«ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՆՐԱՆ, ՈՒՄ ՉԵՍ ՃԱՆԱՉՈՒՄ …»
Արխիվ 12-16«ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՆՐԱՆ, ՈՒՄ ՉԵՍ ՃԱՆԱՉՈՒՄ …»
Ինչպես անփոխարինելի են քաղաքացիական կյանքում հեռախոսային հաղորդկացումը, կապի ապահովման միջոցները, առավել նշանակալի ու էական են դրանք բանակային առօրյայում: Զրուցակիցս հյուսիսարևելյան սահմանի ՊԲ N զորամասի կապի ոլորտի զինծառայող ՎԱՆՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է, ում ծառայության ավարտին մնացել է 13 օր:
«Օրինակելի զինվորին նախևառաջ պետք են մասնագիտական գիտելիքներ, որոնք ստանում է ուսումնական զորամասում, որ կարողանա ռադիոկայանների հետ աշխատել, կապ ապահովել, որը հիմնական ղեկավարման միջոցն է, ցանկացած պատերազմի ժամանակ, եթե ղեկավարում չեղավ, վերևից եկած հրամանները ներքևի օղակին չեն հասնի: Այս տարիների ընթացքում ռազմական շատ գիտելիքներ ստացա, անփոխարինելի ընկերություն ձեռք բերեցի, այնքա~ն բան սովորեցի, այնքան, որ թվել անգամ չեմ կարող, նոր արժեքներ, նոր օրեր, նոր ապրելակերպ ու մտածողություն... Շատ եմ հասունացել: Ու այն խոսքը, թե ծառայությունը ամեն տղայի պետք է, իրապես այնքան ճշմարիտ է, յուրաքանչյուր հայորդու համար այն խիստ անհրաժեշտություն է»,- վստահեցնում է Վ. Գրիգորյանը, ապա
ներկայացնելով բանակի այսօրվա նկարագիրը, փաստում. «Լավ է վիճակը, մանր հարցեր կան, որ փոփոխության կարիք ունեն, բայց զինվորին վերաբերվելը, սնունդը, ջեռուցումը լավ են: Առաջընթաց կա նաև ուսումնական զորավարժությունների, մարտական պատրաստության ստուգումների տեսանկյունից: Ու ամենակարևորը մարտականության հողը տեղն է, զինվորին դուխը պահելու հարցում օգնում են հայրենիքի հանդեպ սերը, հարազատները, ընկերները …»: Իսկ առավել հետաքրքիր է Վանյայի մեկնաբանությունը այդչափ անմեկնելի ու բազմաբովանդակ բառի` հայրենասիրության մասին. «Հայրենասիրությունը անցած պատմության ճանաչումն է… Հայրենասեր լինում ես, եթե հայրենիքիդ պատմությունը գիտես, առանց գիտելիքի լավագույն դեպքում անտարբեր կարող ես լինել… Հնարավոր չէ պաշտպանել նրան, ում չես ճանաչում…»:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

