Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 15-ին, ժամը 14:30-ին, Մարգահովիտ գյուղից բերման էր ենթարկվել 1990 թ. ծնված Դավիթ Մ.-ն, որը դեկտեմբերի 3-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (բռնաբարություն մի խումբ անձանց կողմից):
ԽԻՍՏ "ՎԻՏԱՄԻՆԱՑՎԱԾ" ԽՆՁՈՐՆԵՐԸ
Այս դեպքում պարզ չէ, թե ով էր համագործակցել իրավապահ մարմինների հետ, սակայն հայտնի է, որ հանցագործության փորձը կանխվել էր` օպերատիվ տվյալները իրականացնելու շնորհիվ: ՀՀ ԱՆ "Նուբարաշեն" քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մի դատապարտյալի այցելության եկած կնոջ բերած հանձնուքից հայտնաբերել էին 4,7 գրամ ընդհանուր քաշով 12 հատ B 8 դաջվածքով դեղահաբ: Դրանք թաքցված էին 6 խնձորի մեջ:
"ԱՆՎՆԱՍ" ԲՈՂՈՔԸ ՓՈԽԱՐԻՆՎԵՑ "ՎՆԱՍԱՏՈՒ"-ՈՎ
"Նուբարաշեն" քրեակատարողական հիմնարկի մի կալանավորի թույլ չէին տվել բողոք ներկայացնել դատարան: Անազատության մեջ գտնվող այդ անձը հաղորդում էր այդ մասինª հավելելով, որ "ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի ձերբակալվածների պահման վայրի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք բողոք ներկայացնելը խափանելու նպատակով բռնություն են գործադրել իր նկատմամբ` հարվածելով մարմնի տարբեր մասերին": Դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 10-ին: Ներկայումս հայտնի է դարձել, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նշված հոդվածը կոչվում է "Պաշտոնեական լիազորություններն անցնելը":
ՕՊԵՐԱՏԻՎ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը, խարդախության 7 դեպքից` 6-ը: Բացահայտվել է գողության 4, յուրացման 3, կողոպուտի եւ շորթման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 11-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ա. ԱԲԳԱՐՅԱՆ