ՄԻՆՉ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՇՈՒՆՉ ԿՔԱՇԻ, ՔՆՆԱԴԱՏՆԵՐՆ ԱՅԼ ՄԵՂԱՎՈՐՆԵՐ ԿՓՆՏՐԵՆ
Արխիվ 12-16ՄԻՆՉ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՇՈՒՆՉ ԿՔԱՇԻ,
ՔՆՆԱԴԱՏՆԵՐՆ ԱՅԼ ՄԵՂԱՎՈՐՆԵՐ ԿՓՆՏՐԵՆ
Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի "Բորուսիայի" կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բեռլինի "Հերտայի" դեմ Բունդեսլիգայի 15-րդ տուրի շրջանակներում կայացած խաղում կրկին վնասվածք ստացավ, ինչի հետ կապված` իր ֆեյսբուքյան էջում կատարել էր հետեւյալ գրառումը. "Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ ջերմ բարեմաղթանքների համար: Հուսով եմ` վնասվածքից հետո կվերադառնամ ավելի ուժեղ: Վստահ եմ, որ 2015 թվականը հաջող տարի է լինելու մեր ակումբի համար: Կանեմ ինձանից կախված ամեն բան, որպեսզի երջանկացնեմ ձեզանից յուրաքանչյուրին":
Այսպիսով` Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով խաղադաշտից կբացակայի 6 շաբաթ: Չնայած` վերջին շրջանում հայ ֆուտբոլիստի անվան շուրջ այնպիսի քննադատական ալիք էր բարձրացել, որ այս վնասվածքը շունչ քաշելու հնարավորություն է, հատկապես, որ որեւէ լուրջ բան չկա:
Ֆուտբոլային քննադատներն էլ թեեւ շատ ժամանակ չունեն իրենց տրամադրության տակ, բայց Մխիթարյանի բացակայությամբ կարող են փորձել թիմի անհաջողությունների մեկ այլ մեղավոր գտնել: Ճիշտ ժամանակն էր, որ Մխիթարյանը այդ ճնշող հայացքների տեսադաշտից մի պահ անհետանար, այլապես մշտական ճնշումը խաղադաշտում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել հայ ֆուտբոլիստի մոտ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է Մխիթարյանի մեկնաբանությունը վնասվածքի մասին. "Առաջին խաղակեսի միջնամասում ցավեր զգացի եւ փոխարինում խնդրեցի: Բլաշչիկովսկին արդեն պատրաստվում էր դուրս գալ փոխարինման, բայց այդ պահին մենք վտանգավոր պահ ստեղծեցինք մրցակցի դարպասի մոտ: Ես հարվածեցի գնդակին, որից հետո զգացի, որ ցավն ավելի ուժեղացավ, եւ այլեւս չկարողացա շարունակել հանդիպումը: Բուժզննումը ցույց տվեց, որ աջ ոտքիս ազդրի մկանի կտրվածք կա: Բժիշկների կարծիքովª ապաքինման համար կպահանջվի 6 շաբաթ: Հուսով եմ, որ վերականգնումս արագ կընթանա, եւ մոտ ապագայում կկարողանամ ամբողջովին ներդնել ուժերս` ինչպես իմ ակումբի, այնպես էլ ազգային հավաքականի խաղերում":
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

