ՍՄԲԱՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ."ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԿՓՈՐՁԵՄ ՓՈԽԵԼ ՄԵԴԱԼԻ ԳՈՒՅՆԸ"
Արխիվ 12-16ՍՄԲԱՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ."ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԿՓՈՐՁԵՄ ՓՈԽԵԼ ՄԵԴԱԼԻ ԳՈՒՅՆԸ"
Հայ երիտասարդ ծանրորդ 56 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Սմբատ Մարգարյանը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում նվաճել էր արծաթե մեդալ: Պոկում վարժությունում Սմբատ Մարգարյանը գլխավերեւում է պահել 107 կիլոգրամանոց ծանրաձողը, իսկ հրում վարժությունում` 145 կիլոգրամանոց ծանրաձողը: Իսկ Ալմաթիում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում, որը վարկանշային էր 2016թ. օլիմպիական խաղերի համար, երիտասարդ ծանրորդը երկամարտի 250 կգ (107+143) արդյունքով գրավել էր 7-րդ տեղը` C եւ B խմբերի մասնակիցների մեջ: Աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների եւ հաջորդ տարվա անելիքների մասին "Իրավունքի" հետ զրուցեց ՍՄԲԱՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:
-Եվրոպայի առաջնությունում դարձաք փոխչեմպիոն, չեմպիոնին երկամարտում զիջեցիք ընդամենը 4 կգ, ի՞նչ կասեք այս մրցաշարում եւ Ալմաթիում կայացած աշխարհի մեծահասակների առաջնությունում Ձեր ցուցադրած ելույթների մասին:
- Ընդհանուր առմամբª Եվրոպայի առաջնությունից գոհ եմ, իսկ աշխարհի առաջնության մասնակցությունը մեծ փորձ է տալիս: Անցած տարի նույնպես մասնակցել եմ աշխարհի առաջնությանը, հիմնականում գիտեի, ճանաչում էի մրցակիցներիս: Ես չէի փորձում աշխարհի առաջնությանն ինչ-որ անհավանական բան անել. իմ առաջ մարզիչների կողմից` որպես հանձնարարական, դրված էին կիլոգրամներ, եւ փորձում էի կատարել խնդիրը: Կարելի է ասել, որ որոշ չափով ստացվեց:
- Այս մարզական տարին կարելի՞ է վերելքային համարել Ձեզ համար:
- Ընդհանուր առմամբ` կարելի է վերելքային համարել, հաշվի առնելով Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները. Եվրոպայի առաջնության ժամանակ գրանցեցի երկամարտի նոր արդյունք...
- Ի՞նչ չեք հասցրել անել այս տարի, որ կփորձեք անել արդեն 2015 թվականին:
- Այս տարի մարզումային պրոցեսները այդքան էլ լիարժեք չանցկացրինք, շատ մարզիկներ նոր էին ապաքինվել վնասվածքներից: Հաջորդ տարի հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի. կկարողանանք մարզումները եւ մրցաշարերը լիարժեք անցկացնել եւ մեր բարձրացրած կիլոգրամներով մեդալներ նվաճել:
- Ի՞նչ կարեւոր նպատակներ ունեք` հաջորդ տարվա հետ կապված:
- Առաջին հերթին` երկամարտի արդյունքներս եմ ուզում բարելավել, իսկ արդեն ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությունում կփորձեմ փոխել մեդալի գույնը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

