ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՁԵՌՔԵՐԸ "ԱՐՅՈՒՆԻՑ ԼՎԱՆԱԼ"
"Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից լրատվամիջոցներից մեկը հետաքրքրվեց` 1996-ին կատարված բռնությունները օգնեցի՞ն իշխանությանը: Ի պատասխան` Ռուբեն Հակոբյանը, ով այդ տարիներին, ի թիվս այլ պատգամավորների, ձերբակալվել ու ահավոր դաժան ծեծի էր ենթարկվել, ասաց, որ իր համար հարցը սպասելի էր: "Իմ դիրքորոշումը չի փոխվել: Եթե իշխանությունն ու հասարակությունը դատապարտեր դա, մենք այսօր այդ օրին չէինք լինի",- ասաց պրն Հակոբյանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, որքան էլ զարմանալի թվա, անարձագանք թողեց իր գործընկերոջ մեղադրանքները` ուղղված ՀՀՇ-ի հասցեին: "Իրավունքը" պատգամավորից փորձեց պարզել, արդյո՞ք համաձայն է Ռուբեն Հակոբյանի գնահատականներին: "Հարցրեք Ռուբեն Հակոբյանին",- պատասխանից փորձեց խուսափել պատգամավորը: Երբ հարցը պնդեցինք, պատգամավորը հարցին հարցով պատասխանեց. - Ես ի՞նչ եմ եղել 1995-1996 թթ.-ին: Դուք գիտեք, ես ի՞նչ եմ աշխատել այդ ժամանակ: - Դուք ՀՀՇ-ի իշխանության տարիներին ղեկավար կազմում եք եղել: - Ոչ, ես երբեք որեւէ կուսակցության անդամ չեմ եղել: 1995-1996-ին ես եղել եմ Արդարադատության նախարարության վարչության պետ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ Հ.Գ.-Գագիկ Ջհանգիրյանին ցանկանում ենք հիշեցնել, որ չլինել կուսակցության անդամ, բայց լինել պաշտոնյա, չի նշանակում չունենալ պատասխանատվություն` այդ տարիներին կատարված իրադարձությունների համար: Այլ հարց է, որ Գագիկ Ջհանգիրյանը փորձում է սրբագրել իր անցյալը եւ ձեռքերը լվանալ 1995-1996-ին տեղի ունեցած արյունալի դեպքերից ու բռնություններից: