ՆԱԽ ՊԱՀՊԱՆԵՔ ՄԱՅԹԵՐԸ, ՀԵՏՈ ԽՈՍԵՔ 21-ՐԴ ԴԱՐԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ
Արխիվ 12-16ՆԱԽ ՊԱՀՊԱՆԵՔ ՄԱՅԹԵՐԸ, ՀԵՏՈ ԽՈՍԵՔ 21-ՐԴ ԴԱՐԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ
Օրերս Ծաղկաձորում անցկացրած մի սեմինարի ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը մի քանի ուշագրավ մտքեր արտահայտեց, որոնք մեզ` ոչ ճարտարապետներիս, այլ հասարակ եւ շարքային հայ քաղաքացիներիս թվում են միմյանց հակասող եւ ամենակարեւորը` մեր տեսածին եւ առօրյային որեւէ կերպ չառնչվող:Այսպես, պարոն Սարգսյանը նշում է. "Ես այն կարծիքին եմ, որ ճարտարապետությունը միշտ պետք է լինի ժամանակակից": Այնուհետեւ նա պնդում է. "Մենք ունենք մեր լեզուն, մեր այբուբենը, մեր հավատը, նաեւ մեր ճարտարապետությունը, որով եկել ենք հասել մեր օրերը: Մի՞թե 21-րդ դարում այն պիտի կորցնենք": Այս մտքերը կարդալուց հետո հիշեցի վերջերս առաջին անգամ Հայաստան այցելած ծագումով հայ երիտասարդների հետ հանդիպումը, երբ նրանք զարմացած հարցնում էին. "Իսկ ո՞ւր է հայկական ավանդական ճարտարապետությունը քաղաքաշինության մեջ: Մենք այսպիսի երկաթ-բետոնե ապակյա փայլփլուն շինություններ բազմիցս տեսել ենք աշխարհի բազմաթիվ քաղաքներում, իսկ ո՞ւր է 2778 տարվա երեւանյան ճարտարապետությունը: Այ, օրինակ Թբիլիսիում մենք հասկացանք` այդ քաղաքի համն ու հոտը որն է": Հետո էլ հարցնում էին, թե ո՞ւր է 20-րդ դարի վերջի Երեւանի սիմվոլ Երիտասարդական պալատը: Մի խոսքով, հարցեր, որոնք դժվար է համադրել պարոն Նարեկ Սարգսյանի հայտարարած թեզերին: Կարծես թե իսկապես 21-րդ դարում մենք կորցրեցինք այն, ինչ դարեդար կառուցվում էր: Երեւանի կենտրոնը հեռու է նաեւ ժամանակակից ճարտարապետությունից: Այն ավելի շուտ հիշեցնում է տարբեր ոճերի, ժամանակների հախուռն կառուցած մի քաղաք, որտեղ ամեն մի քառակուսի սանտիմետրն օգտագործվել է ինչ-որ, հաճախ շատ անճաշակ շինություն կառուցելու համար, բնականաբար` փող աշխատելու նպատակով: Կարելի է տեսնել նաեւ քաղաքաշինության նորմերի այլանդակության աստիճանի խախտումներ. ոչնչացրած մայթեր, հողին հավասարեցված կանաչ տարածքներ, կցակառույցներ եւ այլն: Ընդ որում, այս գործընթացը շարունակվում է հենց այսօր: Թեկուզ կարելի է բերել Վրացյան, Ծարավ աղբյուր փողոցների վրա այսօր կատարվող շինարարությունների օրինակները, որոնք կառուցվում են` զավթվելով մայթերը: Սա կարելի է լրացնել մի քանի տասնյակ այլ օրինակներով: Այնպես որ, պարոն Սարգսյանին պետք է խնդրենք, որ մեզ` շարքային քաղաքացիներիս համար պահպանել գոնե սովորական հետիոտնի` մայթերով քայլելու հնարավորությունը:
Իսկ ժամանակակից ճարտարապետության գոհարներ կառուցելու ու ազգային ճարտարապետության պահպանման մասին 21-րդ դարում մնում է միայն երազել:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ
ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ
ՀԵՏԻՈՏՆՆԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ`
ԱՐՄԵՆԱԿ ՕԳԱՆԵՍՈՎ

