"ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ԴԵՌ ՄԵԿ ՇԱԲԱԹ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ"
Արխիվ 12-16"ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ԴԵՌ ՄԵԿ ՇԱԲԱԹ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ"
"Իրավունքի" զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ֆինանսատնտեսկան հանձնաժողովի անդամ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, ում հետ զրուցեցինք Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության, դոլարի կտրուկ արժեւորման եւ գյումրեցիների խնդիրների լուծման մասին:-Պարոն Ավետիսյան, օրերս ակտիվ շրջանառության մեջ դրվեցին խոսակցություններ` այն մասին, որ Ղազախստանը հնարավոր է` մինչեւ գալիք տարվա սկիզբ չվավերացնի Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրն ու մեր երկիրը նախատեսված ժամկետում չդառնա ԵՏՄ անդամ: Ի՞նչ կասեք այդ առումով, նման մտավախություն իրո՞ք կա:
- Ֆորսմաժորային իրավիճակ չի լինի, որովհետեւ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը եղել է նախագահների մակարդակով պայմանավորվածություն, փաստաթղթի ստորագրում, որից հետո սկիզբ է դրվել չորս պետություններում վավերացման գործընթացին: Հիմա մեզ մոտ եւ ՌԴ-ում ավարտվել է այդ գործընթացը, եւ կարծես թե խնդիր չկա ո՛չ Ղազախստանի եւ ո՛չ է Բելառուսի կողմից: Ըստ իմ ունեցած տեղեկությանª երկու պետություններն էլ հավաստել են, որ մինչեւ տարեվերջ այդ փաստաթուղթը կվավերցնեն: Այնպես որ, հունվարի մեկից ԵՏՄ-ն, որպես այդպիսին, կսկսի աշխատել:
- Դրամի արժեզրկումը օր օրի մեծ չափերի է հասնում, որն էլ նպաստում է գնաճին: Ի՞նչ ելք եք տեսնում այս ամենից, ինչո՞ւ ԿԲ-ն ավելի կտրուկ քայլերի չի դիմում, որպեսզի կարողանա մեղմել դրամի արժեզրկումը:
- Նման ցանկացած իրավիճակում ԿԲ-ի կտրուկ միջամտելը սխալ կլինի, առավելեւս, որ խնդիրը ոչ միայն Հայաստանում է, այլեւ ՌԴ-ում նույնպես ռուբլին գահավիժում է: ԿԲ-ն սկսել է վերջին օերին օրական վեց միլիոն դոլար շուկա մտցնել, որպեսզի այդ խնդիրը շատ կտրուկ չարտահայտվի: Մեզ մոտ միշտ էլ տարեվերջին եղել են դրամի որոշակի արժեզրկում եւ գների թանկացում: Բայց այս տարի դա պայմանավորված է նաեւ ԱՄՆ-ի եւ Եվրոպական միության կողմից ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներով եւ նավթի գնի անահամաչափ անկումով: Այդ խնդիրն ամբողջ աշխարհում է այսօր առաջացել, եւ Հայաստանը չէր կարող անմասն մնալ այդ ամենից:
Կարծում եմ, որ դեռ մեկ շաբաթ փոխարժեքի տատանումներ կլինեն, դրանից հետո որոշակի կայուն վիճակ կստեղծվի:
- Պարոն Ավետիսյան, քանի որ Դուք եւս գյումրեցի եք, հետաքրքիր է, կիսո՞ւմ եք Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի այն տեսակետը, որ աղետի գոտու համար տրամադրված գումարները թալանվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի օրոք:
- Այսպես ասեմ, Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք աղետի գոտում` հատկապես բնակարանաշինությանը ուշադրություն չդարձվեց: Միայն 1996-1997թթ. հետո սկսվեցին Համաշխարհային բանկի վարկային ծրագրով շինարարությունը: Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ շատ մեծ վարկեր են վերցվել աղետի գոտու տնտեսության վերականգման համար, բայց այդ վարկերը փոշիացվել են, այսինքնª նպատակին չեն ծառայեցվել: Վարկեր վերցվել է Համաշխարհային բանկի համաձայնագրերով, ըստ որի որ պետք է ստեղծվեր իքս թվով աշխատեղ, բայց դե ֆակտո այդ բոլոր փողերը վերցվել են, ձեռնարկություների մի մասը կառուցվել, մի մասըª չէ: Եվ արդյունքումª այդ ձեռնարկությունները որպես այդպիսիք չկան եւ ոչ մի աշխատատեղ չկա: Ես արձանագրեցի փաստերը, իսկ թե այսքանից հետո ով ինչպես կընկալի` փողերը կերել են, թե ոչ, թողնում եմ ընթերցողին:
- Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` այսօր Գյումրիում 46 տոկոս աղքատություն է: Գոնե ինչ-որ բան արվո՞ւմ է այս վիճակը մեղմելու ուղղությամբ:
- Միակ ճանապարհը աշխատեղեր ստեղծելն է, այլ տարբերակ չկա, հնարավոր չէ անընդհատ սոցիալական վճարներով, տարբեր օգնություններով այդ խնդիրը լուծել: Աղքատության տեմպերը նվազեցնելու համար պետք է աշխատեղեր ստեղծել, որը, ցավոք, այսօր դժվար է: Գյումրին նախկինում նյութատար տնտեսություն է ունեցել, մասնավորապեսª թեթեւ ու խոշոր արդյունաբերություն, եւ հիմա այդ ամենը չկա: Հիմա Գյումրիում թեթեւ արդյունաբերության երկու-երեք մասնավոր ձեռնարկություններ են գործում, որտեղ քիչ թե շատ աշխատատեղեր են ստեղծվել, նաեւ տեխնոպարկը որոշ ազդեցություն կունենա քաղաքում աշխատատեղեր ստեղծելու վրա: Իսկ կառավարությունից ակնկալում ենք նաեւ առաջիկայում լրացուցիչ արտոնությունների համակարգ: Հուսով ենք նաեւ, որ Գյումրու զարգացմանը կխթանի ԵՏՄ-ն, քանի որ հատկապես Գյումրին միշտ կապ է ունեցել ռուսական շուկայի հետ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

