"ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՎԹՆ ԱՆՍՊԱՌ ՉԷ, ՄԻ ՕՐ ԴԱ ԷԼ ԿՍՊԱՌՎԻ"
Արխիվ 12-16"ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՎԹՆ ԱՆՍՊԱՌ ՉԷ, ՄԻ ՕՐ ԴԱ ԷԼ ԿՍՊԱՌՎԻ"
Արդեն դադարել ենք զարմանալ ադրբեջանական մտքի թռիչքի վրա, կարծես նրանք քնում, արթնանում ու մտածում են, թե հայկական էլ ինչ արժեքներն իրենցով անեն: Մե՛կ հայկական դուդուկն են երազում, որ իրենց արժեքների շարքում գրանցեն, ու հաճախ հեղինակավոր մրցույթներում ներկայանալիս` պարտադիր օգտագործում են դուդուկ, մե՛կ հայկական ավանդական լավաշն են ուզում իրենցով անել, մի խոսքով` սկսած տարբեր հայկական ավանդական կերակրատեսակներից մինչեւ ազգային երաժշտական գործիքներ ու երգեր:Հիմա էլ մեծ ախորժակով աչք են դրել հայկական ժողովրդական "Սարի աղջիկ" երգի վրա ու այն դարձնելով "Սարի գյալլի"` փորձում են աշխարհին այդ կերպ ապացուցել, որ այն ադրբեջանական ծագում ունի: Վերջերս միջազգային մրցույթներից մեկի ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը մրցույթի ընթացքում հայկական ժողովրդական "Սարի աղջիկ" երգը կատարել է` ներկայացնելով որպես ադրբեջանական ժողովրդական երգ: Սակայն, ժյուրիի կազմում հանդես եկող երգիչ ՏԻԳՐԱՆ ՀԱՅՈՐԴԻՆ ստիպված է եղել կռիվ տալ Ադրբեջանի ներկայացուցչի հետ ու ապացուցել, որ "Սարի աղջիկը" ոչ թե ադրբեջանական, այլ հայկական ժողովրդական երգ է, եւ ակապելլա կատարել այն ժյուրիի անդամների մոտ, ինչն ընդունվել է ծափողջյուններով:
Այնուամենայնիվ, Տիգրանին հաջողվել է ձախողել Ադրբեջանի` խորամանկությամբ հաղթանակի հասնելու մոլուցքը, քանի որ նրանք ստանալով ցածր գնահատականներ` զբաղեցրել են վերջից առաջին տեղը:
Բայց ազերին չէր կարող մարսել այդ ամենը եւ կրկին զոռ տալով իրենց հարստությանը` նավթին, հասան այնտեղ, որ երգը կատարել տվեցին ֆրանսիացի հայտնի երգչուհի ԼԱՌԱ ՖԱԲԻԱՆԻՆ: Ինչ խոսք, Ֆաբիանը լավ էլ կատարում է երգը, բայց ցավոք` ադրբեջաներեն: Այս դեպքում անտրամաբանական է դառնում, թե ովքեր են աշխատում աշխարհահռչակ երգչուհու փիառի վրա կամ ընդհանրապես ժողովրդական լեզվով ասած. "Սա՞ղ է նրա պրոդյուսերը": Չէ՞ որ Լառա Ֆաբիանն այսօր կատարում է մի երգ, որը ազերին նենգաբար շորթել է հայերից: Մի՞թե աշխարհահռչակ երգիչներն անգամ կարող են ամեն ինչի պատրաստ լինել` տուրք տալով թուրք-ադրբեջանական նավթադոլարներին: Չմոռանանք, որ ոչ վաղ անցյալում երգչուհի Շակիրան էլ զոհ գնալով այդ նույն նավթադոլարներին` երգում ու պարում էր ադրբեջանական խնջույքների` կնունք-ծնունդների ժամանակ: Իսկ խնջույքի ավարտին էլ շքեղ մեքենայով շեյխերը նրան տանում էին անհայտ կամ խիստ հասկանալի ուղղությամբ: Ոչինչ, ինչպես ԱԺ պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ մի առիթով ասաց. "Ադրբեջանական նավթն անսպառ չէ, մի օր դա էլ կսպառվի...":
Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

