ՄԻՆԱՍԻ "ՀԱՅԱՍՏԱՆ" ՈՐՄՆԱՆԿԱՐԸ ՎԹԱՐԱՅԻՆ ԷՐ, ՕՐՀԱՍԱԿԱՆ ԵՎ ՊԵՏՔ ԷՐ ՕՐ ԱՌԱՋ ՓՐԿԵԼ
Արխիվ 12-16ՄԻՆԱՍԻ "ՀԱՅԱՍՏԱՆ" ՈՐՄՆԱՆԿԱՐԸ ՎԹԱՐԱՅԻՆ ԷՐ, ՕՐՀԱՍԱԿԱՆ ԵՎ ՊԵՏՔ ԷՐ ՕՐ ԱՌԱՋ ՓՐԿԵԼ
20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի` նշանավոր գեղանկարիչ ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ "ՀԱՅԱՍՏԱՆ"-ը 12 որմնանկարներից մեկն է, որն այսօր գտնվում է Վահրամաբերդի մշակույթի տանը: Երբ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից մշակույթի պալատը փլվեց, բարեբախտաբար գոնե կանգուն մնաց այն պատը, որի վրա որմնանկարն էր:"Հայաստան" որմնանկարը կատարված է գաջի կրային սվաղի հիմքի վրա: Բնական եւ մեխանիկական ազդեցությունների հետեւանքով առկա էին որմնանկարի սվաղի շերտի տեղաշարժումներ, տարանջատված, դատարկ հատվածներ, ներկի շերտերի քայքայումներ, վնասված ու կորսված մասեր: Որմնանկարի քայքայումները եւ պահպանումը կանխելու առավել ընդունելի տարբերակը դրա ամրակայումն ու վերականգնումն էր: Որմնանկարի հետագա պահպանությունն ապահովելու եւ մշակույթի տան վերակառուցման նպատակով վերջին 20 տարիներին իրականացվել են մի շարք միջոցառումներ: 2013թվականին "Մինաս Ավետիսյան" մշակութային բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվել են որմնանկարի մաքրման, ամրակայման եւ վերականգնման աշխատանքներ, որոնք իրականացրել են հայ մասնագետները` իտալացի վերականգնող մասնագետ պրոֆեսոր Ֆաբրիցիո Յակոպինիի անմիջական ղեկավարությամբ: Ըստ նախագծա-նախահաշվային փաստաթղթերի, ամբողջական աշխատանքներն ավարտվել են:
"ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԻԳՈՒՑԵ ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ ՎՆԱՍԵՆ
ՈՐՄՆԱՆԿԱՐԸ"
"Վերականգնման աշխատանքներից գոհ եմ. պահպանվել են բոլոր չափորոշիչները, նույնիսկ վերջին ֆիգուրի դեմքը, որ ամբողջությամբ է վերականգնվել, 1 տոն ցածր գունայնությամբ է կատարվել, որ ակնհայտ լինի` դա հետո ավելացված աշխատանք է: "Հայաստան" որմնանկարի միայն "ապրելու տեղի" համար եմ անհանգիստ. կլիմայի սուր տատանումներ, խոնավություն, անվտանգության պահպանման խնդիր կա: Եվ հետո, երեխաները միգուցե անզգուշությամբ վնասեն որմնանկարը: Ի դեպ, "Հայաստանն" իմ ամենասիրելի որմնանկարն է: Ես շատ կուզեի, որ բոլոր որմնանկարները հավաքվեին Գյումրիում, երկար պատ կառուցվեր, եւ բոլորը մեկտեղված ներկայացվեին. ինձ համար այնքա՜ն դրական է գյումրեցիների վերաբերմունքն արվեստի նկատմամբ",- "Իրավունքի" հետ զրույցում նշեց "Մինաս Ավետիսյան" մշակութային բարեգործական հիմնադրամի նախագահ, Մինաս Ավետիսյանի որդի` ԱՐՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ:
ՄԻՆԱՍԸ ԳՆԱՀԱՏՎԱ՞Ծ Է ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ
"Իրավունքի" այն հարցին, թե արդյո՞ք ինչպես հարկն է` Մինասը գնահատված է մեր ժամանակներում, Արմանը նախընտրեց չպատասխանել` խնդրելով, այս հարցն այլ մարդկանց ուղղել:
"ՈՐՄՆԱՆԿԱՐԻ
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԻՆՔՆԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ՉԻ ԸՆԹԱՑԵԼ"
Իտալացի վերականգնող մասնագետների հետ որմնանկարի շուրջ աշխատել է նաեւ հայազգի վերականգնող ԱՐԵԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ գործընթացը սկսվել է դեռեւ 2012 թվականից, եւ այսօր արդեն ավարտված է. "Կատարվել են նախնական բազմաթիվ աշխատանքներ` թե՛ հետազոտական, թե՛ նախագծահաշվարկային, որոնք ապագայում օժանդակեցին վերականգնումն առավել ճշգրիտ, ամբողջական կատարելուն: Աշխատանքի ընթացքում բազմաթիվ խնդիրներ են եղել թե՛ բետոնի, թե՛ սվաղաշերտային մասի հետ կապված. որմնանկարը շատ թույլ էր, վթարային էր, օրհասական եւ պետք էր օր առաջ փրկել: Աշխատանքը կատարվեց հավուր պատշաճի: Որմնանկարի հորինվածքային, գունային եւ մնացած բոլոր մասնիկները ոչ մի ինքնագործունեությամբ չեն ընթացել, միայն մասնակի վերականգնում է կատարվել` ընդգրկելով որմնանկարի վթարային, վնասվածքային հատվածները":
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ
Ի ԴԵՊ
Մինաս Ավետիսյանի վրձնին պատկանող 12 որմնանկարներն էլ ծնվել են Շիրակի մարզում, որոնցից 2-ը երկրաշարժի ժամանակ, ցավոք, չպահպանվեցին, 6-ը այժմ էլ գտնվում են Շիրակի մարզում, 2-ը` ՀՀ կառավարության շենքում, 2-ը` օդանավակայանում: Ապրող 10 որմնանկարներից 9-ը վերականգնվել են, միայն Ազատան գյուղում գտնվող աշխատանքը ձեռք տված չէ, թեեւ դա էլ վերականգնման կարիք ունի:

