Համացանցում բուռն քննարկվում է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ամանորյա տոմսերի վրա եղած վրիպակը, որտեղ Ամանոր բառը "ո"-ի փոխարեն "օ" է տպագրվել: Այս տարի թատրոնն Ամանորին Նորա Գրիգորյանի բեմադրությամբ կներկայացնի "Մաշան եւ երեք արջերը" ներկայացումը:
"Իրավունքի" հետ զրույցում թատրոնի տնօրեն ՖՐԵԴԵՐԻԿ ԴԱՎԹՅԱՆԸ չհերքեց այն` ասելով. "Ամանորյա տոմսերի վրա տպարանի կողմից տպագրված տոմսերում (որոշակի տոմսագրքերի մեջ) տեղ է գտել վրիպակ, ինչի համար թատրոնի տնօրինությունը հայցում է հանդիսատեսի ներողամտությունը: Տեղի ունեցած վրիպակի պատճառով տոմսային տնտեսության վարիչ Գ. Սահակյանը ենթարկվել է վարչական տույժի": Ֆ. Դավթյանը նաեւ հավելեց, որ թատրոնը տպարանից նամակ է ստացել հետեւյալ բովանդակությամբ. "Մեր կողմից ներկայացված եւ Ձեր կողմից հաստատված տոմսերի նմուշների թվային տպագրության ժամանակ տեղի է ունեցել ծրագրային խափանում, ինչը հետեւանք է դարձել ուղղագրական սխալի` որոշակի տոմսագրքերի մեջ, որը մեր կողմից չի հայտնաբերվել: Հայցում ենք Ձեր ներողամտությունն եւ հայտնում ենք, որ պատրաստ ենք վերականգնել ամբողջ տպաքանակը կամ տպագրել նոր տոմսագրքեր": Ի հեճուկս շրջանառվող լուրերի` Ֆ. Դավթյանն ասաց, որ տեղի ունեցածի հետ ՀՀ մշակույթի նախարարությունը որեւէ կապ չունի: