"ՎՐԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ-ԱԴՐԲԵՋԱՆ ԿԱՊԸ ՎՏԱ՞ՆԳ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ"
Արխիվ 12-16"ՎՐԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ-ԱԴՐԲԵՋԱՆ ԿԱՊԸ
ՎՏԱ՞ՆԳ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ"
Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա համագործակցությունը կարծես թե նոր թափ է ստանում: Այդ են վկայում երեք երկրների տարբեր գերատեսչությունների ղեկավարների պարբերական հանդիպումները, որոնց արդյունքում ստորագրվում են նոր համագործակցությունների եւ տարբեր ոլորտներում առկա համագործակցությունը սերտացնող համաձայնագրեր: Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` Թամար Բերուչաշվիլիի, Էլմար Մամեդյարովի եւ Մեւլութ Չավուշօղլուի հերթական հանդիպումը տեղի ունեցավ դեկտեմբերի 10-ին` Կարսում: Հանդիպման ընթացքում երեք երկրների արտգործնախարարները քննարկել են քաղաքական, տնտեսական հարցեր եւ ստորագրել մի շարք փաստաթղթեր` այդ ոլորտներում սերտ համագործակցելու վերաբերյալ:
"Իրավունքը" հայաստանյան վերլուծաբաններից փորձեց պարզել, թե ինչ արդյունք կտա Հայաստանի երեք հարեւանների "սերտ" համագործակցությունը եւ ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա:ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ փաստեց.
-Արդեն երկար ժամանակ է, որ Վրաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը տարբեր ծրագրերով համագործակցում են: Պետք է փաստեմ, որ նրանց համագործակցության մասին հայտարարությունները երբեմն կրում են միայն դեկլարատիվ բնույթ: Այսինքն` ինչ հայտարարվում է, դրա ոչ բոլոր կետերն են կյանքի կոչվում: Իհարկեª այս հարաբորություններում լոկոմոտիվի դեր են խաղում Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք փորձում են այդ տարաբնույթ հայտարարություններին ավելի մեծ հնչեղություն տալ եւ ներկայացնել մեծ լսարանի: Դրանով նրանք փորձում են ինչ-որ թաքնված հաղորդագրություններ ուղարկել Հայաստանինª ցույց տալու համար, թե մեր երկիրը մեկուսացված է տարածաշրջանային բոլոր հարցերից: Կարծում եմ, որ նրանց վերջին հանդիպումը նույնպես կարող է նմանօրինակ հեռանկար ունենալ` ստորագրված ոչ բոլոր փաստաթղթերը կյանքի կկոչվեն: Ամեն դեպքումª այս երեք պետությունների համագործակցությունն առկա է եւ երբեմն ուղղակի, երբեմն էլ անուղղակի` միտված են Հայաստանը մեկուսացնելու խնդրին: Վրաստանն էլ, ներգրավված լինելով այս գործընթացին, դառնում է նրանց վարած քաղաքականության մի մասը:
Ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ նշեց.
-Այս եռյակի` Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի սերտ համագործակցությունն իր մեջ պարունակում է ռազմական եւ ռազմաքաղաքական խորքային վտանգ Հայաստանի համար: Քանի որ Ադրբեջանի եւ Թուրքիայի ամբողջ քաղաքականությունը հիմնված է հակահայկականության վրա, իսկ Ադրբեջանի դեպքումª դա պետական քաղաքականության հիմնասյունն է: Թուրքիայի ու Ադրբեջանի հետ համագործակցելովª Վրաստանը չի գիտակցում, որ մյուս երկուսն իր նկատմամբ մեծ վտանգ են ներկայացնում, որովհետեւ խաղարկելով հակահայկական քարտը, փորձելով թուլացնել Հայաստանը, այս երկու երկրները կզոհեն Վրաստանին: Վրացական քաղաքական էլիտան թերագնահատում է այն վտանգը, որ պարունակում է թուրք-ադրբեջանական քաղաքականությունը:
Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԸ նկատեց.
-Արդեն քանի տարի է, այս եռյակը իրականացնում է որոշ ծրագրեր: Դրա ապացույցը ոչ միայն երեք երկրների արտգործնախարարների հանդիպումն է, այլ գործող ընդհանուր շահը` Բաքու-Թբիլիսի- Ջեյհան նավթատարը: Հաշվի առնելով այս ամենը` կարելի է ասել, որ երեք երկրների միջեւ իրոք գոյություն ունի համագործակցություն: Այստեղ խնդիրն այն է, թե արդյոք յուրաքանչյուր դերակատարող կարողանո՞ւմ է ստանալ այն, ինչ ցանկանում է: Այս դեպքում Ադրբեջանը եւ Թուրքիան կարողանում են դիվանագիտորեն գործել, որոնք ինչ-որ չափով պաշտպանում են սեփական շահը, իսկ Վրաստանը` հանդես է գալիս որպես տարանցիկ երկիր, որի տնտեսական բնագավառում աստիճանաբար սկսում են մեծ դեր խաղալ Ադրբեջանը եւ Թուրքիան:
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում կատարել է հարցում`պարզելու համար, թե Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի համագործակցությունը ազդեցություն կարո՞ղ է ունենալ Հայաստանի վրա, թե՞ ոչ:
1. Վրաստանի ներգրավվածությունը թուրք-ադրբեջանական ծրագրերում մեծ վտանգ է Հայաստանի համար - 47%:
2. Ինչքան էլ Վրաստանը համագործակցի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, մեկ է, Հայաստանի հետ էլ կան կապեր, մեր բեռները Վրաստանում դեռ խնդիրներ չեն ունեցել: Ուրեմնª վտանգը մեծ չէ -22%:
3. Հայաստանի` կապերը` հատկապես ՌԴ-ի հետ, սահմանափակել փորձելու դեպքում Վրաստանը լուրջ խնդիրներ կունենա: Ուրեմն` պետք չէ ուշադրություն դարձնել այդ երկրի եւ թուրքերի կապերին, դա մեզ համար բացարձակապես վտանգավոր չէ -14%:
4. Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սիրախաղը վտանգ է հենց Վրաստանի համար -10%:
5. Դժվարանում ենք պատասխանել -7%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

