"ՉԳԻՏԵՄ` ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՓՈԽՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ"
Էներգետիկայի փոխնախարար ԱՐԵԳ ԳԱԼՍՏՅԱՆԻՑ լրատվամիջոցները հետաքրքրվեցին, թե ինչ է կատարվում Հայաստանի ԱԷԿ-ում, ինչու է տնօրենն ազատվել, իսկ փոխտնօրենը` ձերբակալվել: "Դե ես ավելացնելու բան չունեմ, թերթերում եմ կարդացել",- ասաց պրն Գալստյանը: "Ինչո՞ւ որեւէ պարզաբանում նախարարությունը չի ներկայացնում",- հետաքրքրվեց "Իրավունքի" լրագրողը:
"Այդ գործով զբաղվում են համապատասխան մարմինները: Խոսքը կոմերցիոն տնօրենի մասին է: Մինչեւ ուսումնասիրությունները չավարտվեն, ոչինչ չենք կարող ասել",- պատասխանեց պաշտոնյան: Էներգետիկայի փոխնախարարին լրագրողները հիշեցրին, որ ազատված տնօրենն ու ձերբակալված փոխտնօրենը, ըստ տարածված տեղեկությունների, էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանի մտերիմներն են եղել: "Նշանակված տնօրենը նախկինում եղել է գլխավոր ինժեներ: Չգիտեմ, թե ինչ կապ ունեն Արմեն Մովսիսյանի հետ",- պատասխանեց էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարարը: Մեր մյուս դիտարկմանը` եթե մամուլը չբարձրաձայներ խնդրի մասին, էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը ոչ մի հայտարարություն չէ՞ր տարածելու: "Թերթերը գրեցին, երբ արդեն հրապարակում եղավ, որ փոխտնօրենը ձերբակալվել է",- հակադարձեց նախարարության ներկայացուցիչը: Արդյո՞ք փոխնախարարը կասկած չի ունեցել, որ ատոմակայանի փոխտնօրենը չարաշահումներ է թույլ տվել. "Ես զբաղվում եմ իմ գործով, իմ ոլորտին չեն առնչվում այդ չարաշահումները",- եզրափակեց Արեգ Գալստյանը: