ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ
Արխիվ 12-16ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ
Այս օրերին ԱՄՆ-ը հայտնվել է հերթական խոշոր սկանդալի կիզակետում: Խոսքը աշխարհի տարբեր երկրներում գաղտնի բանտեր հիմնելու, այնտեղ ապօրինաբար մարդկանց պահելու մասին է: Իհարկեª սա նոր չէ, որ բացահայտվել է: Սակայն այս անգամ այդ գաղտնի բանտերի, այնտեղ պահվող բանտարկյալների վիճակի մասին զեկույց է ներկայացվել նաեւ ամերիկյան Սենատ, որը իսկական պայթյուն առաջ բերեց:ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ ԻՆԿՎԻԶԻՑԻԱՅԻՑ ԷԼ ԱՆՑԱՎ
Այդ զեկույցը մեկ բան է փաստում. այն, ինչի մասին խոսվում էր այդքան երկար, Վաշինգտոնն ընդունում է: Բայց նաեւª զեկույցի հիմնական մասը շտապեցին գաղտնիացնել, չնայած բաց մնացած փոքրիկ հատվածում այնպիսի ահավոր փաստեր են բերված, որ արդեն նույնիսկ սարսափելի է մտածել, թե ինչ տվյալներ կան փակ հատվածում: Ընդ որում այդ բաց փաստերը ցույց են տալիս, որ ոչ միայն տարբեր եւ հատկապեսª իսլամական երկրներից մարդկանց ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունն ու ենթադրաբարª նաեւ այլ հատուկ ծառայություններ առեւանգել են, ապօրինաբար մեկուսացրել այդ հատուկ բանտերում, այլ նաեւ, որ նրանց նկատմամբ կիրառվել են տանջաքննության հատուկ մշակված այնպիսի մեթոդներ, որոնց մասին միջնադարյան ինկվիզիտորներն ու ավելի ժամանակակից նացիստական համակենտրոնացման ճամբարների տանջաքննության "մասնագետները" կարող էին միայն երազել:
Մի խոսքովª պատկերն այն աստիճան նողկալի է, որ անգամ Բրիտանիան էր, ի դեմս վարչապետ Քեմերոնի, ստիպված մի կեսբերան քննադատել անդրօվկիանոսյան "մեծ եղբորը"ª Վաշինգտոնին, որ մի՞թե կարելի է մեր դեմոկրատական դարում նման բան անել: Չնայածª դժվար չէր կռահել, որ ոչ թե Քեմերոնի խիղճն էր տանջում իր դաշնակիցների վայրագությունների համար, այլ պարզապես փորձում էր Բրիտանիային այդ սկանդալից հեռու պահել: Նույնն է փորձում անել նաեւ Եվրոպայում ամերիկյան դեմոկրատիայի ջահակիր Լեհաստանը, որի տարածքում նույնպես նման գաղտնի բանտեր եղել են:
Սկզբումª լեհերը փորձում էին հերքել, ապաª նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկին ստիպված էր ընդունել, թե այդ բանտերը եղել են, բայց որ իրենք պատկերացում անգամ չեն ունեցել, թե այնտեղ ինչ է կատարվում: "Հավատացինք", միայն թե կարելի է հիշել, որ 70 տարի առաջ հենց Լեհաստանում քիչ չէին նացիստական համակենտրոնացման ճամբարները, որտեղ միլիոնավոր լեհեր են զոհվել: Այսինքն այն հին խո՞սքն է գործել, թե` "Զոհին դահիճի տեղը դիր, եւ նա շատ ավելի վատթար բաներ կանի":
Բայց կրկնում ենք, սրանք վաղուցվա փաստեր են, եւ պարզապես այս պահին հենց ամերիկացիներն են այս մասին խոսում: Մինչդեռ այդ ամենով հանդերձª ամերիկյան ինկվիզիցիայի այս պատմությունը մեկ կարեւորագույն հարց է առաջ քաշում. ինչո՞ւ Սենատում հենց այս պահին առաջ մղեցին այս պատմությունը: Իհարկե այն, որ դա նաեւ ներամերիկյան ծայրահեղ սուր դարձած քաղաքական կյանքի արտացոլումներից է, կասկածի տեղիք չունի: Բայց չէ՞ որ այդ գազանությունների հիմնական մասը վերագրվում է 2000-ականների սկզբներին, երբ ներկայիս "դեմոկրատ" Օբամայի փոխարեն իշխում էր "հանրապետական" Բուշը: Այսինքնª հարվածն ուղղված է հենց հանրապետականներին, որոնք Օբամայի խայտառակ վարկանիշի պատճառով ներկայումս իսկական քաղաքական սպանդի են ենթարկել դեմոկրատներին: Այսինքնª սա կարող է Օբամայի հարվածը լինել, թեեւ կա նաեւ հակառակ վարկածը, որ եթե Օբաման հրաժարվի պատիժներ կիրառել այդ հանցագործությունների նկատմամբ, ապա հենց իր վրա կվերցնի դրանց պատասխանատվությունը: Իսկ եթե պատիժների անցնի, ապա իր դեմ կհանի ողջ ամերիկյան հետախուզությանը, առավել եւս, որ Սնոուդենի հայտնի բացահայտումներից հետո հետախուզությունն այնքան էլ քաղցր աչքով չի նայում Օբամային:
Բայց անկախ նրանից, թե ԱՄՆ-ում ով ում գլխին է սարքում, ներքաղաքական պայքարի այսօրինակ սրացումներն իրենց լուրջ հիմքերն ունեն: Բերենք ընդամենը մեկª ամենավերջին փաստը. նավթի համաշխարհային գների ներկայիս շարունակական հակառեկորդների արդյունքում միայն դեկտեմբերի 10-ին ամերիկյան ֆոնդային բորսաներում ինդեքսների հերթական պայթյունն արձանագրվեց: Առաջատարներիցª Dow Jones-ի անկումը 1,5 տոկոս էր, S&P-ինն ու NASDAQ-ինըª 1,6 եւ 1,7 տոկոս: Ընդ որում, հիմնական հարվածը բաժին է հասնում էներգետիկայի առանցքային ընկերություններին. ExxonMobil-ի բաժնետոմսերն էժանացան 3, Chevron Corp-ինըª 2,3 տոկոսով եւ այլն:
Խոսքը աստղաբաշխական կորուստների մասին է, որոնք մեծ չափով կրում են ավելի շատ հսկայական քաղաքական կշիռ ունեցող նավթային, էներգետիկ ու մի շարք այլ ուղղություններում գործող գերհսկա տնտեսական կառույցները, ինչի պատճառով հաստատ Օբամային պատրաստ են Լինչի դատաստանի ենթարկել: Բայց դա չէ ողջ խնդիրը. ամերիկյան առանցքային մի շարք փորձագիտական կենտրոններ այս պահին համեմատում են տնտեսական, ֆոնդային, նավթային եւ մի շարք այլ ուղղություններով իրավիճակը 2008-ի հետª նկատելով գրեթե բացարձակ համընկնում: Իսկ թե 2008թ. այդ իրավիճակն ինչ հսկայական ճգնաժամի առաջ կանգնեցրեց ողջ աշխարհին, դեռ չի մոռացվել եւ ավելին, մինչեւ իսկ Եվրոպան է այս պահին դեռ իր վրա զգում դրա հետեւանքները:
ՆՈՐ ԱՇԽԱՐՀ
Այլ հարց է, թե իրավիճակի հետագա խորացումն ինչի կտանի, ընդ որումª ոչ միայն ԱՄՆ-ին, այլեւª ողջ աշխարհին: Եվրոպայում իրավիճակն առանց այդ էլ բավականին բարդ է, առավել եւսª Ռուսաստանի հետ ընթացող ներկայիս տնտեսական պատերազմների պատճառով: Այն աստիճան, որ Ուկրաինան կարծես թե եվրոպական առնվազն տնտեսական հայացքից վերջնականապես է դուրս մղվել, եւ արդյունքում, այդ երկրի նորանշանակ լիտվացի տնտեսական զարգացման նախարար Աբրոմավիչուսն արդեն բաց տեքստով է հայտարարում, թե. "Պետությունը մեծ հաշվով սնանկ է": Վերջին հույսը, կարծես թե, ուկրաինական գազատրանսպորտային համակարգի մասնավորեցումն է, սակայն անգամ այդ համակարգի նկատմամբ առկա քաղաքական մոտեցումներից, արդեն իսկ կան խոսակցություններ, որ Եվրոպայի մտքով անգամ չի անցնում այս ուղղությամբ որեւէ լուրջ ներդրում իրականացնել հատկապես ապագայի հանդեպ ունեցած անորոշությունների պատճառով:
Ռուսաստանն էլ, իր հերթին է, անշուշտ, այս պահին տնտեսական բարդ վիճակում: Սակայն այն հանգամանքը, որ նույն արեւմտյան պատժամիջոցների արդյունքում ռուսական տնտեսությունը նախ իր իսկ երկրի ներսում իր համար ծավալվելու լայն դաշտ ստացավ, ապաª սկսեց լրջորեն կողմնորոշվել դինամիկ զարգացում ունեցող ասիական ուղղությամբ, ժամանակի ընթացքում էականորեն կփոխի իրավիճակը: Գումարած դրանª ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` երեկ Հնդկաստան կատարած այցը եւ դրա ընթացքում կնքված տասնյակ խոշոր տնտեսական պայմանագրերը ակնարկ են այն մասին, որ գործնականում ավարտված կարելի է համարել Ռուսաստան-Չինաստան-Հնդկաստան աշխարհաքաղաքական եւ տնտեսական եռանկյունու ձեւավորման գործընթացը, որն իր մեջ ներառելով համաշխարհային սպառողական շուկայի մոտ կեսը, էներգետիկ եւ հանքահումքային պաշարների էական մասը, ունենալով արեւմտյան տնտեսական մոդելի հանդեպ պարզապես անհամեմատելի զարգացման տեմպեր, մոտ ապագայում կարող է հիմքից փոխել աշխարհի տնտեսական պատկերը:
Ընդ որում, Հայաստանը եւս ուղղակիորեն առնչվում է այդ համակարգի հետ, եւ ոչ միայն որպես Եվրասիական միության անդամ: Բանն այն է, որ բավականին մեծ պատմություն ունեցող այդ աշխարհաքաղաքական եռանկյունու առանցքներից մեկն էլ Ռուսաստանը Հնդկաստանին կապում է Իրանի եւ հարավկովկասյան տարածաշրջանի միջոցով: Դժվար չէ նկատել, որ ԵՏՄ-ին անդամակցությունն արդեն իսկ Հայաստանին միացնում է այդ առանցքին: Գումարած դրան, թեեւ վերջին օրերին Վաշինգտոնն սկսել է Իրանի ուղղությամբ նորից սիրային հայացքներ գցել, ավելինª նույնիսկ Ղազախստանին է սկսել սիրահետելª խոստանալով Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն արագացված անդամակցություն, բայց նաեւ հասկանալի է, որ այդ պարզ ակնարկներն ու առաջարկները հազիվ թե այդ երկրներին մի օրում ծայրահեղ ամերիկասեր եւ հակառուսական դարձնեն: Իսկ եթե ԱՄՆ-ին բան չհաջողվի, ապա նշված առանցքում Իրանը եւս իր կայուն դիրքը կունենա:
Դրանից հետո դեռ մնում է վրացական հատվածը, սակայն այն փաստը, որ վերջին օրերին լուրջ ցնցումների մեջ է հայտնվել նաեւ վրացական լարին, իր հերթին է ակնարկ, որ ԱՄՆ-ը, մեղմ ասած, այնքան էլ վստահ չէ, որ Վրաստանն անվերապահ "դեմոկրատացված" է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

