Օրերս Մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ Շիրակի մարզ կատարած շրջայցի ժամանակ եղավ նաեւ Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում: Տիկին Պողոսյանը ոչ միայն դրական գնահատական տվեց թանգարանում կատարված վերանորոգման աշխատանքներին, այլ նաեւ ասաց. "Ժառանգություն ունենալը դեռ գործի կեսն է, կարեւոր է, թե այն ինչպես է ներկայացվում, քարոզվում, հանրահռչակվում, իսկ այս թանգարանի թիմն այդ գործը աներեւակայելի լավ է անում:
Սա, իսկապես, տուն է, օջախ: Նշում ենք մեծն Շիրազի 100-ամյակը, եւ այնքան էական է, թե ինչ վիճակում է գտնվում նրա տունը, ինչը, փառք Աստծո, հրաշալի պատկերով է ներկայանում: Շիրազի համար այստեղ հոգացավ են, նրան իբրեւ ազգային արժեք են պահպանում. միշտ չէ, որ մարդու բախտը բերում է, եւ իր ժառանգները եւս օրինավոր ու կիրթ են լինում` Շիրազն այս իմաստով շատ երջանիկ է": Ապա անդրադառնալով դեկտեմբերի 3-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած հայ մեծանուն բանաստեղծի 100-ամյակին նվիրված երեկոյին` նախարարը ափսոսանք հայտնեց, որ ծրագրում Շիրազի տուն-թանգարանի արխիվներն ու աշխատակիցներն ընդգրկված չեն եղել. "Ես հիմա ինձ մեղավոր եմ զգում, որ այստեղից խոսք չհասավ լայն լսարաններին, բայց հաջորդ տարի այդ բացթողումը կլրացնենք, հատկապես, որ ունենք լող տալու հնարավորություն` հոբելյարի ծննդյան 100-ամյակի լրանալու 2014, թե 2015 թվականի առումով: Եվ, ի վերջո, ինչու պետք է հոբելյաններով առաջնորդվենք: Մեր մեջ կան անուններ, որոնց հանդեպ ամենօրյա հոգատարություն պետք է ցուցաբերել, անուններ կան, որ իրենք իրենց կյանքով ապրում են: Ճիշտ է, մեր պարտքը պետք է կատարենք, մեր գործն անենք, բայց ի դեմս Շիրազի` ոմանք այնքա՜ն պարզություն ու շիտակություն ունեն, որ իրենց ճանապարհն այսպես, թե այնպես` անցնում են":