Խորհրդարանը երեկ գումարեց ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի օրակարգում ընդգրկված էր ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ներկայացրած ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: Վերոնշյալ քաղաքական ուժերի նախաձեռնությունը երկօրյա "արձակուրդից" հետո դահլիճ բերեց բոյկոտող խմբակցություններին` ՀԱԿ-ին, "Ժառանգությանը", ՕԵԿ-ին ու ԲՀԿ-ին:
Բայց, արի ու տես, որ իր թվով երկրորդ խորհրդարանական խմբակցությունը` "Բարգավաճ Հայաստանը", ներկայացել էր երկու հոգով` Նաիրա Զոհրաբյանն ու Վահան Բաբայանը: Ստացվում է, որ ԲՀԿ-ում բացակայությունները պայմանավորված էր ոչ թե բողոք-բոյկոտով, թե դատապարտող հայտարարություն է պետք ընդունել մի քանի ազատամարտիկների եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ, այլ պարզապես ԲՀԿ-ական պատգամավորները հոգնել են ու վաղաժամ անցել ձմեռային արձակուրդի: