«ՀԵՌՈ՛Ւ ՊԱՀԵՔ ՑԱՎԵՐՈՎ ԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԸ ԱՅԴ ՑԵՂԱՍՊԱՆ ԵՐԿՐԻ ԱՄԵՆ ՏԻՊԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՑ»
Արխիվ 12-16«ՀԵՌՈ՛Ւ ՊԱՀԵՔ ՑԱՎԵՐՈՎ ԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԸ ԱՅԴ ՑԵՂԱՍՊԱՆ ԵՐԿՐԻ ԱՄԵՆ ՏԻՊԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՑ»
Օրերս Հասան Ջեմալը՝ Հայոց ցեղասպանությունը ծրագրած երեք գլխավոր պաշտոնյաներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռը, «Մոսկվա» կինոթատրոնում հյուրընկալվեց «Սիվիլիթաս» վայ հիմնադրամի «Սարն ի վեր» նախագծի հերթական միջոցառմանը, որին կից կայացավ նաեւ նրա «1915․ Հայոց ցեղասպանությունը» գրքի հայերեն թարգմանության՝ «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից կազմակերպված շնորհանդեսը։ Այս նվաստացուցիչ շոուի ժամանակ, պարզվեց, որ Հասան Ջեմալը իր հարազատ պապի` ազգասպան Ջեմալի արժանի ժառանգն է ու գրքում, մեղմ ասած, դավադրաբար խեղաթյուրել է իրականությունը: Մինչդեռ վերջինս ապտակների փոխարեն, ոմանց կողմից հենց Երեւանի սրտում արժանացավ ծափերի…
Տեղի ունեցածի հետեւանքները քաջ գիտակցելով` գրող-հրապարակախոս ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ բաց նամակ է հղել նշանավոր պոլսահայ լրագրող, մեր օրերում կրկին բարբարոս թուրքի ձեռքով դաժանաբար սպանված Հրանտ Դինքի այրի ՌԱՔԵԼ ԴԻՆՔԻՆ, ով վերոնշյալ խայտառակ շնորհանդեսը կազմակերպած «Հրանտ Դինք» հիմնադրամի նախագահն է:
«Մեծահարգ տիկին Ռաքել,
Ստիպված եմ գրելու այս ուղերձ նամակը Ձեզ, որովհետեւ Հրանտի ողբերգական, նախապես հմտորեն ծրագրված ու անժամանակ մահը աշխարհի ողջ հայության համար՝ խորին ցավ ու նոր սթափեցնող զանգ էր, հայերիս՝ երիցս հիշեցնելու, որ մենք մեկ վայրկյան անգամ իրավունք չունենք կորցնելու մեր ազգային ինքնապաշտպանության սթափությունը, որովհետեւ թուրքերը չեն սպանում, որ մեղա գան եւ չեն գրավում, որ ցյուրիխյան կամ էլ ճանապարհային խաղաղ քարտեզներով՝ սեփական հողում մորթազերծ արված բնիկների ժառանգներին ետ վերադաձնեն իրենց նախնիների թողած ժառանգությունը:
Արդ՝ Հրանտ Դինքի անունը կրող հմնադրամի կողմից Հայաստան հրավիրել հայակեր, հայ մանուկների ոսկորների վրա/ սպանդը թաքցնելու նպատակով/ ճանապարհ կառուցող, հայկական գյուղերն ու տեղահանված ժողովրդին գաղտնի հրամանագրերով միայն ոչնչացնելու եւ հետքերը մաքրելու թուրքական մահագույժ ձեռագրի եւ բազմաթիվ չվերծանված գաղտնի հրամանագրերի հեղինակի արյան ժառանգորդին՝ Մեծ Եղեռնի 100-ամյակի շեմին,ահարկու հարված էր Հայազորացման մեր Ոգուն, բազում՝ միլիոնավոր զոհերի անանց հիշատակին, նրանց ժառանգների ազնիվ պայքարին ու պարտադիր պահանջատիրությանը: Որպես գրող-հրապարակախոսի, այս օրերին անթիվ նամակներ ու հեռախոսազանգեր են ուղղվել ինձ, խնդրին հիմնովին անդրադառնալու նպատակով...
Այսօր Հայաստանում քիչ չեն ապազգային, գրանտակեր այն օտարածին ուժերը, որոնք օգտագործելով մեր ժողովրդի սիրված զավակների անունները,զբաղված են հոգեորսությամբ ու ազգային պառակտման ծրագրերով: Թույլ մի՛ տվեք, որ նման կազմակերպությունները որդեգրեն Հրանտ Դինքի անունը, քանզի նրան սպանեցին Ջեմալի ժառանգները: Մեծահոգաբար հրաժարվե՛ք այդ հիմնադրամից, հանուն այն մեծ գաղափարի, որին զոհ գնաց նոր պայքարի մեր ըմբոստ զավակը…
Ամեն տարի՝ ապրիլի 24-ին միլիոնավոր հայեր գլուխ են խոնարհում միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակի առաջ, հարգենք նաեւ ողջերի խոնարհումը: Աթաթուրքի, Ջեմալի, Թալեաթի, Նազըմի,Կարաբեքիրի ու մյուս մարդակերների ժառանգները երեկ, մյուս օրը ավերեցին հայաբնակ Քեսաբը, գնդակոծեցին Դեր Զորի անապատներում կենդանի թաղված մեր սուրրբ զոհերի՝ Սրբոց նահատակաց թանգարանը, փլատակների են վերածել Հալեպի հայկական թաղամասերը...Իսկ նրանց եղբայր ազերիները կրակի տակ են պահում աշխարհի հայության սրտի՝ Հայաստանի խաղաղ գյուղերն ու սահմանները: Թող ոչ մեկը փորձ չանի խոսել հայերիս բարեկրթության մասին, երբ հայերս գրի Տիր աստված ունեինք, այդ խոսողները դեռ ծառերի վրա էին: Եվ որեւէ մեկը չէր գնա բարեկրթության այն քայլերին, ինչ արեց մեր երկրի նախագահը, այսպես կոչված՝ հայ-թուրքական հարաբերությունները շոշափելու նպատակով, ի դեպ՝ ի վնաս իր պատվի ու հեղինակության, բայց քայլ արեց, որի արդյունքում՝քծնախառը Թուրքիան պահանջում էր չեղյալ հայտարարել Սեւրի ու Ղարսի պայմանագրերը եւ հանձնել Արցախը: Ահա, Սիրելի Ռաքել, տեսնում եք որքան խորն է վերքը, ով է այն համամարդկային կավատը ,որն համբուրում է իր որդուն սպանողի որդու ձեռքը. Եվ ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ մեր հողի վրա , մեր տան մեջ Հասան օղլին վարկաբեկում է մեր անզուգական հերոսներին՝ ԱՍԱԼԱ-յի հայրենասեր տղաներին: Հեռո՛ւ պահեք ցավերով լի Հայաստան աշխարհը այդ ցեղասպան երկրի ամեն տիպի ժառանգներից, նրանք միայն իրենց երկրի էմիսարներն են, ուրիշ ոչինչ: Այլապես՝ առաջին քար նետողը միայն ես չեմ լինելու…»:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Թուրքիայի Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ` ետեւից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու՛ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա: Սպանությունն իրականացնելու կասկածանքով թրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

