"ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵՎ ՀՀՇ-Ի ԺԱՄԱՆԱԿ ԹԱԼԱՆՎԵՑԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ"
Արխիվ 12-16"ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵՎ ՀՀՇ-Ի ԺԱՄԱՆԱԿ
ԹԱԼԱՆՎԵՑԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ"
Վերջերս ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ առաջիկայում Գյումրու նախկին քաղաքապետ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ կրկին բարձր պաշտոն կստանձնի: Եվ, ըստ նույն խոսակցությունների, հնարավոր տարբերակներից մեկը Շիրակի մարզի հարկայինի պետի պաշտոնն է: Այս եւ օրերս լրացած երկրաշարժի հերթական տարելիցի հետ կապված` զրուցեցինք Գյումրիի նախկին քաղաքապետի հետ:-Ճի՞շտ է, որ շուտով բարձր պաշտոն եք ստանձնելու:
- Ես տեղյակ չեմ, չեմ լսել նման բան:
- Ասում ենª մարզի հարկայինի պետի պաշտոնն են Ձեզ վստահելու:
- Ես այդ ոլորտներում չեմ աշխատի, այնպես, որ եթե նման բան ինձ առաջարկեն էլ, ես չեմ աշխատի: Չեմ ասում, թե դա վատ պաշտոն է, պարզապես, իմ բնավորությունն այնպիսին է, որ ես նման կառույցներից հեռու եմ:
- Իսկ ի՞նչ կառույցում կցանկանայիք աշխատել:
- Ոչ ցանկացած պաշտոնում. ես աշխատող, արարող, մարդկանց սատարող մարդ եմ, գործունյա: Այ դրան համապատասխան պաշտոնների կողմնակից եմ:
- Այսինքն, ամեն դեպքում, պատրա՞ստ եք քաղաքականություն վերադառնալ:
- Ես պատրաստ եմ իմ հայրենիքին ծառայել, ուրիշ ոչ մի բան:
- Պարոն Ղուկասյան, իսկ որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն խոսակցությունները, որ Գյումրիում ԲՀԿ-ականները վերջերս ակտիվացել են:
- Անձամբ ես, այո, տեսնում եմ, որ ակտիվ են:
- Իսկ ինչո՞վ եք դա պայմանավորում:
- "Հանրապետական" կուսակցության պասիվությամբ:
- Իսկ ի՞նչ պետք է անեն ՀՀԿ-ականները, որ չեն անում:
- Պետք է յուրայիններին պաշպանեն:
- Բայց Դուք էլ եք չէ՞ ՀՀԿ-ի անդամ:
- Անդամ լինելը շատ քիչ է:
- Մեկ էª ինչո՞ւ եք թողնում, որ ՀՀԿ-ն պասիվանա Գյումրիում:
- Ես այդ հարցին չեմ ուզում պատասխանել, ուղղակի կասեմ` պետք է ՀՀԿ-ն լուրջ մտահոգություն ցուցաբերի Գյումրիում, այդքան բան:
- Ինչո՞վ եք պայմանավորում Գյումրիում օր օրի աճող աղքատության ցուցանիշը:
- Գյումրիում հիմա չէ, որ աղքատությունը շատանում է: Երկրաշարժից հետո անցել 26 տարի, եւ 26 տարի շարունակ գյումրեցիները ամենավերջին տեղում են եղել, ամենավատ վիճակում են եղել: Եվ օր օրի, շատ ճիշտ ասացիք, գյումրեցիների վիճակը վատանում է: Եթե ռուսական բանակը Գյումրիում չլիներ, հավատացեք, գյումրեցիները սովից կմեռնեն: Այստեղ պետք է վերկանգնել երկրաշարժից հետո քանդված արդյունաբերությունը, բայց այսօր բոլոր ներդրումներն արվում են Երեւանում եւ մայրաքաղաքի շրջակայքում: Ամբողջ աշխարհին հայտնի է, որ երբ որեւէ տեղ աղետ է տեղի ունենում, այդ հատվածը դարձնում են ազատ տնտեսական գոտի, բայց մինչ օրս դա չեն կիրառում մեր նկատմամբ: Երկրաշարժի օգնության գումարներով երեք Հայաստան կարող էր կառուցապատվել, բայց մենք այսօր այն վիճակում ենք, ինչը որ տեսնում եք: Անհրաժեշտ է Գյումրիում հարկային բեռի թեթեւացում լինի, որ մարդիկ կարողանան ներդրումներ անել, իմանալով, որ ինչ-որ առավելություն ունեն: Պետք է պարզապես խթանել փոքր ու միջին բիզնեսը, ինչը, ցավոք սրտի, դադարեցվել է: Փոքր ու միջին բիզնեսը մեռել է հանրապետության երկրորդ քաղաքում: Իսկ իմ օրոք, ՀՀ բոլոր քաղաքներում, այդքան շինարարություն չէր արվում մասնավորի կողմից, որքան` Գյումրիում: Իսկ հիմա ընդամենը մի քանի բենզալցակայան է կառուցվում, իսկ մասնավորի կողմից շինարարություն ընդհանրապես չկա, որովհետեւ հողհատկացում չի արվում: Իսկ ժամանակին արված հողհատկացումների պատճառով մարդիկ դատարաններում խեղդված են: Պետությունը, հանրությունը պետք է հասկանա, որ մի քանի բնակարան կառուցելով` քաղաքը քաղաք չի դառնա: Էստեղ պետք է գործարան կառուցել: Մի քանի գործարան ունեինք, տասը կոպեկով սեփականաշնորհեցին, եւ հիմա դարձրել են ռեստորանային համալիրներ ու չգիտեմ ինչ: Բայց, կարծում եմ, որ ԵՏՄ-ին անդամագրվելուց հետո դրական տեղաշարժեր կլինեն ոչ միայն Գյումրիում, այլ ամբողջ Հայաստանում: ԵՏՄ-ին անդամագրվելուց հետո, ես գրեթե համոզված եմ, որ մենք շատ լավ վիճակի մեջ կհայտնվենք, առաջին հերթին` կունենանք հսկայական մեծ շուկա, իսկ հայերը խելացի եւ աշխատող մարդիկ են, կկարողանան այդ հարցերը կարգավորել եւ իրենց շուկան գտնել Ռուսաստանում:
- Դուք ակնարկում եք երկրաշարժի օգնության գումարները վատնելու, թալանելու մասին: Այդ մասին շատ է խոսվում, բայց չի կոնկրետացվում, թե ովքեր են թալանել:
- Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի ժամանակ թալանվեցին աղետի գոտու համար հատկացված գումարները: Գյումրին էն ժամանակ ուզում էին սարքել տասը հազարանոց քաղաք. նմանատիպ պետական ծրագիր կար: Տեր-Պետրոսյանը ասում էր` մեզ պետք չի երկու հարյուր հազարանոց երկրորդ քաղաք, մեզ պետք է մեգապոլիս Երեւան: Ասում էր` Հայաստանի Հանրապետություն ասելով` պետք է հասկանալ Երեւան, իսկ Գյուրմրին պետք է լինի ինչ-որ գյուղաքաղաք, որովհետեւ Գյումրին ըմբոստ էր: Էդ ժամանակ շատ լավ գիտակցում էին, որ հեղափոխություններն առհասարակ լինում են երկրորդ քաղաքից, դրա համար էլ չէին ուզում, որ Գյումրին հզոր լինի: Իսկ էն չնչին գումարներն էլ, որ ժողովրդին տրվեցին, բանկերում սառեցվեցին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

