ԹԵ ԻՆՉՈՒ ԲՀԿ-Ն, ՀԱԿ-Ն ՈՒ ՕԵԿ-Ը ԲՈՅԿՈՏԵՑԻՆ ԵՏՄ-Ի ՀԱՐՑԸ
Արխիվ 12-16ԹԵ ԻՆՉՈՒ ԲՀԿ-Ն, ՀԱԿ-Ն ՈՒ ՕԵԿ-Ը ԲՈՅԿՈՏԵՑԻՆ ԵՏՄ-Ի ՀԱՐՑԸ
ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը շարունակում են իրենց աբսուրդային ու անկապ բոյկոտը, փորձելով տապալել Ազգային ժողովի աշխատանքները: Ու մինչ ՀՀ քաղաքացիները փորձում են կռահել, թե հատկապես ինչ է բոյկոտողների ուզածը, վերլուծաբանները ուշադրություն են դարձնում այն փաստի վրա, որ ընթացող արտահերթ նստաշրջանի օրակարգում են մի շարք կարեւորագույն օրենքներ, որոնք կապված են Հայաստանի Եվրասիական տնտեսական միության մեջ անդամագրվելու հետ: Առանց այդ օրենքների ընդունման Հայաստանի անդամագրությունը ԵՏՄ-ին կլինի անհնար:
Խոսքը օրինակ "Մաքսային կարգավորման մասին", "ՀՀ եւ ԵՏՄ անդամ երկրների միջեւ անուղղակի հարկերի, հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին" եւ մի շարք այլ օրենքների մասին է: Ըստ դիտորդների, հենց այս օրենքների տապալումն էր վերոհիշյալ բոյկոտող նորացված "եռյակի" նպատակը:
Այն, որ նորացված "եռյակում" "Ժառանգության" տեղը գրավեց ՕԵԿ-ը, նույնպես սպասելի էր, քանի որ վերջինս իր կաշվից դուրս էր գալիս ապացուցելու, թե նա այլեւս ոչ թե "ախքիկական" կազմակերպություն է, այլ ճշմարիտ ընդդիմություն: Հասկանալի է նաեւ, որ ՕԵԿ-ը շատ հեշտությամբ ներգրավվեց ԵՏՄ-ի հարցի շուրջ երկակի խաղերի մեջ: Կողմ քվեարկելով բուն ԵՏՄ-ի պայմանագրին, Արթուր Բաղդասարյանը ցույց տվեց Կրեմլին, որ իր նվիրյալն է, սակայն հորինված պատճառաբանությամբ բոյկոտելով ԵՏՄ անդամակցության համար անհրաժեշտ օրենքների քվեարկությունը, սիրաշահեց իր արեւմտյան, վաղեմի հովանավորների սրտերը: Ոչ ոք չի մոռացել Ա. Բաղդասարյանի կրքոտ ելույթները Կիեւի մայդանում, եւ դրան հետեւած ֆրանսիական մեդալները` իր եւ իր թիմակիցների համար:
Սպասելի էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ախառը թիմի երկակի խաղը ԵՏՄ-ի հարցի շուրջ: Մինչեւ ուղն ու ծուծը արեւմտամետ Տեր-Պետրոսյանը իր ծայրահեղ լիբերալների հետ միասին նույնպես չէր կարող ամբողջությամբ դուրս գալ իր արեւմտյան շեֆերի վերահսկողությունից, սակայն գնալ ուղղակի Մոսկվայի դեմ, այն դեպքում, որ ինքն էլ էր հասկանում ՀՀ-ի ԵՏՄ մտնելու անխուսափելիությունը, ծեր աղվեսը չէր ցանկանում:
Սակայն ինչ էլ ասեն ՀՀՇ-ականները կամ Արթուր Բաղդասարյանը, ինչ երդումներ եւ քաղաքագիտական վերլուծություններ անեն, բոլորն էլ գիտեն, որ նրանց պորտը կտրած է Արեւմուտքում: Այս պարագայում այլ հարց է ԲՀԿ-ն: Ընդամենը երկու-երեք տարի առաջ ԲՀԿ-ն համարվում էր Հայաստանի ամենառուսամետ խորհրդարանական ուժը: Սակայն վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ԲՀԿ-ն նույնպես երկակի խաղերի մեջ է եւ նպատակ ունի ոչ թե ապահովել Հայաստանի զարգացումը, հիմնվելով Ռուսաստանի հետ դաշինքի վրա, այլ ԲՀԿ-ի նպատակը շատ ավելի պարզունակ է` հասնել իշխանության ու պահպանել սեփական հսկայական կարողությունները անկախ նրանից, թե ում հետ է լինելու Հայաստանը, որ համակարգում եւ ինչպիսի ապագայով: Համենայն դեպս, հոկտեմբերի 10-ին Մոսկվայում` Հայաստանի ԵՏՄ-ի մեջ մտնելու պայմանագրի ստորագրման օրը, բազմամարդ հանրահավաք անցկացնելը եւ այդ հանրահավաքում Րաֆֆիի բերանով ԵՏՄ-ին հայհոյելը առաջին լուրջ նշանն էր, որ ԲՀԿ-ի նպատակները հեռու են ռուսամետությունից: Այնուհետեւ այն փաստը, որ դեկտեմբերի 3-ին ԵՏՄ պայմանագրին Հայաստանին միանալու քվեարկության ժամանակ ԲՀԿ-ի պատգամավորների գրեթե կեսը, այդ թվում ամբողջ ղեկավար կազմը, չմասնակցեց քվեարկությանը, ակնհայտորեն ցուցադրեց, որ ԲՀԿ-ն նույնպես երկակի խաղերի մեջ է: Իսկ այսօր մտացածին պատրվակով ԵՏՄ-ին առնչվող օրենքների քվեարկությունը ամբողջ կազմով բոյկոտելը ոչ այլ ինչ է, քան ուղղակի հակառուսական քաղաքական գծի ակնհայտ դրսեւորում:
Թե ինչու ԲՀԿ-ի մոտեցումները վերջին երկու տարվա մեջ ունեցան այսպիսի կտրուկ փոփոխություն, կարելի է միայն ենթադրել, սակայն ամենահավանական տարբերակն այն է, որ ԲՀԿ-ն Մոսկվայում չստացավ այն սպասված աջակցությունը, որն ակնկալում էր ունենալ իշխանափոխության ծրագիր իրականացնելու համար: Դրա արդյունքում ԲՀԿ-ն մի կողմից ժամանակավորապես հրաժարվեց իշխանափոխությունից, սակայն նաեւ ցուցադրաբար Մոսկվային ներկայացրեց իր քաղաքական կուրսի փոփոխությունը: Այլ բան է, որ այդ կուրսի փոփոխությունը որեւէ կերպ չազդեց ԱԺ աշխատանքի արդյունքների վրա: ԱԺ-ն 70 կողմ եւ 5 դեմ ձայներով ընդունեց ԵՏՄ-ին միանալու համար պարտադիր կարեւորագույն օրենքները:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

