ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ՍՊԱՌԵԼ Է ԻՐ 2 ՏԱՐՎԱ ԼԻՄԻՏԸ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ յուրաքանչյուր ոք իր պարտքն է համարում անդրադարձ կատարել այդ թեմային: Ֆիլմեր, գրքեր, երգեր ու բազմաթիվ միջոցառումներ են նախատեսվում իրականություն դառնալ 2015-ին: "Իրավունքի" հետ զրույցում ռեժիսոր ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆԸ ասաց, որ մտադրություն չունի հատուկ ֆիլմ նկարահանել այդ թեմայով, բայց եւ հավելեց, որ ռուս-հայկական համատեղ նկարահանած "Thank you Հայրիկ" ֆիլմում նուրբ անդրադարձ կա Հայոց ցեղասպանությանը.
"Դեռեւս չունեմ նման մտադրություն եւ որեւէ առաջարկ, բայց կան շատ գաղափարներ: Ցավոք, իմ այս 2 տարվա լիմիտը` ֆինանսական առումով, սպառեցի, որովհետեւ ամեն դեպքում մեր ֆիլմերը` "Thank you Հայրիկ" եւ "Մեր սրտի տնակը", դեռ նոր են թողարկվել, որոնց վրա բավականին գումար է ծախսվել: Կոնկրետ "Մեր սրտի տնակը" ֆիլմի պարագայում անձնական գումար է ծախսվել, որը պետք է ինչ-որ ձեւով հետ վերադառնա: Ցավոք, դեռեւս չունեմ պատկերացում, թե ինչ ֆիլմ կարելի է անել, եւ եթե խնդիրը մինչեւ ապրիլի 24-ն է, ապա շատ կարճ ժամանակ է մնացել: Իսկ եթե ամբողջ տարվա կամ ընդհանրապես հետագա կյանքի ընթացքում բնականաբար պետք է այդ թեմային ինչ-որ ձեւով անդրադառնալ: Թեեւ կարծում եմ, որ "Thank you Հայրիկ" ֆիլմը յուրատեսակ նուրբ անդրադարձ էր այդ թեմային: Ամեն դեպքում, ֆիլմում մենք պատմում ենք այն հայ սերնդի մասին, ով հենց եղեռնի պատճառով է աշխարհում ցրված":