ՍՊԱՍԵՆՔ, ԹԵ ԵՐԲ Է ՕԵԿ-Ը "ՔՑԵԼՈՒ" ԲՀԿ-ԻՆ
Արխիվ 12-16ՍՊԱՍԵՆՔ, ԹԵ ԵՐԲ Է ՕԵԿ-Ը "ՔՑԵԼՈՒ" ԲՀԿ-ԻՆ
Ազգային Ժողովում բոյկոտային տրամադրություններից հետո ակնառու դարձավ, որ եռյակում տեղի է ունեցել փոփոխություն: Եռյակից փաստացի հեռացած "Ժառանգության" փոխարեն դաշտ է մտնում ՕԵԿ-ը: ՕԵԿ-ը ամբողջությամբ համակարգում է իր գործողությունները ԲՀԿ-ի հետ, քվեարկում, կամ չի քվեարկում այնպես, ինչպես ԲՀԿ-ն: Նույն կերպ է վարվում նաեւ ՀԱԿ-ը, բացառությամբ Նիկոլ Փաշինյանի ու Հրանտ Բագրատյանի, որոնք ամեն կերպ ցուցադրում են իրենց անկախությունը ՀԱԿ-ից: Այսօր վերջնականապես անկախացավ նաեւ "Ժառանգությունը", որի մի մասը` Զարուհի Փոստանջյանը ու Ալիկ Արզումանյանը, արդեն վաղուց էին դուրս եկել ԲՀԿ-ի վերահսկողությունից: Այսպիսով, եռյակում ծայրահեղ ընդդիմադիր եւ ծայրահեղ արեւմտամետ "Ժառանգությանը" փոխարինեց որեւէ հստակ գաղափարախոսություն չունեցող եւ իշխանությունների հետ ստվերային կապերի մեջ կասկածվող ՕԵԿ-ը: Դժվար թե դրանից բարձրանա եռյակի հեղինակությունը` ընդդիմադիր տրամադրված զանգվածների շրջանակում: Սակայն դրա փոխարեն կբարձրանա Լեւոն Տեր-Պետրոսյանի հեղինակությունը եռյակում, քանի որ միակ քիչ թե շատ ընկալելի գաղափարախոսությունն ունի միայն իր ղեկավարած ՀԱԿ-ը, իսկ ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի համար միակ գաղափարախոսությունը իշխանության եւ նրա բարիքներին տիրանալն է: Սակայն այս "ռակիրովկայի" պարագայում ԲՀԿ-ն հաշվի չառավ մեկ կարեւոր հանգամանք. ՕԵԿ-ը վերջում անպայման "քցելու" է` խասյաթ է:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

