ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ 100 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԸ ՉԻ ՀԱՍԵԼ ԻՐԱՔԻ ԵԶԴԻՆԵՐԻՆ
Արխիվ 12-16Երեկ "Ազդակ" ակումբում Իրաքում եզդիների բնաջնջման հայտնի իրադարձությունների շուրջ լրագրողների հետ իր մտահոգությունները կիսեց աշխարհի եւ Հայաստանի եզդիների միության նախագահ, Միջազգային ակադեմիայի ակադեմիկոս ԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆԸ: Նա ասուլիսին ներկայացել է "Եզդի խանա" թերթի խմբագիր Խդըր Հաջոյանի հետ:
-Ցեղասպանության հարցը օրերս լսվեց նաեւ Ազգային ժողովում: Ես զարմանում թուրքական, օսմանյան պետության վարած այդ քաղաքականության վրա, որոնք 1915 թվականին կազմակերպեցին հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն, ինչպես նաեւ եզդի, ասորի եւ հույն ժողովուրդների դեմ, որի արդյունքում 1,5 մլն հայ, 700 հազար հույներ, ասորիներ եւ 500 հազար եզդիներ ցեղասպանվեցին: Իսկ այսօր այդ նույն բանը շարունակում են Իրաքի հյուսիսային հատվածում` եզդիների դեմ: Մենք աշխարհի ամենահնագույն ժողովուրդներից ենք, իսկ Իրաքի հյուսիսային տարածքում ապրել են շուրջ 300 հազար եզդի, բայց այս տարվա օգոստոսի 3-ը մեզ համար ճակատագրական էր: Ինչպես գիտեք, քրդական, արաբական տեռորիստները ջարդ կազմակերպեցին եզդիների դեմ` որպես ոչ մուսուլմանական ազգի. սկսեցին կոտորել, կանանց բռնաբարել, օրորոցի երեխաներին սպանել: Կային շուրջ 70 գյուղեր, որտեղ ապրում էին եզդիներ, եւ հիմա այդ բոլոր գյուղերը դատարկվել են, մարդ չկա: Մի մասը բարձրացել են լեռներ, մյուս մասն էլ` որտեղ պատահի: Ես ամեն օր կապ ունեմ իրենց հետ, օր օրի վիճակը վատանում է: Մեր տվյալներով` օրական 10 երեխա է մահանում ցրտից:
Այս հարցի վրա շատ գերտերություններ աչք են փակել, թեեւ դիմել ենք ԱՄՆ-ի, Անգլիայի, ՌԴ-ի կառավարություններին: Իսկ մեր կառավարությունը իր հնարավորությունների սահմաններում փորձեց օգնել, եւ շնորհակալ ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ով մի քանի անգամ միջազգային խորհրդակցությունների ժամանակ ներկայացրել է եզդիների անպաշտպան վիճակը: Ես զարմանում եմ, ինչպես կարելի է 21-րդ դարում բոլորի աչքի առաջ հնագույն ազգին վերացնել: Ցանկանում են մեզ վերացնել ու մեզ համարում են գյավուրներ, այսինքն` անաստվածներ: Բայց իսկական անհավատն ու անաստվածն իրենք են, քանի որ երեխաներ են մորթում, մարդկանց են վերացնում: Որոշ միջազգային կառույցներ խոսում են ժողովրդավարության, մարդու իրավունքների, գլոբալիզացիայի մասին, բայց այսօր ի՞նչ է կատարվում բոլորիս աչքի առաջ, սա՞ է այդ ժողովրդավարությունը: Պետք է այդ տեսակ ազգին վերացնել, եւ ես հիմա անեծք եմ անում. "Թող հողը այրվի իրենց ոտքի տակ":
Հարցինª կա՞ն տվյալներ, թե քանի եզդի ընտանիքներ են եկել եւ բնակություն հաստատել Հայաստանում: Ա. Թամոյանը պատասխանեց.
- ՀՀ նախագահի կողմից հանձնարարություն կա, որ այդ հարցով զբաղվեն, ճշտելու, թե որքան մարդ կարող ենք ընդունել: Սակայն Հայաստանն այն վիճակում չէ, որ կարողանա այդքան եզդի ընդունել, բայց մենք մեր ջանքերով կարող ենք ամեն մեկս մի քանի ընտանիքներ ընդունել եւ պահել: Մենք հիմա պետք է այդ մարդկանց նյութապես օգնենք, իսկ հոգեպես կօգնենք, երբ կգան Հայաստան: Շնորհակալ եմ Հայաստանի կառավարությանը` 100 հազար դոլար տրամադրելու, ինչպես նաեւ մի քանի մարզերի մարզպետներին` նյութական աջակցության համար: Բայց ցավով ուզում եմ նշել, որ այդ նյութական օգնությունները տեղ չեն հասնում, ճանապարհին կորում են այդ գումարները: ՀՀ կառավարության գումարը տեղ չի հասել, այն գնում է քրդերի կառավարությանը եւ մեր եզդիներին չի հասնում: Այդ ոճրագործների համար ամենակարեւորը քրիստոնյաներին դավանափոխ անելն է: Տարօրինակ է Ղուրանի պահանջը, այնտեղ ասվում է, որ յուրաքանչյուր դավանափոխ քրիստոնյայի համար կհայտնվեք դրախտում: Այս պարագայում ես ավելի մեծ զարմանք եմ ապրում Միացյալ Նահանգների պահվածքից, չէ՞ որ նրանք քրիստոնյա են, հիմա եթե մենք դավանափոխ լինենք, դրանից նրանք ի՞նչ կշահեն: Եթե իրենք ոչ մի բան չեն կազմակերպում, ապա ինչո՞ւ չեն միջամտում այս ոճրագործություններին, այս ցեղասպանությանը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

