"ՀԱԲՐԳԱԾ" ՄԵՔԵՆԱՆԵՐՆ ԷԻՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ ՏՎԵ՞Լ
Արխիվ 12-16"ՀԱԲՐԳԱԾ" ՄԵՔԵՆԱՆԵՐՆ ԷԻՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ ՏՎԵ՞Լ
Ի՞նչ կարող է ծնողն անել երեխայի համար: "Կարող"-ը որոշիչ բառն է, որ մեզանում, հավանաբար, իմաստազուրկ է դարձնում "պետք" է պարտավորեցնող բառի առաքինությունը: Բայց դե ոչինչ. այդպիսի դեպքերի համար կան իրավապահներ ու դատարաններ...BMW X-5 ԵՎ "ՆԻՍԱՆ ՊԱՅԹՖԱՆԴԵՐ"
2013-ի մայիսի 28-ի օրը տոնական ավարտ չունեցավ 23-ամյա Տիգրան Արշակյանի եւ 20-ամյա Ջիվան Ասատրյանի համար. երիտասարդները որոշել էին ինքնահաստատվել:
Տիգրանը կնոջ հետ այդ օրը ժամը 23:00-ի սահմաններում, ըստ ոստիկանությանª "իրեն պատկանող BMW X-5 մակնիշի ավտոմեքենայով զբոսնում էր Երեւանի Լուկաշինի փողոցում": Նույն փողոցով նույն ժամին նույն տեղում "զբոսնում" էր Ջիվանըª "Նիսան պայթֆայնդեր" մակնիշի ավտոմեքենայով: Լուկաշինի 1-ին եւ 2-րդ փողոցների հատման մասում Ջիվանը ձայնային ազդանշանով ճանապարհ էր պահանջել Տիգրանից: Դրանից վրդովված Տիգրանն իր հերթին ձայնային ազդանշան էր տվել: Ազդանշաններ տալով` երիտասարդները հասել էին փողոցի 57 տան մոտ ու կանգ էին առել: Տիգրանն իջել էր ավտոմեքենայից, մոտեցել էր Ջիվանին ու...
Ոստիկանական փաստաթղթերում արձանագրված է, թե "Տիգրանը Ջիվանից կատարվածի համար պարզաբանումներ էր պահանջել": Իրավիճակն ավելի հստակ ներկայացնելու համար նույն բակում բնակվող երիտասարդների միջեւ սկսված գործընթացը կանվանենք "ռազբորկա", որին ինքնաբերաբար մասնակից էր դարձել Ջիվանի հետ ավտոմեքենայում գտնված նրա ընկերը, իսկ "ռազբորկայի" ավարտին նաեւ Տիգրանի կինը...
"ՌԱԶԲՈՐԿԱՅԻ"
"ՄԻՋԱՆԿՅԱԼ" ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Ջիվանն ու նրա ընկերը ծեծել էին Տիգրանին: Վերջինիս կինն իջել էր ավտոմեքենայից, աղմկել եւ բղավել էր ու դրանով վերջ տվել ծեծկռտուքին: Այդ դեպքից 30 րոպե անց, իրենց տանը, երիտասարդ կնոջ ինքնազգացողությունը վատացել էր, հարազատների կանչով ժամանած "Շտապբուժօգնության" աշխատակիցներն անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերել: Հասկանալի է, որ Տիգրանն իր կնոջ առողջական վիճակի վատթարացման պատճառ էր համարել տեղի ունեցած միջադեպը եւ դրա ընթացքում ու հետեւանքով ունեցած ծանր ապրումները: Տիգրան Արշակյանը որոշել էր վրեժխնդիր լինել իրեն ծեծողների ու կնոջը ծանր հոգեվիճակի հասցնողների նկատմամբ...
ԳՆԱՑԵԼ ԷՐ ԸՆԴԱՄԵՆԸ "ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ԾԱՆՐ ՎՆԱՍ
ՊԱՏՃԱՌԵԼՈՒ" ՆՊԱՏԱԿՈՎ
"Շտապօգնության" աշխատակիցների գնալուց հետո Տիգրանը "օգնության" էր կանչել հարազատ-բարեկամներին եւ նրանց հետ միասին գնացել էր Ջիվանի տան բակ` "պարզաբանումներ կատարելու" դուրս էր կանչել Ջիվանին, որը տնից դուրս գալով` մոտեցել էր բակում կանգնած "հյուրերին": Արդյունքում, Տիգրանի ձեռքում եղած դանակից աջ գոտկային եւ ձախ հետույքային շրջաններին ստացված վնավածքներով Ջիվանը հայտնվել էր հիվանդանոցում: Բժիշկներն ախտորոշել էին "լյարդի վնասում եւ հեմոպերիտոնեում", որոնք որակվել էին որպես "առողջության ծանր եւ կյանքին վտանգ սպառնացող վնաս": Իսկ Ջիվան Ասատրյանը մինչ այդ "իր մոտ եղած դանակով հարվածել էր Արշակի եղբորª Տարոնի կրծքավանդակի ձախ կեսի եւ աջ զստային շրջանին, առաջ բերել ձախ թոքի վնասում եւ պնեւմոհիդրոթորաքս ու վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս":
ԴԱՏԱՐԱՆԻ ԾՆՈՂԱԿԱՆ ԲԱՐԵՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ
Տիգրան Սամվելի Արշակյանը եւ Ջիվան Ղարիբի Ասատրյանը մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում եւ պատժվեցին համապատասխանաբար 4 եւ 3 տարվա ազատազրկման: Ջիվանն օգտվեց համաներումից, իսկ Տիգրանը վերաքննիչ բողոք է ներկայացրել վերադաս դատարան. պահանջել է բեկանել իր մասով առաջին ատյանի դատարանի դատավճիռն ու գործն ուղարկել նոր քննության:
Դատարանը բավականին մեղմ էր վերաբերվել երիտասարդներին: Հավանաբար, Տիգրանը նույնպես կարժանանար համաներումը կիրառելու համար նախատեսված պատժին, եթե ոչ վաղ անցյալում արդեն օգտված չլիներ դատարանի բարությունից: Խնդիրն այն էր, որ 2010-ին զինծառայող շարքային Տիգրան Սամվելի Արշակյանը որպես մեղադրյալ հայտնվել էր դատարանումª պետին ծեծելու ու ծառայության կանոնները խախտելու համար, դատապարտվել էր ազատազրկման` 3 տարի 1 ամիս ժամկետով, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել էր վերջին դեպքից 3 ամիս առաջ: Նրա դատվածությունը պետք է մարվեր 2016 թվականի փետրվարին: Այլ խոսքովª Տիգրան Արշակյանի դեպքում առկա էր հանցագործությունների ռեցիդիվը:
Բայց այն, որ այս ամենի պատճառը ընդամենը ձայնային ազդանշաններով իրար "նախշելն" էր, ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում:
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

