«ՀՈՒՅՍ ՈՒՆԵԻ, ՈՐ 7 ՏԱՐԻ ԱՆՑ ՄԻ ՓՈՂՈՑ ԿԱՄ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ ԿԱՆՎԱՆԱԿՈՉՎԵՐ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ»
Արխիվ 12-16«ՀՈՒՅՍ ՈՒՆԵԻ, ՈՐ 7 ՏԱՐԻ ԱՆՑ ՄԻ ՓՈՂՈՑ ԿԱՄ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ ԿԱՆՎԱՆԱԿՈՉՎԵՐ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ»
Դեկտեմբերի 14-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ամփոփվեց Գոհար Գասպարյանի անվան Մեներգիչների (դասական երգեցողություն) հանրապետական 6-րդ մրցույթի արդյունքները: Նշենք, որ այս տարի մրցույթը նվիրված էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Երեւանի պատվավոր քաղաքացի կամ պարզապես Հայաստանի սոխակ` ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ծննդյան 90-ամյակին:
«ՆԱ ՄՆԱՑ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ՈՒ ԱՊՐԵՑ Ե՛Վ ԼԱՎ, Ե՛Վ ԴԺՎԱՐԻՆ ՏԱՐԻՆԵՐ»
Մրցույթի Գալա համերգին եւ Գ. Գասպարյանի 90-ամյա հոբելյանին նվիրված երեկոյին ներկա էր նաեւ Հայաստանի սոխակի դուստրը` ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, ով չափազանց հուզված էր ու արցունքները հազիվ խեղդելով` նախ շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, հանձինս ՀՀ մշակույթի նախարարությանը, ապա նշեց.
«Ուզում եմ շնորհավորել Գոհար Գասպարյանի անվան մրցույթի մասնակիցներին, նրանք արդեն դուրս են եկել ասպարեզ եւ, իհարկե, կունենան շատ դժվարություններ, բայց հուսով եմ, որ կհաղթահարեն եւ հաջողությունների կհասնեն: Շատ խոսքեր ասվեցին այսօր Գոհար Գասպարյանի մասին, բայց ուզում եմ ինքս էլ ավելացնեմ երկու խոսք. բոլորս գիտենք Գոհար Գասպարյանի մեծ հայրենասեր լինելը եւ իր սերը հայրենիքի, հայ ժողովրդի նկատմամբ: Նա չթողնելով հայրենիքը` հրաժարվեց բարեկեցիկ կյանքով ապրելու զանազան արտասահմանյան երկրների առաջարկներից, որտեղից իրեն հրավիրում էին աշխատելու: Նա մնաց իր ժողովրդի հետ ու ապրեց ե՛ւ լավ, ե՛ւ դժվարին տարիներ: Հայ
ժողովրդի հետ մնալով, Գոհար Գասպարյանը, իրոք, դարձավ հայ ժողովրդի արժանավոր դուստրը: Ուզում եմ նաեւ հիշել երջանկահիշատակ Տիգրան Լեւոնյանին (հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին լրացավ նաեւ Գ. Գասպարյանի ամուսնու` Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տ. Լեւոնյանի ծննդյան 78-ամյակը- Հ. Ս.), ով մեծ լումա ունեցավ օպերային արվեստը զարգացնելու գործում Հայաստանում եւ այն ծանոթացրեց տարբեր երկրներին, ովքեր չէին տեսել հայկական օպերա ու ոչ մի գաղափար չունեին այդ մասին: Նրա շնորհիվ գրեթե ամեն տարի Հայաստանի դժվարին, մութ տարիներին օպերայի խումբը մեկնում էր Եվրոպա եւ ցուցադրում հայ արվեստը»: Կրկին անդրադառնալով մայրիկին` տիկին Սեդան հավելեց. «Ուզում եմ, որ ժողովուրդը չմոռանա եւ հուսով եմ ու վստահ, որ դեռ շատ առիթներ կունենանք այս դահլիճում, որը Գոհար Գասպարյանի մոտավորապես 50 տարիների բեմահարթակն է եղել, հիշելու, լսելու եւ ըմբոշխնելու Գոհար Գասպարյանի հրաշալի ձայնը»:
«ՎՍՏԱՀ ՉԵՄ, ՈՐ ԵՐԲԵՎԷ ՄԵԿՆՈՒՄԵԿԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ
ՀԱՎԱՍԱՐՎԵԼ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ»
«Իրավունքը» միջոցառման ավարտին զրուցեց Սեդա Գասպարյանի հետ, ով մեզ հետ կիսվեց տպավորություններով ու դեռեւս Գ. Գասպարյանի հիշատակի առաջ մեր ազգի ունեցած պարտքի մասին:
- Տիկին Սեդա, ըստ Ձեզ, Ձեր լուսահոգի մայրիկը ներկա լինելով այստեղ` դահլիճում, ի՞նչ կասեր հիմա:
- Մայրիկս կհիանար, որ իր անունով մրցույթ գոյություն ունի եւ ինձ թվում է` դեռ շատ բան կսովորեցներ այս երգիչներին:
- Մրցույթում առաջին մրցանակային տեղ ոչ մեկի չշնորհվեց, արդյո՞ք սա նշանակում է, որ գոհարգասպարյաններ այլեւս չեն ծնվում:
- Գոհար Գասպարյանին նույնիսկ առաջին տեղ գրավողը չի կարող գերազանցել, դա բացառվում է: Եվ վստահ չեմ, որ երբեւէ մեկնումեկը կկարողանա հավասարվել Գոհար Գասպարյանին: Սա ոչ թե իմ` Գ. Գասպարյանի դստեր, այլ ինձ թվում է` ամբողջ ունկնդիրների կարծիքն է:
ՀԱՅՈՑ ՍՈԽԱԿԻ ՀՈՒՇ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԿԱՄ ԱՐՁԱՆ ԿԱՆԳՆԵՑՆԵԼԸ` ՈՐՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՀԱՆՋ
-«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը բարձրացրեց Գոհար Գասպարյանի արձանը Երեւանում կանգնեցնելու հարցը: Այս ուղղությամբ որեւէ քայլ կատարվո՞ւմ է, եւ արդյո՞ք սա ժամանակի պահանջը չէ` մեծանուն երգչուհու վաստակը արժանվույնս գնահատելու համար:
- Դա մեծ անհրաժեշտություն է, բայց արձան կանգնեցնելու մասին առհասարակ ոչ մի խոսք չի եղել: Ինչ վերաբերում է մի հուշ թանգարանի, որի համար ես բազմաթիվ անգամ դիմել եմ տարբեր պետական մարմինների, ընդհուպ մինչեւ ՀՀ նախագահի աշխատակազմ, դեռ ոչ մի արձագանք չկա: Բայց հուսով եմ, որ օրերից մի օր կլինի, որովհետեւ շատ նյութեր ունեմ, որն ուզում եմ նվիրատվության ձեւով պարգեւել Հայաստանին: Ափսոս կլինի, եթե այդ նյութերը մնան միայն ընտանիքում, Գ. Գասպարյանի մահից անցել է ավելի քան 7 տարի, եւ հույս ունեի, որ 7 տարի անց մի փողոց կամ գոնե մի երաժշտական դպրոց կանվանակոչվեր Գոհար Գասպարյանի անունով, տակավին ոչինչ չկա: Բայց էլի հուսով եմ…
- Այսօր ծափեր ու երախտիքի խոսքեր հնչեցին Գ. Գասպարյանի պատվին, բայց գիտենք նաեւ, որ կենդանության օրոք շատ դժվարին օրեր է անցկացրել Հայաստանի սոխակը` իր ընտանիքի հետ միասին:
- Այո, բայց նա շատ համակերպվող կին էր առհասարակ` պահանջներ չունեցող եւ խնդիրներին շատ հանգիստ մոտեցող: Նա մեծ հույսեր ուներ, որ հեղաշրջումից հետո կփոխվի երկրի կարգավիճակը… Չեմ կարծում, որ Գոհար Գասպարյանը շատ վշտացած էր: Գուցե շատ գոհ չէր ամեն ինչից, համենայնդեպս, ինքը զուսպ կին էր, երեւի թե ներսում կուտակվածը չէր էլ արտահայտում:
- Իսկ Գոհար Գասպարյանի սերունդներից որեւէ մեկը գնա՞ց երգի ճանապարհով:
- Այսօր երեխաների երգչախմբի մեջ իմ աղջիկ թոռնիկն է երգում: Նա վոկալի է գնում եւ հույս ունենք` մի բան կստացվի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

