«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՈՎ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԷՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻՆ, ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՍԿՍԵՑ ՀԱՍԿԱՆԱԼ ԴՐԱ ՆՊԱՏԱԿԸ»
Արխիվ 12-16«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՈՎ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԷՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻՆ, ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՍԿՍԵՑ ՀԱՍԿԱՆԱԼ ԴՐԱ ՆՊԱՏԱԿԸ»
Երեկ ԱԺ արտահերթ նստաշրջանը մեկնարկեց ընդդիմադիր ուժերի բոյկոտով, ըստ երեւույթին, խիստ մռայլ եղանակին օպոզիցիոն պատգամավորները, պարզապես, տրամադրված չէին աշխատելու, իսկ «առիթը» ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի ու մի քանի ազատամարտիկների հետ տեղի ունեցածն էր: Ինչեւէ, նրանց հերթական կազմակերպած ծրագիրն այդպես էլ չիրականացավ, քանի որ ԱԺ բնականոն աշխատանքները շարունակվեցին, իսկ քաղաքական մեծամասնությունից բացի, նիստերին մասնակցեցին նաեւ բոյկոտից հետ կանգնած ՀՅԴ-ն, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը եւ բոլոր ժամանակների ՀՀՇ-ական պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Արտահերթ նիստի տարօրինակ մեկնարկի ու քաղաքական վերջին իրադարձությունների մասին էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:
«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆ Ի ԶՈՐՈՒ Է ՔՆՆԱՐԿԵԼ
ԱՐՏԱՀԵՐԹԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈԼՈՐ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
-Պարոն Մելիքյան, երկու տեսակետ է մամուլում շրջանառվում. մի կողմից ասվում է, որ ընդդիմադիր ուժերի բոյկոտը իշխանությունների հետ էր պայմանավորված, քանի որ սրանով ավելի հեշտ կընդունվեն օրակարգում ընդգրկված օրենսդրական նախաձեռնությունները ու արագ կընթանան քննարկումները: Մյուս կողմից էլ պնդում են, թե սա ուղղված էր արտահերթ նիստը խափանելուն եւ ոչ թե Ա. Մանուկյանին եւ ազատամարտիկներին սատարելուն: Դուք ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը:
- Կարծում եմ, որ դա, իրոք, բոյկոտ էր եւ տվյալ քաղաքական ուժերի կողմից կար ցանկություն, որպեսզի արտահերթ նիստը խափանվեր: Սակայն, ոչ իշխանական «եռյակին» եւ նրանց բոյկոտին միացած «Օրինաց երկիր» խմբակցությանը, այսինքն` «քառյակին» չհաջողվեց իրականացնել իրենց նպատակը, որովհետեւ կոնկրետ Հանրապետականն ի զորու է քննարկել արտահերթին ներկայացված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները: Եվ ինչպես տեսնում եք, քննարկումն ընթացավ բավականին բարձր մակարդակով, բավականին մեծաքանակ հարցերով, ելույթներով:
- Այնուամենայնիվ, կարո՞ղ ենք ասել, որ բոյկոտող ուժերի ցանկությունը հակառակ էֆեկտը տվեց եւ բավականին դյուրացրեց ԱԺ բնականոն աշխատանքները:
- Չեմ կարծում, որ ավելի հեշտացրեցին կամ ավելի ծանրացրեցին, ուղղակի, արտահերթը գնում է իր օրակարգով եւ բավականին նորմալ աշխատանքային ռեժիմով:
«ՉԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՅՍ ԵՐԵՎՈՒՅԹԸ
ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼ»
-Որոշ պատգամավորների կողմից խոսվեց երկրում տիրող «բեսպրեդելի» մասին, չե՞ք կարծում, որ սա վատ հիշողության արդյունք է, քանի որ ասվածը խիստ բնորոշ էր Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած տարիներին, երբ համատարած էին բռնությունները` թե՛ քաղաքական գործիչների, թե՛ լրատվամիջոցների դեմ:
- Չեմ ցանկանում այդ երեւույթը քաղաքականացնել, որովհետեւ ընդհանրապես նման երեւույթները գտնվում են իրավական դաշտում: Եվ կարծում եմ, որ պետք է սպասել քննության ավարտին, այնուհետեւ պարզ կդառնա բոլորիս համար` դա ընդհանրապես քաղաքական երեւո՞ւյթ էր, թե՞ ընդամենը անձնական:
- Ի դեպ, դեկտեմբերի 5-ին եւ 10-ին ոչ իշխանական «եռյակը» մաս-մաս հանրահավաք անցկացրեց Ազատության հրապարակում, սակայն ո՛չ առաջինը, ո՛չ վերջինն աչքի չընկան իրենց մարդաշատությամբ: Արդյո՞ք սա նշանակում է, որ «եռյակը» սպառեց իրեն:
- Կարծում եմ, որ, պարզապես, ժողովուրդը, ովքեր մասնակցում էին հանրահավաքներին կամաց-կամաց սկսեցին հասկանալ դրա նպատակը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

