"ՀԱՄԵՐԳՈՎ ՄԵՐ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ ԲԵՐԵՑԻՆՔ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ"
Դեկտեմբերի 7-ին կոմպոզիտոր, երգիչ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆ իր մենահամերգով եւ LIVE-2014 ձայնասկավառակի շնորհանդեսով եզրափակեց 2014 թվականի ակումբային մենահամերգները: "Իրավունքի" հետ զրույցում երաժիշտը խոսեց համերգի, ծրագրում ներառված երգերի եւ առաջիկա մեծ մենահամերգի մասին:
-Ընդհանրապես իմ համերգային ծրագրում ներառված են մի քանի երգաշարեր, այսինքն` երգաշար գրված Կոմիտասի բանաստեղծությունների եւ Ռազմիկ Դավոյանի ստեղծագործությունների հիման վրա եւ երգաշար, որտեղ բառերի հեղինակը ես եմ: Այս համերգում ընդգրկել էի նշած բոլոր երգաշարերից մի քանի ստեղծագործություններ, նպատակ ունենալով ստեղծագործությունները լիարժեք ներկայացնել կամերային ժանրի շրջանակներում: Քանի որ այս համերգով մեր խոնարհումը բերեցինք 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին, ուստի ներկայացվեցին այնպիսի ստեղծագործություններ, որոնք համահունչ են մեր պատմությանը:
"30 ՏԱՐԻ Է` ԲԵՄՈՒՄ ԵՄ, ԵՎ ԱՄԵՆ ԻՆՉ ՆՈՒՅՆՆ Է"
-Արդեն 30 տարի է` բեմում եմ, եւ ամեն ինչ նույնն է` հնարավոր չէ համերգից առաջ չհուզվել: Յուրաքանչյուր հանդիպում հանդիսատեսի հետ մի երանելի պահ է: Ես միշտ հուզվում եմ եւ հասկանում, որ փոխանակ կոփվեմ, ընդհակառակը` համերգից համերգ ավելի եմ հուզվում: Սա հոգեվիճակի խնդիր է, երբ հասկանում ես, որ ամեն ինչ իր տեղում է: Իմ այս տարվա վերջին համերգն է, որով էլ կավարտվի ակումբային մենահամերգներս: Իսկ հաջորդ տարի լինելու է մեծ համերգների եւ ծրագրերի տարի` բացի նրանից, որ իմ ծննդյան` 50, նաեւ բեմական գործունեության 30-ամյակն է: ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ