ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ ԲՈՅԿՈՏԵՑ ԲՈՅԿՈՏՈՂՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ ԲՈՅԿՈՏԵՑ ԲՈՅԿՈՏՈՂՆԵՐԻՆ
Երեկ առավոտը բարի չէր ԱԺ աշխատանքների համար, քանի որ Աժ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ եւ կառավարության նախաձեռնությամբ` դեկտեմբերի 15-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանը բոյկոտեցին միանգամից ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը` պատճառաբանելով, որ շտապ արտահերթ նիստ է պետք գումարել ու քննարկել նախորդ շաբաթ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի, ինչպես նաեւ մի քանի ազատամարտիկների ծեծի ենթարկվելու հարցը: Ի դեպ, անգամ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմից ներկայացված նման բռնությունները դատապարտող հայտարարությունից հետո, միեւնույնն է, վերջիններս տրամադրված չէին աշխատելու: Ուշագրավ էր այն, որ ընդդիմադիրների բոյկոտի ծրագրին չմիացան ՀՅԴ-ն, ԱԺ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը: Իսկ թե ինչո՞ւ ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ չմիացավ նիստը բոյկոտողներին, «Իրավունքը» պարզեց հենց նրանից.
-Թե՛ որպես կուսակցություն` «Ազատ դեմոկրատները», եւ թե՛ ես` որպես Խաչատուր Քոքոբելյան, դատապարտել ենք այդ բռնարարքները, եւ չեմ կարծում, որ դա քննարկման առարկա է: Իսկ ինչ վերաբերում է նիստին, այդտեղ քննարկվում էր նաեւ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ինձ համար շատ սկզբունքային է եւ էական, թե ինչպիսի կարգավորումներ է տրվում` Եվրասիական միության անդամակցության հետ կապված: Ես չէի կարող չմասնակցել այդ նիստին, որտեղ ունեի բազմաթիվ հարցեր, որոնց մի մասը հնչեցրի եւ մյուսների հետ կապված էլ կհնչեցնեմ, որովհետեւ այդտեղ կան ինձ համար շատ խնդրահարույց հարցեր, որոնց պատասխանները փորձեցի ստանալ: Ու այդ օրենքի նախագծին, բնականաբար, ես պետք է քվեարկեմ "դեմ", այլ ոչ թե բոյկոտեմ այդ օրենքի քվեարկությունը:
- Ի վերջո, ընդդիմադիր ուժերի բոյկոտը պայմանավորված էր Ա. Մանուկյանի եւ ազատամարտիկների հետ տեղի ունեցածի մտահոգությա՞մբ, թե՞ ԱԺ արտահերթ նստաշրջանը խափանելուն:
- Դա կարելի է հարցնել իրենց, բայց, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ այսօր խորհրդարանում քննարկվել եւ քննարկվում է այնպիսի կարեւորագույն խնդիր, որը պարզապես առնչվում է յուրաքանչյուրիս թե՛ տնտեսական անվտանգությանը, թե՛ բարեկեցությանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

