«ՍԱՐԳԻՍՆ ԻՐ ՁԵՌԱԳԻՐԸ, ԻՐ ԿՆԻՔԸ ԹՈՂԵՑ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՈՒ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԿՅԱՆՔՈՒՄ» (Տեսանյութ եւ ֆոտոշարք)
Արխիվ 12-16«ՍԱՐԳԻՍՆ ԻՐ ՁԵՌԱԳԻՐԸ, ԻՐ ԿՆԻՔԸ ԹՈՂԵՑ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՈՒ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԿՅԱՆՔՈՒՄ» (Տեսանյութ եւ ֆոտոշարք)
Հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհվեց 7 զինվոր եւ մեկ սպա՝ Զորիկ Գեւորգյանը, Գոռ Գրիգորյանը, Արարատ Խանոյանը, Սարգիս Մովսիսյանը, Ազատ Ասոյանը, Խաչատուր Բադասյանը, Արամ Գրիգորյանը…
Այս չսպիացող ցավն ու միեւնույն ժամանակ հպարտության զգացումն ուղեկցելու է ամենքիս ողջ կյանքի ընթացքում, ու այս անունները դրոշմվելու են ամեն մի նոր սերնդի մեջ, քանի որ նրանց շնորհիվ է, որ այսօր խաղաղ են մեր գիշերներն ու անսասան են մեր սահմանները: Սակայն, բոլորիս պարտքն է հիշել ու անմահացնել նրանց անուն առ անուն: Հենց այս գաղափարով
տոգորված օրերս Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում բացվեց 2014 թ. օգոստոսյան դեպքերի ժամանակ ադրբեջանական կողմի դիվերսիոն հարձակումը հետ մղելիս ծանր վիրավորված եւ օգոստոսի 2-ին հոսպիտալում մահացած կրտսեր սերժանտ ՍԱՐԳԻՍ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հիշատակը հավերժացնող հուշաքար:
Խոսելով հերոս զինվորի մասին` Մայիսյան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն ԻՇԽԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ նշեց. «Սարգիսին ճանաչում եմ հենց առաջին դասարանից: Եվ նա դպրոց եկավ մի տարի շուտ, քան իր համադասարանցիներն էին, եւ դպրոցական տարիներին Սարգիսը մի բանով է
աչքի ընկել` իր աշխատասիրությամբ ու համեստությամբ: Դպրոցն ավարտելուց հետո եմ շատ տպավորվել, երբ Սարգիսը բանակից վերադարձել էր մեկ ամսով եւ եկավ դպրոց ու տեսա, թե ինչ առնական տղամարդ է դարձել»: Ապա հավելեց. «Սարգիսն իր կյանքը տվեց հանուն կյանքի։ Նրա հիշատակը միշտ վառ է մնալու բոլոր մայիսյանցիների հիշողության մեջ, եւ նաեւ մեր մնացած բոլոր ազատամարտիկների… Սարգիսն իր ձեռագիրը, իր կնիքը թողեց իր ուսուցիչների, իր ընկերների կյանքում, եւ ես գիտեմ, որ անգամ տասնյակ
տարիներ հետո նրան հիշելու են եւ դպրոցում անում ենք ամեն ինչ, որպեսզի Սարգսի օրինակով դաստիարակենք նոր սերնդին»:
Առավել մանրամասն դիտե՛ք Սարգիս Մովսիսյանի մասին պատմող ֆիլմում, իսկ մինչ այդ հիշեցնենք, որ այս նախաձեռնությունը կրում է «Կյանք՝ հանուն կյանքի» խորագիրը, որը շարունակական է լինելու: Այն իրականացնում է «Արմավիրի մարզի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն` ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ ՀԵՀ-ի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում: Ծրագրի նպատակն է խնկարկել մերօրյա հերոսների անունները` հանուն հայրենիքի կյանքը զոհած տղաների ծննդավայրում տեղադրելով նրանց հիշատակը հավերժացնող հուշաքար, ինչպես նաեւ ֆիլմեր նկարահանելով նրանց սխրանքի ու հերոսածին բնակավայրերի, ծնողների մասին։
Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

