ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՄԱՍԱՄԲ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ Է ՀՀԿ-Ի ՈՒ ՀՅԴ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՄԱՍԱՄԲ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ Է ՀՀԿ-Ի ՈՒ ՀՅԴ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին, պարզվում է, ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համատեղ հայտարարությունը մասամբ բավարարում է:
Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը դեկտեմբերի 15-ին ԱԺ-ում հայտարարել էր, որ պետք է ընդհատել արտահերթ նիստը եւ արտահերթ նիստ գումարել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի, ազատամարտիկների վրա հարձակվելու վերաբերյալ: Դեկտեմբերի 16-ին գումարվում է արտահերթ նիստ, ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համատեղ դատապարտող հայտարարությունն ընդունվում, որը, սակայն, Նաիրա Զոհրաբյանը համարեց երրորդ դասարանի մակարդակի շարադրություն: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն էլ ընթերցելով իրենց պահանջը լքեց նիստերի դահլիճը:
«Իրավունքի» հետ զրույցում ԲՀԿ պատգամավորն ասաց, որ ԲՀԿ-ի պահանջի մի մասը իրականացավ, սակայն չի նշանակում, թե ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի հրաժարականը կարեւոր չէ իրենց համար: «Բայց կյանքը շարունակվում է, մենք չենք կարող կառչել մի տեղից ու ասել վերջ: Հայտարարության մի մասը իրականացավ, մյուս մասին էլ կարող է անդրադառնանք հետո»,- մանրամասնեց պատգամավորը:
Հստակեցրինք` արդյոք Լեւոն Երանոսյանի պաշտոնանկության հարցը բարձրաձայնելու է ԲՀԿ-ը: «Կյանքը ցույց կտա»,- հակիրճ ասաց Մելքումյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հ.Գ. Փաստորեն, Միքայել Մելքումյանը որոշել է հակադրվել ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանին ու ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանին, որոնք բոլորովին հակառակ դիրքորոշում ունեն: Դե եթե մասամբ բավարարում էր ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համատեղ դատապարտող հայտարարությունը ԲՀԿ պատգամավորին, ինչու նա չմասնակցեց քվեարկությանն ու ձեռնպահ չքվեարկեց:

