«ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ՄՏԱԾՈՒՄ` ԵՌՅԱԿ ԵՆՔ, ՔԱՌՅԱԿ ԵՆՔ, ԹԵ` ՀՆԳՅԱԿ»,- ԱՆԿԵՂԾԱՑԱՎ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ
Արխիվ 12-16«ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ՄՏԱԾՈՒՄ` ԵՌՅԱԿ ԵՆՔ, ՔԱՌՅԱԿ ԵՆՔ, ԹԵ` ՀՆԳՅԱԿ»,- ԱՆԿԵՂԾԱՑԱՎ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ
ԱԺ արտահերթ նստաշրջանին արդեն երկրորդ օրն է, ինչ բոյկոտում են ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը` շարունակելով պատճառաբանել, թե մտահոգված են երկրում տիրող իրավիճակով, մասնավորապես ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի ու մի քանի ազատամարտիկների ծեծի ենթարկվելու առնչությամբ: Իհարկե, ՀԱԿ-ի ու «Ժառանգության» դեպքում ասվածը խիստ հարաբերական է, քանի որ նիստերին մասնակցում են ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը եւ Հրանտ Բագրատյանը, իսկ «Ժառանգությունից»` Զարուհի Փոստանջյանը: Ինչեւէ, մինչ երեկ, ի վերջո, բոյկոտող խմբակցությունները կգային դահլիճ ու կքննարկեին վերոնշյալ խնդիրը, ինչի վերաբերյալ երեկ ժամը 18:30-ին հրավիրվեց արտահերթ նիստ, «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ հետ:
«ԲՈՅԿՈՏԸ» ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԻ՞ ԵՏՄ-Ի ՀԵՏ...
-Տիկին Բիշարյան, «կողմ» քվեարկելով ՀՀ ԵՏՄ անդամակցման պայմանագրին` այսօր բոյկոտում եք այն օրենսդրական փոփոխություններ ու նախագծեր, որոնք առնչվում են հենց ԵՏՄ-ին: Իսկ դրանց տապալման դեպքում, պարզապես, չի կայանա ԵՏՄ անդամակցումը: Չե՞ք կարծում, որ այս բոյկոտն առաջին հերթին ուղղված է ՀՀ ԵՏՄ անդամակցման դեմ:
- Չեմ կարծում, քանի որ մենք ոչ թե խոսում ենք արտահերթ նստաշրջանի օրակարգի բովանդակության մասին, այլ պարզապես, մենք ի սկզբանե առաջին իսկ պահից վարման կարգով ներկայացրեցինք մեր մտահոգությունը` կապված վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների հետ: Ծեծում են ազատամարտիկների, եւ չկա քաղաքական գնահատական, ծեծի է ենթարկվում մեր գործընկերը` Արամ Մանուկյանը... Այսքանից հետո, եթե գայինք ԱԺ արտահերթ նիստին, սկսեինք քննարկել նախագծերն ու օրենքները եւ որեւէ բան չխոսեինք, կնշանակեր, որ մենք մեզ դրել ենք խուլ ու համր մարդու տեղ: Իրականում կան երեւույթներ, որոնք պետք է դատապարտվեն, մենք առաջարկեցինք, որպեսզի հրավիրվի արտահերթ նիստ եւ քննարկվեն այս խնդիրները, ու Ազգային ժողովը միասնական քաղաքական գնահատական տա: Ցավոք սրտի, քաղաքական մեծամասնությունը մեզ հետ համաձայնության չեկավ, այն կետերի շուրջ, ինչ մենք նախապատրաստել էինք արդեն: Պետք է ասեմ, որ շարունակելու ենք մեր բոյկոտը` մինչեւ այս հարցի շուրջ չլինի միասնական մոտեցում: Իսկ ինչ վերաբերում է ԵՏՄ-ին, դուք լավ գիտեք, որ մեր խմբակցությունը կողմ է այդ համագործակցությանը: Ուրիշ բան է, որ այսօր քննարկում են նախագծեր, որոնք կապված են ԵՏՄ-ի համագործակցության հետ, բայց այս բոյկոտը որեւէ կապ չունի դրա հետ:
- ԱԺ նախագահի կողմից հրապարակվեց համապատասխան դատապարտող հայտարարութան նախագիծ, որին միացավ նաեւ ՀՅԴ-ն: Արդյո՞ք սա բավարար չէր, քանի որ խորհրդարանն օրենսդիր մարմին է, այլ ոչ թե իրավական:
- Խորհրդարանը բոլոր այն խմբակցություններն են, որոնք հայտնվել են ԱԺ-ում: Մեկ կամ երկու քաղաքական ուժ չէ, որ պետք է այդ հայտարարությունն աներ: Քանի որ առաջարկությունը եղել է ընդդիմադիր քաղաքական ուժերի բոլոր խմբակցությունների կողմից, որ միասնական քննարկեինք եւ միասնական մեկ հայտարարություն ներկայացնեինք ու դատապարտենք այն, ինչ տեղի է ունեցել: Այս դեպքում ցանկալի կլիներ, որ լիներ կոնսենսուս` բոլոր քաղաքական ուժերի միջեւ: «Օրինաց երկիր» կուսակցությունն ուրբաթ օրը քաղաքական խորհրդի արդյունքում տարածել էր հայտարարություն, որով խստորեն դատապարտել էր տեղի ունեցածները, եւ բոլոր քաղաքական ուժերն էլ հայտարարություններ կատարել էին, բայց քանի որ այստեղ նաեւ մեր գործընկերը` մեզանից մեկը, ծեծի է ենթարկվել, եւ նրա նկատամամբ տեղի է ունեցել հանցագործություն` բոլորս պարտավոր էինք արձագանքել: Սա մի սովորական դեպք չէ, որ, պարզապես, ասեինք-խոսեինք ու անցնեինք առաջ: Եթե անպատժելիության մթնոլորտը գնահատականի չի արժանանում, հետեւողականություն չի ցուցաբերվում, ապա դրանք ավելի պրոֆեսիոնալ, ավելի «ճոխ», անընդհատ կրկնվող են դառնում: Այս տեսանկյունից պետք է դատապարտել, գնահատական տալ, պետք է հետեւողական լինել, որ նման երեւույթ մեր երկրում նորից չկատարվի: Ի վերջո, ծեծի է ենթարկվել երկրի ընտրյալ 131 պատգամավորներից մեկը, որին, ուղղակի, ինչ-որ հանցագործ կարող է ծեծի ենթարկել, ու Ազգային ժողովը չանդրադառնա դրան: Ինչպե՞ս կարելի էր այդ ամենին մատների արանքով նայել: Եթե այդպես ենք անելու, ուրեմն` թող դեպքերը տեղի ունենան, մենք էլ հայտարարություններ անենք ու անցնենք առաջ, բայց հետո՞, չէ՞ որ դեպքերը կրկնվում են, եւ սա առաջին դեպքը չէ:
«ՄԵՆՔ ԼՍԵՑԻՆՔ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐ,
ՈՐՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է»
-Քանի որ խոսեցիք անընդհատ կրկնվող նմանատիպ դեպքերի մասին ու համապատասխան արձագանքի, հետաքրքիր է` ինչո՞ւ բոյկոտի ճանապարհով չգնացիք այն ժամանակ, երբ ՀՀ նախագահի թեկանածու Պարույր Հայրիկյանի վրա էին մահափորձ կատարել:
- Այն ժամանակ նույնպես, ինչպես բոլոր քաղաքական ուժերը, մենք դատապարտել ենք ու գնահատական տվել տեղի ունեցածին, նույնիսկ գնացել ենք հիվանդանոց: Այս դեպքում, բոյկոտելու խնդիրն ինքնանպատակ չէ: Բոյկոտը պայամանավորված էր նրանով, որ մեզ լսեն եւ արտահերթ նիստ հրավիրեն: Ես, օրինակ, գտնում էի` ճիշտ կլիներ, որ բոլորս միասին, այդ թվում քաղաքական մեծամասնությունը, քննարկեինք ու որոշում կայացնեինք, ինչը բոլորիս սրտով կլիներ եւ, իսկապես, մեղադրանքներին կվերաբերեր: Բայց այս դեպքում քաղաքական ուժերն ունեն իրենց տեսակետներն ու դիրքորոշումները:
-Չե՞ք կարծում, որ մի փոքր ուռճացվում է իրավիճակը, քանի որ նույն ազատամարտիկները, որոնց անունները շրջանառվում են, թե ծեծի են ենթարկվել, բողոք չեն ներկայացրել ոստիկանություն:
- Ազատամարտիկներից մեկը հայատարարել է, որ իրեն ասել են` երկիրդ լքիր... Եթե այս հայտարարությունը ճշմարտություն է, իհարկե, չեմ ուզում կասկածի տակ դնել, սա նշանակում է, որ կա հետապնդում: Այսինքն` կան գործողություններ, որոնք չեն դադարել: Նշանակում է` ճիշտ ենք, որ այս հարցը բարձրացրել ենք, որին պետք է լրջագույն մոտեցում ցուցաբերվի: Ի՞նչ է նշանակում` չեն բողոքում: Մենք շատ լավ գիտենք, որ չեն բողոքում, դա ինչի նշան է: Իսկ ինչո՞ւ չեն բողոքում, չէ՞ որ միտինգ արեցին: Մենք լսեցինք փոխադարձ հայհոյանքներ, որն անընդունելի է: Դա պայքարի տարբերակ չէ, չի՛ կարելի թե՛ իշխանության ներկայացուցչին, պետական պաշտոնյային, եւ թե՛ ազատամարտիկներին վիրավորանքից դրդված` փոխադարձ հայհոյանքներ տալ: Եվ, այո՛, պետք է այնպես անել, որ նման դեպքերը չշարունակվեն: Մենք կարող ենք հիշել, օրինակ, «տեցի կրուգի» կռիվները, կամ տարբեր ժամանակներում տեղի ունեցած այլ դեպքեր: Բայց մենք այսօր ինչո՞վ ենք տարբերվում այն ժամանակներից: Պետք է այնպես ապրենք, որ դինամիկան ցույց տա, որ մեզ մոտ այդ «բեսպրեդելը» չկա: Ցավոք սրտի, ժամանակ առ ժամանակ «բեսպրեդելը» գլուխ է բարձրացնում, եւ նորից երկրում տեղի են ունենում նման դեպքեր: Պարզապես, պետք է քաղաքակիրթ մոտեցում լինի: Թվում է, որ նման դեպքերը քչացել են կամ մեղմվել, բայց մեկ էլ տեսար սկսում են նման գործընթացները կրկնվել: Ի՞նչ է, վախի մթնոլորտ ստեղծելու համա՞ր են անում, թե՞ սա անխելքություն է կամ հիմարություն, իսկ միգուցե մտածվա՞ծ են անում: Մենք գաղափարական կռիվ տվող կուսակցություն ենք, մեզ բռնցքամարտիկի մոտեցումներ պետք չէ, քանի որ մշտապես կողմնակից ենք եղել խաղաղ, գաղափարական պայքարի:
- Ի վերջո, հնարավո՞ր է, որ ՕԵԿ-ը միանա ոչ իշխանական «եռյակին», եւ խորհրդարանում ձեւավորվի նոր «քառյակ», քանի որ վերջին շրջանում Ձեր տեսակետները լիովին համընկնում են:
- Այդ քաղաքական միավորումներն ինձ համար այս պահին երրորդական խնդիրն են, որովհետեւ կարեւորը գաղափարն է, ինչի մասին խոսեցինք: Ինչ-որ «եռյակ», «քառյակ», «հնգյակ» կազմելը երրորդական խնդիր է: Ընդհանրապես, այդ ամենը ոչ թե պետք է ինքնանպատակ դառնա, այլ պետք է հասկանալ, թե ինչու 4 քաղաքական ուժերի մոտեցումները համընկան: Լինում են հարցեր, երբ 6 քաղաքական ուժ նույն տեսակետն են ունենում: Նույն ԵՏՄ-ի հետ կապված, բացառությամբ «Ժառանգության», բոլոր խմբակցությունները «կողմ» քվեարկեցին: Այսինքն` սկզբունքորեն մեր տեսակետները համընկան: Այս տեսանկյունից ՕԵԿ-ը կաշկանդված չէ, եւ մենք երբեք չենք մտածում` «եռյակ» ենք, «քառյակ» ենք, թե «հնգյակ»: Մենք ունենք մեր քաղաքական ճանապարհը` 18 տարվա կենսագրություն ունեցող կուսակցություն լինելով` փորձառու ենք մեր մոտեցումների մեջ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

