ԳՅՈՒԼՆԱԶ ՏԱՏԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
Արխիվ 12-16ԳՅՈՒԼՆԱԶ ՏԱՏԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
Լրատվական դաշտի` Ռոբերտ Քոչարյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ որոշ չափով նաեւ` արեւմտամոլների շահերը սպասարկող հատվածը մի անասելի հիսթերիա է բարձրացրել, թե երկրում բռնությունների ալիք է, բեսպրեդել է, իշխանությունները փորձում են վախի մթնոլորտ ստեղծել եւ այլն: Դրա առիթը պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու փաստն է, միջադեպերը ազատամարտիկների հետ, գումարած նաեւ ավելի վաղ "Նախախորհրդարանի" որոշ ներկայացուցիչների ավտոմեքենաների հրկիզումները:
Նույնիսկ ՀԱԿ տարածքային կառույցներից մեկի ներկայացուցչին ծեծելու դեպքը` այն պարագայում, որ ոստիկանները արդեն մեկ ժամ անց ծեծողներին գտել էին ու պարզել, որ պատճառը զուտ կենցաղային է, կրկին օգտագործվեց "քաղաքական հալածանքների" մասին աղմուկի համար: Եվ այն, ինչ մատուցել են եւ մատուցում են քարոզչամիջոցները, արվում է անառարկելի, հիսթերիկ, տեղ-տեղ անգամ "լրբի շառի" տոնով:
ԹԻՐԱԽԸ ԿՐԿԻՆ ԵՏՄ-ԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՕՐԻՆԱԳԾԵՐՆ ԷԻՆ
Թե ինչի համար էր այդ ամբողջ հիսթերիան, ինչի համար էին ամեն կերպ հրահրում ազատամարտիկներին, կիրառում սադրանքների տեխնոլոգիան, երբ պարզից էլ պարզ է, որ առկա իրավիճակում հնարավոր չէ որեւէ բեկում եւ առավել եւս անկայունության հրահրում, հետեւաբար իշխանությունները հաստատ որեւէ մեկին վախեցնելու կամ ճնշելու կարիք չունեին, երեւաց հենց արտահերթ նստաշրջանի առաջին իսկ րոպեներից:
Իսկ մինչ այդ, ամենեւին էլ իշխանական դաշտին չպատկանող որոշ հասարակական գործիչներ` որպես միջադեպերի շղթայի պատվիրատու, մատնանշում էին Ռոբերտ Քոչարյանի անունը: Նրանք ենթադրում էին, որ ՀՀ երկրորդ նախագահին անհրաժեշտ էր փչացնել գործող իշխանության իմիջը եւ ի չիք անել այն թեզը, որ Սերժ Սարգսյանի օրոք վերացվել է քաղաքական հակառակորդների դեմ բռնություն գործադրելու ավանդույթը, որն այդքան բնորոշ էր ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ նախագահների օրոք:
Տրամաբանություն, անշուշտ, դրանում կար, քանզի զգացվում էր միտում` անընդհատ շրջանառելու Սերժ Սարգսյանի անունը, թե տեսեք բռնարարքներ են կատարվել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր վատ են արտահայտվել ՀՀ նախագահի մասին: Նույն շրջանակում էր եւ Արամ Մանուկյանին հարվածած խոպանչու ներկայացրած դրդապատճառը, որը նմանվում էր Գյուլնազ տատի հեքիաթի` իբր հենց խոպանում խոպանչի թուրքերից լսել է, որ Արամ Մանուկյանը հրապարակավ հայհոյել է ՀՀ նախագահին, այդ պատճառով որոշել է նրան գտնել եւ "հայրենասիրական ապտակ" հասցնել: Բավականին զավեշտալի բաներ են ստացվում քաղաքական որոշ գործիչների պարագայում` Հայրիկյանի վրա կրակողը "կաֆել խփող" արհեստավոր էր, Արամ Մանուկյանին հարվածողը` խոպանչի... Բայց, ինչեւէ, կարեւորն այն է, որ Արամ Մանուկյանի հետ կապված միջադեպն իրականացնողը հայտնաբերված է, եւ երբ պետք լինի` նրա լեզուն կբացեն, եթե իհարկե մինչեւ հիմա չեն բացել:
Իսկ ԱԺ արտահերթ նստաշրջանը բացվեց "բեսպրեդելի" մասին հայտարարություններով` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, "Ժառանգության" եւ ՕԵԿ-ի կողմից: Նրանք պահանջեցին անհապաղ հրավիրել Արամ Մանուկյանի միջադեպի հետ կապված արտահերթ նիստ, նոր միայն անցնել օրակարգին, հակառակ դեպքում սպառնալով բոյկոտել: Դե, սատանի պարը կամուրջի վրա է բռնում, իսկ մեր ոչ իշխանականներինը` հենց այն պահին, երբ պետք է քննարկվեն օրենքներ, որոնք անհրաժեշտ են ԵՏՄ իրավական ու, մասնավորապես, մաքսային ռեժիմին անցնելու համար: Եթե Արամ Մանուկյանի կապտուկը բավարար հիմք է հատուկ քննարկման համար, ապա ոչ պակաս բավարար հիմք էին եւ այլ պատգամավորների հետ տեղի ունեցածները` սկսած նույն Արամ Մանուկյանի կողմից հանրահավաքին հնչեցրած հրապարակային հայհոյանքից (ինչն անշուշտ իրավախախտում է) շարունակելով ԲՀԿ-ական որոշ պատգամավորների կամ նրանց մերձավորագույն ազգականների հետ տեղի ունեցած կրիմինալին առնչվող միջադեպերով, վերջացնելով նրանով, որ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանն ու Լեւոն Զուրաբյանը "բոքսել էին զմիմյանս" հենց ԱԺ-ում: Այսինքն` պարզից էլ պարզ է, որ աղմուկը պետք էր` հենց արտահերթ նստաշրջանը ու ԵՏՄ-ին առնչվող օրինագծերը տապալելու համար: Միջադեպերը պիտանի չէին` հրահրելու փողոցային ապակայունացում, քանզի Ամանորին ընդառաջ` քաղաքական կյանքը պասիվանում է, իսկ Ամանորից հետո առանձնապես ոչ ոք չի էլ հիշելու, թե ում ինչ հանգամանքներում ծեծել են կամ չեն ծեծել:
Եվ հատկապես այդ համատեքստում հարկ է նշել ԲՀԿ-ի վարքագիծը: Հիշենք, որ թեեւ ամբիոնից հայտարարվել էր, որ ԲՀԿ-ն կողմ է ԵՏՄ անդամակցությանը, սակայն ԲՀԿ-ական որոշ պատգամավորներ հայտարարել էին, թե քվեարկությունը թողնված է ազատ, իսկ ԲՀԿ խմբակցության կեսը խուսափել էր քվեարկությունից, այդ թվում եւ խմբակցության ամբողջ ղեկավար կազմը: Ու հիմա էլ առավելագույն աղմուկը խորհրդարանում սկսվեց հենց ԲՀԿ-ից: Ուզես, թե չուզես վերհիշում ես ԲՀԿ-Քոչարյան կապը, ու լրիվ տրամաբանական է թվում ենթադրությունը, որ պարզապես հենց խորհրդարանի մակարդակով ԵՏՄ անդամակցության ուժի մեջ մտնելուց անմիջապես առաջ ՀՀ երկրորդ նախագահը առնվազն փորձեց օգտագործել միջադեպերի շղթայի հանգամանքը` մաքսային օրենսդրության փոփոխությունները տապալելու համար: Ճիշտ է, "ժառանգական" Ստյոպա Սաֆարյանը եւ այլք պնդում են, որ հենց Քոչարյանն է միջադեպերի հետեւում, սակայն դա կարող է լինել եւ (թեեւ քիչ հավանական է) պատահականությունների շղթա: Բայց դրանից օգտվելն ու տապալելու փորձը արդեն հաստատ միանշանակ է: Ու եթե ՀՀԿ խմբակցության շուրջ մեկ տասնյակ պատգամավորներ, ովքեր պետք է հանդես գային տարբեր միջազգային հարթակներում, չեղյալ չհամարեին իրենց գործուղումները, ապա ոչ իշխանական ուժերի բոյկոտի միջոցով լավ էլ կհաջողվեր տապալելը: Այսինքն` ընդդիմությունն ու հատկապես ԲՀԿ-ն լավ էլ պահը հարմարեցրել էին հենց ԵՏՄ-ի հետ կապված գործընթացին խոչընդոտելու համար: Ի դեպ, այն, որ նույն Արամ Մանուկյանի ու այլոց հետ տեղի ունեցած միջադեպը նրանց հետաքրքրում էր վերջին հերթին, երեւում էր հենց նրանից, որ թեեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հրապարակեց միջադեպի առնչությամբ ԱԺ հայտարարության նախագիծ. միեւնույնն է` չիշխանական ուժերի սիրտը նոր արտահերթ նիստ եւ ԵՏՄ-ի հետ կապված օրակարգային հարցերի տապալում էր ուզում, ու նրանք այդ տրամաբանությամբ էլ շարունակեցին:
ՀՐԱԺԵՇՏ ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻՆ
Ի դեպ, որոշ ժամանակ բավականին ինտենսիվ շրջանառում էին մեկ այլ` Գյուլնազ տատի հեքիաթներին արժանի սյուժե, իբր Ղազախստանին այլեւս ժամանակ էլ չի հերիքի վավերացնելու Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելը, եւ այդ առնչությամբ մեր արեւմտամոլները արդեն նույնիսկ "օրհնվի ղազախական սհաթը" ոճով դատողություններ էին անում եւ հրապարակավ պատրանքներ հնչեցնում` իբր դրանով տապալվում է Հայաստանի մուտքը ԵՏՄ: Դե, իսկ դրանից հետո (եթե հավատանք իրենց պնդումներին) "իզգոյ" Ռուսաստանը պետք է արագ փլուզվի` ԱՄՆ-ի եւ "քաղաքակիրթ երկրների" հուժկու հարվածների ներքո:
Այդ հեքիաթից էլ բան չմնաց, արդեն հայտնի է Ղազախստանի կողմից վավերացման ամսաթիվը` դեկտեմբերի 23-ը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի իբր թե անխուսափելի պարտությանը, ապա այդպիսի պնդումներ տիրաժավորող քաղաքական գործիչներն ու "ծակ պրոֆեսորները" կամ դպրոցում պատմություն առարկային մշտապես 2 էին ստացել, կամ ցանկալին իրականության տեղ են դնում, կամ էլ գլոբալացումը նրանց մոտ կրոնական համոզմունքի պես մի բան է, իսկ "քեռի Սեմը" տեր աստծու տեղն է զբաղեցնում:
Ինչեւէ, թունավոր քարոզչությունը շարունակվում է ու նաեւ ինտենսիվանում: Դրան եթե գումարենք ֆինանսական շուկայում տեղի ունեցող սպեկուլյացիաները եւ ակնհայտորեն անհամամասնական գնաճը, որի ստեղծողները տարբեր տրամաչափի ընչաքաղցներն են (առեւտրականով սկսած, բանկերով վերջացրած), ինչպես նաեւ տարատեսակ 6-րդ շարասյուները, ապա պարզ է դառնում, որ թեեւ ապակայունացում անելը չստացվող բան է, բայց գոնե ձգտում են հնարավորինս երկրի ու ժողովրդի ամանորյա տոները հարամել: Այն տրամաբանությամբ, թե ԵՏՄ էիք ուզում, դե կերեք ձեր ԵՏՄ-ն:
Բայց, բոլոր դեպքերում, գնացքը գնացել է, եւ ծերուկ Տեր-Պետրոսյանը իրավացի էր, որ ԵՏՄ-ն անշրջելի իրողություն է: Ու քանի որ Եվրասիական եւ Արեւմտյան քաղաքակրթությունների միջեւ ընթացող հոգեբանական-տեղեկատվական պատերազմը չի շրջանցում մեր երկիրը, պարզ է, որ փորձելու են շարունակել անչափ թունալի քարոզչությունը, ամեն կերպ բաց չթողնելով ոչ մի առիթ, բորբոքել բնակչության դժգոհությունը, կփորձեն նաեւ խցկել "Ընտանեկան բռնության մասին" օրենքի պես ազգադավ նախաձեռնությունները... Բայց այդ երեւույթների դեմ արդեն հակաշարժումը թափ է հավաքում, ու շուրջ 100 հասարակական-քաղաքական եւ հասարակական կազմակերպություններ առաջ են տանում ոչ միայն այդ եւ նման այլ ազգավնաս օրենքների չընդունման պահանջը, այլեւ առաջ են տանում ընտանիքի ինստիտուտն ամրապնդող մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:
Թե հոգեբանական-տեղեկատվական պատերազմով ինչ խնդիր է փորձում լուծել Արեւմուտքը` գլոբալ առումով, ուղեկցելով դա ֆինանսատնտեսական պատերազմով, մոտավորապես պարզ է` ձգտում են քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ կուտակել, այսպես կոչված, կրիտիկական զանգվածը եւ փորձել Մայդան սարքել Մոսկվայում: Մեր երկրում մայդանային տեխնոլոգիաների արդյունավետությունն ավելի ցածր է, համ էլ դա նույն Արեւմուտքի համար ոչ թե գլխավոր, այլ ածանցյալ նպատակ է: Ու եթե գումարենք նաեւ այն, որ որպես փոքր երկիր` Հայաստանն ունի նաեւ փոքր իներցիա, ապա պարզ է դառնում, թե ինչու 5-րդ շարասյուներն այժմ ավելի շատ մտածում են ոչ թե շպիոնօնիկության, այլ հազար թումանով մկան ծակ գտնելու մասին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

