ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ ԵՆ ՀԿ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ
Արխիվ 12-16ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ ԵՆ ՀԿ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ՞
Եվ այսպեսª գալիք տարվա ՀՀ պետական բյուջեի նախագիծն արդեն վերջնականապես հաստատված է: Ընդ որումª հաստատված է առանց էական փոփոխությունների, չնայած որ հնարավոր փոփոխությունների մասին շատ էր խոսվում այն պահից, երբ հայաստանյան դրամի փոխարժեքն սկսեց նման "տարօրինակ" վարքագիծ դրսեւորել:Ինչեւէ. պետբյուջեի հիմնական ցուցանիշների, նպատակադրված խնդիրների, դրանց լուծման ուղիների մասին շատ է խոսվել եւ կրկնելն էլ արդեն իմաստ չունի: Սակայն դեռ կան տարաբնույթ ուղղությամբ իրականացվելիք հատկացումների մասին խոսակցություններ, որոնք դեռ երկար ժամանակ պարզաբանման կարիք կունենան: Օրինակª բյուջետային հիմնական հատկացումների համեմատ համեստ թվացող, բայց մեկ էª բավական մեծ գումարներ են հատկացնում Հայաստանում գործող տարբեր ՀԿ-ների եւ հիմնադրամների: Ուստիեւ առաջ է գալիս մեկ շատ պարզ հարց. ինչո՞ւ, ի՞նչ է լինելու այդ գումարների ճակատագիրը: Մի կողմիցª կարելի է հիշել անցած երկար տարիների այն տխուր փորձը, որ նման հատկացումները բյուջեն պուճուր-պուճուր ուտելու լավ եղանակ է: Բայց նաեւ չբացառենք, որ այդ հատկացումները կարող է եւ միանգամայն ցանկալի ծրագրերի են միտված, եւ նույնիսկ որոշ դեպքերում լավ կլիներ դրանք բազմապատկել:
Ամեն դեպքումª թվարկենք առաջին հայացքից տարօրինակ, անհասկանալի թվացող տարաբնույթ ՀԿ-ների բյուջետային միջոցներ հատկացնելու մի քանի պատահական օրինակներ: Ասենքª "Հանս Քրիստիան կոֆոեդ" հիմնադրամին հատկացվելու է 59 մլն դրամ, "Առաքելություն Հայաստան" բարեգործական հիմնադրամինª 189 մլն, "Փրկություն" ՀԿ-ինª 23 մլն, "Հույսի կամուրջ" ՀԿ-ինª 70 մլն եւ այսպես շարունակ: Ուրեմն ինչի՞ համար կծախսվեն պետական այդ միջոցները, կամ կա՞ն երաշխիքներ, որ դրանք նպատակին կծառայեն: Այս հարցերի պատասխանները ստանալու համար նախ փորձեցինք վերոնշյալ կազմակերպություններից հետաքրքրվել, թե ինչ գործունեություն են վերջիններս ծավալում, եւ ինչ նպատակով են այդ գումարները ծախսվում:
Թվարկվածներից "Փրկություն" ՀԿ-ի նախագահ Արփինե Աբրահամյանը իր խոսքում շատ կարճ եւ կոնկրետ էր. "Մեր ՀԿ-ի նպատակն է` նպաստել հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների, մասնավորապես մտավոր խնդիրներ ունեցողների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների սոցիալական կրթական եւ առողջապահական հիմնախնդիրների լուծմանը":
Լավ նպատակ է, եւ այստեղ միակ խնդիրն այն է, թե հատկացվելիք գումարներն ինչքանո՞վ կծառայեն նպատակին, ինչն էլ կփորձենք հասկանալ ժամանակի ընթացքում:
Պակաս ողջունելի չէ նաեւ "Հանս Քրիստիան կոֆոեդի" նպատակը, միայն թե տարօրինակն այն է, որ մեզ մեկնաբանություններ տված աշխատակիցն այդպես էլ չցանկացավ ներկայանալ: Ամեն դեպքումª նա ասաց. "Այդ գումարը ՀՀ-ի անօթեւան քաղաքացիներին է հատկացվում: Քաղաքապետարանն իր կառույցների միջոցով խնդրեց, որ մենք մայրաքաղաքի անօթեւան մարդկանց տեղավորենք մեզ մոտ, մենք էլ սկսեցինք նրանց խնդիրները լուծել: Նախկինում անօթեւան մարդկանց Չորրորդ գյուղում ընդամենը երկու ամիս իրավունք ունեին պահելու, իսկ մենք փորձում ենք ամեն կերպ վերաինտեգրենք կամ ուղարկենք պետական խնամքի մշտական հաստատություններ: 2014 թվականից կառավարությունը խնդրեց, որ մեր կազմակերպությունը վերցնի այդ մարդկանց եւ լուրջ զբաղվենք այդ մարդկանց հարցերով` անձնագրերի ստացումով, հաշմանդամության կարգերով, աշխատանքներ ենք տանում ընտանիքների հետ, որպեսզի վերադարձնենք ընտանիքներ, տալիս ենք աշխատանքային հմտություններ եւ նման շատ-շատ բաներ: Կարող եք ինքներդ գալ եւ տեսնել մեր կատարած աշխատանքները":
Բայց հարցեր դեռ կան. հիմի քաղաքապետարա՞նն է հատկացնում, թե՞ կառավարությունն է խնդրել: Էլ չասած, որ Հայաստանում, եթե չենք սխալվում, դեռ կա Սոցապ նախարարություն, հենց որն էլ պետք է անօթեւանների հետ կապված հարցերով զբաղվեր:
Նկատելիորեն ավելի մեծ գումար է ստանալու "Հույսի կամուրջ" հասարակական կազմակերպությունը, որի տնօրենի հետ խոսել մեզ չհաջողվեց, քանի որ ինչպես ՀԿ-ից հայտնեցին, քաղաքում չէր: Փոխարենը մեզ պատասխանեց Նարինե անունով ներկայացած հաշվապահը, ով նախ անդրադարձավ ՀԿ-ի գործունեությանը. "Նպատակն էª պաշտպանել հաշմանդամություն ունեցող երեխաների, երիտասարդների եւ նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը, նպաստել նրանց ներգրավմանը սոցիալական կյանքում: Մեր տեսլականը հաշմանդամություն ունեցող անձի արժանապատիվ կյանքով ապրելն ու բոլորին հավասարª երկրի ապագայի կառուցմանը մասնակից դարձնելն է":
Այսինքնª մոտավորապես նույն բանն է անում, ինչ "Փրկությո՞ւնը": Բայց չէ՞ որ այս դեպքում, մեղմ ասած, տարօրինակ է, որ պետական սուղ միջոցներն այսպես կտոր-կտոր բաժանվում են նույն աշխատանքն իրենց գործունեության նպատակ հռչակած ՀԿ-ների միջեւ, առավել եւս, որ կան դրա համար պատասխանատու պետական կառույցներ եւս: Իսկ երբ պետական գումարներն այսպես մասնատվում են, ապա, մեղմ ասած, մեծ է դրանք փոշիացնելու եւ առաջադրված նպատակն առհասարակ ձախողելու վտանգը: Դե ուրեմն կոնկրետ դեպքում "Հույսի կամուրջն" ինչի՞ վրա է ծախսելու այդ հատկացումները: Մեր զրուցակցի բացատրությունն ուղղակի ապշեցնող էր.
- Հատկացրած գումարը նախատեսվում է ՀԿ-ի աշխատակիցների աշխատավարձերի համար, ուրիշ որեւէ ծախս դրանով չենք կարողանում անել:
- Միայն աշխատավարձի համա՞ր:
- Այո, այն էլ նվազագույն աշխատավարձի չափով:
- Այդ դեպքումª ինչո՞վ եք հոգում ՀԿ-ի շահառուների համար նախատեսված ծախսերը:
- Մեր ուրիշ ծրագրերով ենք հոգում, ոչ պետական: Կառավարության հատկացրածով պահում ենք այն մարդկանց, ովքեր մատուցում են ծառայություններ մեր կենտրոններում, 21 հաստիքով աշխատավարձն է` նվազագույնի չափով: Միայն այդքանը, մնացածը` մյուս ծրագրերով ենք կարողանում` կոմունալ, ջեռուցման, մեքենայի եւ այլ ծախսերը հոգալ, ոչ կառավարության:
Ուրեմն ի՞նչ է ստացվում. պետության հատկացրած տարեկան 70 միլիոնը հազիվ 21 մարդու աշխատավարձերի համա՞ր է բավարարում: Բայց չէ՞ որ դա մեկ մարդու հաշվարկով ամսական մոտ 280 հազար դրամ է ստացվում, այսինքնª մոտ 3 ուսուցչի աշխատավարձ: Այդպես էլ ՀԿ, այսինքնª հասարակական գործունեությո՞ւն կլինի: Լավ, մի պահ ընդունենք, որ դա արդարացված է: Բայց այս դեպքում էլ ավելի տարօրինակ է դառնում մոտավորապես նույն նպատակով մի քանի ՀԿ-ների ֆինանսավորելու հարցը, չէ՞ որ նրանք բոլորն էլ կարող են խոսել իրենց աշխատակազմերին աշխատավարձեր տալու մասին: Կարելի է չէ՞ դրանց բոլորին կենտրոնացնել եւ մի քանի նման աշխատակազմերի փոխարեն գոնե մեկը պահել: Էլ չասած, որ նույն պետական սուղ միջոցները միշտ էլ կարելի է հենց պետության, այսինքնª արդեն իսկ աշխատավարձ ստացող համակարգի միջոցով հասցնել հաշմանդամ երեխաներին կամ մյուս կարիքավորներին:
Եվ, առհասարակ, եթե պետական հատկացումները գնում են աշխատավարձեր տալու համար, ուրեմն նման ՀԿ-ներով շատ ավելի լուրջ զբաղվելու խնդիր կա:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

