ԱԺ նախագահ. ընդդիմախոսների մոտ ցեյտնոտային տրամադրություն է
Արխիվ 12-16ԱԺ նախագահ. ընդդիմախոսների մոտ ցեյտնոտային տրամադրություն է

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն պատրաստ է դրամի արժեզրկման և գնաճի հարցով եռյակի և ՕԵԿ-ի առաջարկած արտահերթ նիստին քվե ապահովել՝ նշեց, թե ցանկացած հարց կարելի է քննարկել, բայց առանց քաղաքական շահարկումների:
«Քաղաքական թիմը պետք է որոշի, բայց գործողություններն անհիմն եմ համարում: Եթե նման խնդիր կա ցանկացած հանձնաժողով կարող է լսում կազմակերպել և եթե դրանից հետո անհրաժեշտություն լինի, կարելի է հանդես գալ օրենսդրության առաջարկությամբ»,- ասաց ԱԺ նախագահը:
Գալուստ Սահակյանը ընդգծեց, որ դոլարի արժևորումը և դրա հետևանքները ոչ միայն Հայաստանի, այլ ցանկացած երկրի տնտեսության վրա բացասական ազդեցություն է թողնում:
Բռնությունների վերաբերյալ միասնական հայտարարություն անելու հարցին Աժ նախագահն պատասխանեց, որ կողմնակից է հայտարարությանը, բայց կարծում է, որ արդեն ժամանակավրեպ է:
«Մինչև արտահերթ նիստը որևէ ընդդիմադիր պատգամավոր չեկավ, որևէ գործունեություն ԱԺ-ում չծավալվեց, պարզապես նրանք փորձում են միտինգային տրամադրությունները տեղափոխել ԱԺ»,- նշեց նա:
Ըստ ԱԺ նախագահի՝ ընդդիմախոսների մոտ ցեյտնոտային տրամադրություն է. «Ակնհայտ է որ ընդդիմության վարվելաձևը բոյկոտ չէր, քանի որ ԱԺ-ում բոյկոտի խնդիր է առաջանում օրենսդրական նախաձեռնությունների առումով: Ես դա համարում եմ ԱԺ-ի աշխատանքը ձախողելու փորձ, որը չստացվեց»:

