ԹԵ ԻՆՉՈՒ ՀԱԿ-Ը, ԲՀԿ-Ն, ՕԵԿ-Ն ՈՒ "ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ" ԲՈՅԿՈՏԵՑԻՆ ԱԺ ՆԻՍՏԸ
Արխիվ 12-16ԲՈՅԿՈՏԵՑԻՆ ԱԺ ՆԻՍՏԸ
Ընդդիմության արտը խախուտ, մահանան` Արամ Մանուկյանին ու մի քանի ազատամարտիկներին ծեծի ենթարկելը: Ինչպես հայտնի է, ԱԺ արտահերթ նիստը քսան րոպեով ընդմիջվեց` ՀՅԴ խմբակցության առաջարկով: Մինչ այդ, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, "Ժառանգությունը", ՀԱԿ-ը պատճառաբանելով նախորդ շաբաթ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին եւ մի քանի ազատամարտիկների (նրանց մի մասը պնդում է, որ ծեծ չի եղել եւ բողոք չունեն) ծեծի ենթարկելու հանգամանքը, բոյկոտեցին քվեարկությունը:Ինչ խոսք, տեղի ունեցածը բոլորովին էլ հաճելի չէ, սակայն վերը նշված խմբակցությունները կամ հիշողության կորուստ ունեն, կամ էլ մի լավ առիթ էր պետք` արտահերթ նիստերից թռնելու եւ անձնական հարցերով զբաղվելու համար: Եթե այդքան սրտացավ էին, ինչպես փորձում են ներկայանալ հանրությանը, ապա ինչո՞ւ հենց ԱԺ-ում եւ դրանից դուրս այլ պատգամավորների հետ տեղի ունեցած դիպվածների պատճառով այսչափ գլուխ չէին բարձրացնում: Եթե հիշողության խնդիրներ կան, ապա հիշեցնենք. հենց այս տարի, ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, տաքսիով երթեւեկելիս, անհայտ այլ մեքենայի կողմից ենթարկվում է ավտովթարի եւ ոտքի կոտրվածք ստանալով` երկար ժամանակ բացակայում էր նիստերից: ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը ծեծի էր ենթարկել ոմն քաղաքացու, ինչի հետ կապված` հարուցվել է քրեական գործ: Կրկին ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանի որդին այս տարի մի քաղաքացու առեւանգել եւ ծեծի էր ենթարկել, այնուհետ անհայտ ճանապարհի բանուկ հատվածում դուրս նետել մեքենայից: ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանի մեքենայից անհետացել էին կուսակցական փաստաթղթերը, դե իսկ ամենաթարմ իրադարձությունն իհարկե պատգամավորներ Ֆարմանյան եւ Զուրաբյան ձեռնամարտն էր, որն անգամ անտեսվեց ընդդիմադիր ու այլընտրանքային պատգամավորների կողմից: Տեղին է հիշեցնել նաեւ, թե ինչեր էին կատարվում այն տարիներին, երբ իշխանության գլխին էին ՀՀՇ-ականները, այդ թվում նաեւ Արամ Մանուկյանը, որոնց օրոք ընդդիմադիր պատգամավորներին հենց Ազգային ժողովում ծեծի էին ենթարկում, եւ դրա համար որեւէ քրեական գործ չէր հարուցվում: Կամ ինչպես էին նույն այդ ժամանակվա ընդդիմադիրների վրա մահափորձ կատարում, եթե որեւէ մեկը փորձեր իրենց թանին թթու ասել: Բա ինչո՞ւ մեր կողմից վերոնշյալ իրադարձությունները ԱԺ-ների կողմից չդատապարտվեցին, կամ նիստերը չընդհատվեցին, չբոյկոտվեցին: Սրանք, հավանաբար, տիկին Զոհրաբյանի բնորոշմամբ "բեսպրեդելներ" չէին, իսկ Արամ Մանուկյանի հետ կատարվածը "բեսպրեդել" է, քանի որ այդպես է պետք` քաղաքական նպատակներից ելնելով: Սա, ինչպես ժողովուրդը կասեր, ընդամենը մահանա է, որը, ըստ դիտորդների, կարող է ունենալ մի քանի պատճառներ.
1. Ոչ իշխանական ուժերը պարզապես խայտառակ ձախողումներ են գրանցել յուրաքանչյուր ոլորտում, սկսած արտաքին, վերջացրած երկրի ներքին հարցերով, երբ հանրահավաքներին քիչ մարդ է գալիս: Ակնհայտ նկատելի է դառնում, որ եռյակային հանրահավաքները գնալով նվազում են, եւ անգամ նրանց լիդերները դրանց լուրջ չեն վերաբերվում եւ չեն մասնակցում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական գերազանց հաջողություններից հետո ընդդիմության սնանկությունը ավելի ցայտուն դարձավ: Սա, իհարկե, դժվար է մարսել:
2. Մոտենում է Ամանորը, ազգընտիրներից շատերը չեն ցանկանում աշխատել, հարցեր քննարկել, լուծել, ելույթներ ունենալ, ուղեղներն աշխատեցնել: Դե, վերոնշյալ միջադեպերն էլ լավ առիթ են բոյկոտի համար, որպեսզի գնան ու զբաղվեն իրենց անձնական հարցերով, կազմակերպեն իրենց հանգիստը դուբայներում, իսպանիաներում, եգիպտոսներում կամ լավագույն դեպքում` ծաղկաձորներում:
3. Հավանական է, որ բոյկոտը կազմակերպված եւ համաձայնեցված լինի իշխանությունների հետ, որպեսզի արագ ընթանան եւ ընդունվեն այն օրենքները, որոնք դրված են օրակարգում, որպեսզի մի արտահերթ էլ չգումարեն` արտահերթի հարցերը սպառելու համար:
4. Եվ վերջապես, վերջին եւ թերեւս ամենահավանական վարկածն այն է, որ այս դիպվածների թելը տանում է դեպի ընդդիմության ճամբար: Այսինքն, կազմակերպվեցին ծեծեր, միջադեպեր, որպեսզի շահարկման թեմա ունենան, քանի որ այդպիսիներն արդեն վերջացել են, իսկ իրենց մասին մեկ անգամ հիշեցնելու շատ լավ առիթ էր` կազմակերպել ծեծեր կամ հարձակումներ:
Սրանք ընդամենը վարկածներ են, իսկ ապագան եւ քննչական մարմինները ցույց կտան, թե ով ում եւ ինչի համար է ծեծի ենթարկել:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

