ՓԱՍՏԱԲԱՆ. "ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԵՂՔԸ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ Է"
Արխիվ 12-16ՓԱՍՏԱԲԱՆ. "ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
ՄԵՂՔԸ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ Է"
Ինչպես հայտնի է, երկու երիտասարդների մահվան մեջ մեղադրվող դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով դատավարությունն ավարտված է եւ դեկտեմբերի 17-ից մտնելու է դատական վիճաբանությունների փուլ: Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ-ի հատվածում բախվել են BMW մակնիշի եւ Վազ 2121 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով վեց հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներից երկուսը` 16-ամյա Էդուարդն ու Էդգարը, մահացել են: Վարդան Պետրոսյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:Շուրջ տասը ամիս ընթացող դատավարության ընթացքում հարցաքննվել են առանցքային վկաները, ցուցմունք է տվել նաեւ ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը: Նշենք, որ սկզբնական շրջանում դատավարությանը մասնակցում էին նաեւ արտերկրից ժամանած փաստաբաններ, ովքեր պաշտպանում էին դերասանի շահերը, սակայն վերջին ամսվա ընթացքում նրանք այլեւս չէին ներկայանում նիստերին: Եվ, ըստ տարածված լուրերի, վերջիններս հասկացել են, որ դերասանը իսկապես մեղավոր է, դրա համար էլ հրաժարվեցին ներկա գտնվել դատավարության ընթացքին: Ինչեւէ, մենք փորձեցինք զրուցել տուժող կողմի` Հակոբյանների փաստաբան ՌՈՒԲԵՆ ԲԱԼՈՅԱՆԻ հետ, եւ պարզել, թե ինչպես է գնահատում դատավարության ընթացքը:
- Պարոն Բալոյան, դատավարությունն ավարտված է, ինչպե՞ս կգնահատեք անցած դատավարությունը:
- Շատ վատ եմ գնահատում դատավարության ընթացքը այն առումով, որ ինձ թույլ չտվեցին ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը ալկոհոլ օգտագործած վիճակում է մեքենան վարել, թե` ոչ: Բայց, ըստ էության, Վարդան Պետրոսյանի մեղքը հիմնավորվեց: Ե՛վ փորձագետը բացատրեց, ե՛ւ մենք մեր դիրքորոշումների մեջ բազմիցս հայտնեցինք, որ ո՛չ ուղեւորների քանակը վթարի հետ կապ ունի, ո՛չ կողային հայելիների բացակայությունը, ո՛չ էլ գազի բալոնը: Կրկնակի փորձաքննություն իրականացնելու համար 16000 հազար ստորագրություն հավաքելու նպատակն այդպես էլ չհասկացա: Ի վերջո` այդ քաղաքացիները չեն որոշելու կրկնակի փորձաքննություն նշանակվելու է, թե` ոչ: Դրա համար կա օրենքով սահմանված կարգ, թե դա ինչի համար արվեց, դա էլ մեզ համար մնաց անհասկանալի: Ամեն դեպքում դատաքննությունը օբյեկտիվ է ընթացել, եւ Վարդան Պետրոսյանի մեղքը ապացուցված է, այստեղ որեւէ թեմա այլեւս լինել չի կարող: Դատարանը պարտավոր է քննության առնել ե՛ւ մեղմացնող, ե՛ւ ծանրացնող հանգամանքները, քանի որ դատավճիռ կայացնելիս` այդ ամենը պետք է հաշվի առնվի:
- Ըստ Ձեզ, ի վերջո որքա՞ն պատիժ կսահմանի դատարանը ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի համար:
- Ես մի անգամ էլ եմ ասել ու նորից կկրկնեմ, եթե "սիրված դերասան" հանգամանքը գործի, որոշակիորեն քիչ կտան, եթե` ոչ, ապա օբյեկտիվ պատժի կարժանանա:
- Այսինքն, ըստ Ձեզ, հնարավո՞ր է "սիրված դերասան" հանգամանքը դատարանում հաշվի առնվի:
- Դե, իհարկե հնարավոր է, եթե խմածությունը ապացուցելը թույլ չեն տալիս, դա էլ կարող են հաշվի առնել, ինչ ասեմ: էլ չեմ ասում, որ դերասանի կողմի մարդիկ դատավարության ընթացքում տուժող կողմի ներկայացուցիչներին ծաղրելով, հեգնելով էին հարցեր տալիս, վիրավորում վկաներին, տուժող կողմին, բայց այդ ամենը, չգիտես ինչու, կրկին անտեսվում էր: Բայց ես այդ բոլորը հատ-հատ գրելու եմ իմ ճառի մեջ, ես դա չեմ շրջանցելու` սկսելու եմ դատավարության վերջին օրվանից մինչեւ վերջին նիստը:
- Դերասանի փաստաբանը մամուլում հաճախ է անդրադառնում, որ դատավարությունը ձեւական բնույթ է կրել, ի՞նչ կասեք այդ առումով:
- Քննիչը մի երկու մանր-մունր սխալներ թույլ է տվել, բայց դա չի նշանակում, որ մեղադրողը պաշտպանել է քննիչին: Թե՛ զննությամբ, թե՛ Շամշյանի լուսանկարներով պարզ երեւում է, որ այդ բախումը եղել է:
- Իսկ ի՞նչ կասեք կողմերի հնարավոր հաշտության մասին:
- Հաշտության թեմա չկա, այդ թեման փակված է: Թող դերասանի կողմը իր մեջ փնտրի, թե ինչու չկայացավ այդ հաշտությունը:
Մենք զրուցեցինք նաեւ տուժող կողմի հետ, մեզ հետ զրույցում Արթուր Հակոբյանը անդրադառնալով կողմերի հաշտությանը` ասաց. "Հաշտեցման մասին խոսք լինել չի կարող, իրենք դրա մասին շուտ պետք է մտածեին, ոչ թե տասներկու ամիս մեր վերքի վրա աղ լցնեին ու դատավարության վերջում ուզենային հաշտվել":
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

