Երեկ ԱԺ-ում տեղի ունեցավ արդեն նոր "քառյակի"` ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի, "Ժառանգության" համատեղ ասուլիսը, որը վերաբերում է վերջին շրջանում ազատամարտիկների ու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հետ եղած միջադեպերին: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը Արամ Մանուկյանի վրա հարձակումը համարեց արտառոց: "Իրավունքը" ՀԱԿ պատգամավորից հետաքրքրվեց, թե ինչու է պատգամավորի վրա հարձակումն արտառոց համարում, քանի որ դա եղել է խորհրդարանի պատերից դո՞ւրս: "Վկայակոչեք խորհրդարանի պատերից դուրս տեղի ունեցած նման դեպք",- հարցին հարցով պատասխանեց պատգամավորը:
Հիշեցրինք` 2003 փետրվարի 4-ին նախագահական ընտրություններից առաջ դանակահարեցին պատգամավոր Հայկ Բաբուխանյանին: "Չեմ հիշում",- ինքնամոռաց ասաց նախկին զինդատախազը, ապա արագ-արագ հավելեց. "Էլի արտառոց է": - Բա ինչո՞ւ այն ժամանակ չդատապարտեցիք կատարվածը: - Ես 2003 թ.-ին զինվորական դատախազ էի եւ չէի կարող: Մերսի… Իհարկե, չէիք կարող դատապարտել, պրն Ջհանգիրյան, քանի որ բռնության մասին հիշում եք այն ժամանակ, երբ դա բումերանգի նման անդրադառնում է ձեր խմբակցությանը կամ յուրայիններից մեկին: Իսկ զինդատախազի պաշտոնը ձեզ համար չափազանց արժեքավոր էր, որը ձեզ, չգիտես ինչու, մոռացության է տվել ՀՀՇ-ական տարիները եւ ՀՀՇ-ին սպասարկելը: Եթե այդ տարիներին զինդատախազ էիք, դա հենց ՀՀՇ-ի շնորհքն էր, ու այն ինչ Դուք իրականացնում էիք "գեղեցիկ" կերպով ու ձեր "թեթեւ" ձեռքով, դա հանրությունը հաստատ չի մոռանա: