ-Ն ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ՇՈՒՏՈՎ
ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿՀԱՍՆԻ ԿԱՅՈՒՆ ՀԱՆԳՐՎԱՆԻ"
Ինչպես հայտնի է, Աժ-ում արտահերթ նիստ էր գումարվել` քննարկելու դոլարի աննախադեպ թռիչքն ու դրամի արժեզրկումը: Քննարկումը, ի դեպ, բավական թեժ է անցնում: "Իրավունքը" ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՑ հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի նա այս քննարկումների մասին, որոնք են դոլարի կտրուկ բարձրացման պատճառները:
"Երեք գործոն կա,- ասաց ՍԻՄ նախագահն ու շարունակեց,- առաջինը միջազգային ֆինանսատնտեսական համակարգն է, որը, ինչպես հայտի է, ԱՄՆ-ի թելադրանքի ներքո է գործում, եւ ունի անարդար, սպեկուլյատիվ բնույթ: Այն նպաստւմ է ՀՀ-ում խառնաշփոթի ձեւավորմանը, ապակայունացնում է Հայաստանում ներքին վիճակը: Սա ՀՀ-ին ԵՏՄ-ի անդամակցությունից զերծ պահելու հերթական փուլն է: Արեւմուտքը սանձազերծել է տնտեսական պատերազմ Ռուսաստանի դեմ, հատուկ գցել է նավթի գինը, ճնշում է գործադրում ռուսական բանկերի վրա, բերելով ռուբլու անկայունությանը, ինչը ապակայունացնում է համաշխարհային տնտեսությունը, եւ չի կարող չանդրադառնալ մեր երկրի վրա:
Երկրորդ գործոնն այն է, որ Հայաստանի բանկերը, ըստ էության, զբաղված են սպեկուլյացիայով եւ փորձում են այս իրավիճակում մեծ գումարներ վաստակել: Բացի դա, մեր ֆինանսական համակարգը չափազանց դոլարացված է, օրինակ` վարկերի 2/3-ը արտարժույթով են ձեւակերպված, իսկ այդպիսի համակարգը մեր թշնամիների համար դառնում է թիրախ:
Երրորդ գործոնն էլ այն է, որ որոշ օլիգարխիկ շրջանակներ, կանխազգալով, որ ԵՏՄ-ում իրենք այլեւս չեն կարողանալու թալանել երկիրը, իրենց գումարները հանում են Հայաստանից:
- Իսկ Կենտրոնական բանկը որեւէ ծրագիր ունի՞, որով կարող է կայունացնել վիճակը ֆինանսական շուկայում:
- Որեւէ կոնկրետ ծրագիր ԿԲ-ի նախագահ Արթուր Ջավադյանից ես չլսեցի: Գուցե այդ ծրագիրը կա, եւ ինչ-ինչ մարտավարական նպատակներ հաշվի առնելով` չի հրապարակվում: Այնուամենայնիվ, ԿԲ-ն հավաստիացնում է, որ շուտով իրավիճակը կհասնի կայուն հանգրվանի:
- Բոլոր դեպքերում այս անկայունության, գների կտրուկ աճի եւ ապագայի նկատմամբ մարդկանց անորոշության համար ինչ-որ մեկը պե՞տք է պատասխան տա:
- Ֆինանսական համակարգի, գնաճի թռիչքների սանձահարման, ֆինանսական եւ տնտեսական շուկաներում սպեկուլյացիաները կանխելու համար պատասխանատու են երկու կառույց` ԿԲ-ն եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Այս իրավիճակից արագորեն դուրս գալու համար պատասխանատու են նրանք:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

