ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ԽՆԴԻՐ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՅԼԵՎ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ԽՆԴԻՐ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՅԼԵՎ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը հարուստ է պատմական հուշարձաններով, որոնց մի մասն ունի դարերի պատմություն: Տարիների ընթացքում այդ հուշարձաններից որոշները թե՛ մարդկային գործոնի, թե՛ բնության արհավիրքների հետեւանքով կիսականգուն վիճակում են: Չնայած` պետական միջոցներով կիսականգուն եւ ոչնչացման եզրին գտնվող հուշարձանները մաս առ մաս վերականգնվում են: ՀՀ-ում հուշարձանների վերականգնման եւ պահպանության հետ կապված խնդիրների շուրջ "Իրավունքը" զրուցեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ ԱՐՄԵՆ ԱԲՐՈՅԱՆԻ հետ:
"ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ
ՉԻ ԿԱՐԵԼԻ ՎՍՏԱՀԵԼ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻՆ"
-Հուշարձանների պահպանությունը մի քանի խնդիրների հետ է առնչվում, պահպանության գործառույթը չի վերաբերում միայն որեւիցե միջամտություն անելուն: Ցանկացած միջամտություն` ամրակայմանը, բարեկարգմանը եւ օգտագործմանն ուղղված, եթե ճիշտ ձեւով չի իրականացվում` կարող է բերել ավելի վատ հետեւանքների: Այսինքն`ցանկացած միջամտություն պահանջում է պրոֆեսիոնալիզմ: Այսօր մեր պետությունը հուշարձանների պահպանության համար տրամադրում է միջոցներ, սակայն ի վիճակի չէ պահպանել բոլոր հուշարձանները, մանավանդ այն դեպքում, երբ 24 հազար հուշարձաններից 8 հազարը պետական են: Սա մեծ խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի համար: Շատ երկրներում դրանք տրվում են օգտագործման այն պայմանով, որ անպայման բարեկարգվեն: Այսօր այն հուշարձանները, որոնք ավելի շատ միջնադարյան են, վստահել բարերարների, պարզապես հնարավոր չէ, քանի որ դրանց պահպանությունը պահանջում է համակարգված միջամտություն:
"ՏԱՐԻՆԵՐԻ
ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿՐԿՆՎՈՒՄ ԵՆ"
-Այսօր պետական բյուջեն միջոցներ է տրամադրում տարեկան մոտ 12-13 հուշարձանի վերականգնման, ինչպես նաեւ պատմականորեն ավելի արժեքավոր հուշարձանների եւ դրանց նախագծային, նախահաշվային փաստաթղթերի կազման համար: Միջոցներ է տրամադրում նաեւ ուսումնասիրությունների համար: Վերջին երկու տարիների ընթացքում բյուջեի միջոցով հուշարձանների պահպանությանն ուղղված միջոցներն ավելացել են, նախատեսված է ավելացում նաեւ 2015 թվականին: Հուշարձանների պահպանությունը պահանջում է շարունակական աշխատանքներ, քանի որ տարիների ընթացքում առկա խնդիրները կրկնվում են:
"ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ
ԳՈՐԾՈՆՆ Է"
-Հուշարձանների ոչնչացման, խաթարման հիմնական պատճառը մարդկային գործոնն է: Այս ուղղությամբ իրականացնում ենք բազմաթիվ միջոցառումներ: Հուշարձանների պահպանության հարցում մենք ունենք մարդկային գիտակցության բարձրացման խնդիր: Ունենք հուշարձաններ, որոնք գտնվում են ամայի տարածքում, այստեղ մարդկային ձեռքը չի հասնում, սակայն իր գործն անում է բնությունը, այս դեպքում դրանք չեն համարվում վնասներ, պարզապես դիտվում են, որպես ծերացում:
"ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՈՎ ՀԱՐՈՒՍՏ Է
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԸ, ՊԱՏՄԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՎ`
ԼՈՌԻՆ"
-Մենք ունենք հուշարձանները վերականգնող մասնագետներ, սակայն ՀՀ-ում քիչ են աշխատատեղերը: Ցանկացած պայմաններում կարող ենք ցուցաբերել մասնագիտական օժանդակություն: Այլ հարց է, երբ չեն դիմում մասնագետների: Հարկ է նշել, որ այդ ամենով հանդերձ` դաշտն ունի կարգավորման կարիք, հատկապես` ՀՀ մշակույթի նախարարությանը լիազորելու համապատասխան մասնագետներին հավաստագրման կամ լիցենզավորման հնարավորությամբ: Այսօր նրանք գործում են այլ բնագավառի` քաղաքաշինության լիցենզիաներով, ինչը չի բավարարում մասնագետներին զուտ համախմբելու, իրենց պոտենցիալը գիտակցելու եւ հնարավորությունները գնահատելու առումով: Այսօրվա Հայաստանը եւ պատմական Հայաստանն ամբողջությամբ հարուստ է հուշարձաններով: Միշտ քննարկում ենք, թե ՀՀ-ում հատկապես որ տարածքն ինչ նշանակության հուշարձաններով է հարուստ: Այս առումով հնագիտական հուշարձաններով հարուստ է Գեղարքունիքի մարզը, պատմական եկեղեցիներով հարուստ է Լոռին: Գրեթե բոլոր մարզերում տարածքներին համապատասխան կան հուշարձաններ, այլ հարց է, թե որ հուշարձաներն են ավելի շատ:
Բոլոր համայնքներում առկա հուշարձաններին ցուցաբերվում է համապատասխան եւ հավասար ուշադրություն, դրանք բոլորն էլ պետության ուշադրության կենտրոնում են:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

