ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ, ՈՐՊԵՍԶԻ "ԱՆՀԱՐԿԻ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ ՉԼԻՆԵՆ"
Դեղերի շուկայում գների նկատելի աճ արձանագրվեց նոյեմբերի 20-ից հետո, ինչն ակնհայտորեն պայմանավորված է դոլարի եւ եվրոյի փոխարժեքների տատանմամբ: Մեզ հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված դեղերի թանկացումը, այդ մասին ասաց առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը` հավելելով.
-Իհարկե, որոշ մարդիկ դա կապում են "Առեւտրի եւ ծառայությունների մասին" օրենքի նոր խմբագրման հետ, համաձայն որի` դեղերը պարտադիր պետք է դրոշմապիտակավորվեն, սակայն ես Ձեզ վստահեցնում եմ, որ դեղերի շուկայում այսօրվա թանկացումները պայմանավորված են զուտ արտարժույթի արժեւորմամբ: Այսինքն` այս ընթացքում արտարժույթը արժեւորվել է շուրջ քսան տոկոսով, դեղագործական շուկայի մեծածախ ներմուծումներ իրականացնող ընկերությունները դեղորայքի գները թանկացրել են հինգից տասը տոկոսով: - Բոլոր դեղե՞րն են թանկացել: - Թանկացումը ազդել է շուրջ քսան տոկոս անվանացանկի վրա: Առաջին անհրաժեշտության օգտագործման դեղերը եւս կարող են հայտնվել թանկացած դեղորայքների ցանկում: Բայց դրան զուգահեռ, հնարավոր է, որ ռուսական արտադրության որոշակի դեղորայքի գներ նվազեն: - Նշեցիք, որ դեղերի թանկացումը կապված է զուտ արտարժույթի տատանման հետ, բայց նախարարությունը կոնկրետ քայլեր ձեռնարկո՞ւմ է խնդրի ուղղությամբ, որպեսզի քիչ թե շատ մեղմի իրավիճակը: - Առողջապահության նախարարը հանդիպում է ունեցել խոշոր մատակարար ընկերությունների հետ եւ հորդորել է, որ դեղերի գների անհարկի թանկացումներ չլինեն, այսինքն` ցանկացած թանկացում լինի խիստ հիմնավորված: Այս պահի դրությամբ էլ ԱՆ-ն մոնիտորինգ է իրականացնում դեղերի շուկայում, եւ եթե նախարարությունը նկատի անհարկի դեղերի գների թանկացում, ապա առողջապահության տեսչության գործառույթները կսկսենք իրականացնել: - Իսկ անհարկի բարձրացումների դեպքեր նկատվե՞լ են: - Դեռ ոչ, բայց մոնիտորինգն իրականացվում է: