«ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏՈՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ, ՊԱՐԶԱՊԵՍ, ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»
Արխիվ 12-16«ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏՈՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ, ՊԱՐԶԱՊԵՍ, ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»Թեպետ երեկ ոչ իշխանական «եռյակն» ու ՕԵԿ-ը խորհրդարան էին եկել եղանակին խիստ համահունչ խաշ ուտելու տրամադրությամբ ու որոշեցին բոյկոտել ԱԺ արտահերթ նստաշրջանը` պատճառաբանելով, որ արտահերթ նիստ պետք է գումարվի ու քննարկվի վերջին օրերին տեղի ունեցած դեպքերը` բռնարարքները եւ երկրում ստեղծված իրավիճակը, բայց, այնուամենայնիվ, ԱԺ աշխատանքները շարունակվեցին բնականոն ռիթմով: Եվ մինչ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի նախագահությամբ շարունակվում էր խորհրդարանական նիստը, ընդդիմադիրները (բացի «դարձի եկած» ՀՅԴ-ից) վազվզում ու բաղձալի 44 ստորագրություն էին հավաքում` արտահերթ նիստ գումարելու համար: Թե ինչպես ու ինչ գնով հաջողվեց վերջիններիս, բայց նրանք տնից, իրենց տաքուկ օֆիսներից կամ ռեստորաններից կանչեցին թիմակից պատգամավորներին ու «ծերը ծերին» հավաքեցին անհրաժեշտ ստորագրությունների քանակը: Այս ընթացքում ավարտվեց նիստը, եւ տիկին Նաղդալյանը հայտարարեց, որ խորհրդարանն արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակի դեկտեմբերի 16-ին: Բայց արի ու տես, որ ժամը 17:59 րոպեին` աշխատանքային օրվա ավարտին մեկ պակաս, բոյկոտող պատգամավորները բախել էին ԱԺ նախագահի դուռն ու ներկայացրել ժամը 18:30-ին իրենց նախաձեռնությամբ գումարվող արտահերթ նիստի կարոտ 44 պատգամավորի ստորագրություն: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ հետ.
-Քանի որ ես դահլիճում էի, դեռեւս տեղեկատվություն չունեի արտահերթ նիստի մասին, բայց ինչքան տեղեկացված եմ` գործընթաց է ընթանում, եւ հնարավոր է, որ այն ավարտին հասցվի: Կարող եմ ասել, որ բազմաթիվ պատգամավորների մոտ կար իրավիճակ, երբ պարզապես անհրաժեշտությունն այս արտահերթ նիստի չէին տեսնում, այդ թվում եւ ես: Պիտի ասեմ, որ արտահերթ նիստով քննարկման առարկա, պարզապես, չեմ տեսնում, որովհետեւ այն երեւույթների վերաբերյալ, որոնց մասին խոսեցին, շատ դատապարտելի է եւ մտահոգիչ, բայց դրանց մասին եղել են դատապարտող հայտարարություններ, ինչպես Ազգային ժողովի նախագահի, այնպես էլ բազմաթիվ խորհրդարանականների կողմից, այդ թվում նաեւ ես եւ պարոն Շարմազանովն ենք այդ մասին խոսել: Պատկան մարմինները զբաղվում են դրանով, քանի որ խնդիրը իրավական դաշտում է, իսկ քաղաքական դաշտում այս հարցով քննարկման անհրաժեշտություն չեմ տեսնում: Չեմ տեսնում նաեւ դիրքորոշումների տարբերություն, օրինակ, մեծամասնության պատգամավորների եւ օպոզիցիայի ներկայացուցիչների կամ տարբեր քաղաքական ուժերի մոտ: Չկան տարբեր քաղաքական գնահատականներ, որոնց համար անհրաժեշտ լիներ ինչ-որ քննարկում կամ ինչ-որ նիստի գումարում, ոչ էլ տեսնում եմ այդ առանձնահատուկ քննարկման անհրաժեշտությունը` պատճառաբանված նրանով, որ իրավական դաշտում պատկան մարմինների կողմից գործընթացն արգելակվում է կամ ցանկություն կա որեւէ մեկի կողմից կոծկելու: Կրկնում եմ` քննարկման առարկա, պարզապես, չեմ տեսնում, եւ այս հարցում չկա որեւէ անհամաձայնություն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

