ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ԹՈՒՐՔ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆ Է ԴԱՌՆՈՒՄ ԱՄՆ-Ի ԳԼԽԱՑԱՎԸ
Արխիվ 12-16ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ԹՈՒՐՔ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆ Է ԴԱՌՆՈՒՄ ԱՄՆ-Ի ԳԼԽԱՑԱՎԸ
Անձնական բնույթի հետաքրքիր խոստովանությամբ է օրերս հանդես եկել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը: Ըստ սույն տիկնոջª երբ վիճում է իր հինգամյա որդու հետ, վերջինս հաճախ զայրացած սպառնում է. "Ես թեզ ատում եմ: Ես կգնամ Պուտինի մոտª Ռուսաստան":ՆՈՐԻՑ ԱՆՑԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾՆՈՂՆԵՐԻ ՎՐԱ ԳՈՐԾ ՏՎՈՂՆԵՐԻ ՍԵՐՈՒՆԴ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ՞Ն
Միգուցե Ամերիկայում դեմոկրատիայի գագաթնակե՞տ են համարում, երբ մայրը վիճում է իր հինգամյա որդու հետ. դա, իհարկե, իրենց գործն է: Իսկ Հայաստանում հինգամյա երեխայի հետ մոր տաք-տաք վեճերն առնվազն տարօրինակ կթվային, իսկ մորը "ատող" եւ ամեն վեճից հետո նրա թշնամու մոտ փախչել սպառնացող երեխան հաստատ բոլորի աչքերին միայն "լկտի լակոտի" տպավորություն կառաջացներ, ում դաստիարակությամբ չէր խանգարի, որ ծնողներն ավելի լրջորեն ու մի քիչ էլ խստորեն զբաղվեին: Իհարկեª թե ինչպես են ԱՄՆ-ում նախընտրում իրենց ընտանեկան, այդ թվումª ծնող-երեխա հարաբերությունները կառուցել, իրենց որոշելիքն է: Իսկ Հայաստանում այդ հարաբերությունները ձեւավորվել են բոլորովին այլ արժեքների հիման վրա, որն էլ մեզ է հազարամյակներով գոհացրել: Բայց ահա լինելով այդքան "ոչ դեմոկրատ", մենք քթներս չենք խոթում ընտանիքը կառուցելու ամերիկացիների ընտրած մոդելի մեջ: Մինչդեռ սուպերդեմոկրատ ամերիկացիների ուշքն ու միտքը, "չգիտես" ինչու, մեր ընտրած ընտանեկան մոդելը հիմքերից փոխելն է: Համենայնդեպսª մինչ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը ոգեւորված պատմում էր որդու "հերոսությունների" մասին, նրա հայաստանյան գործընկերը, դեսպան Ջոն Հեֆերնն էլ իր հերթին էր քարոզում, թե Հայաստանում պետք է այսպես կոչված "ընտանեկան բռնությունները" քրեականացնող հատուկ օրենք ընդունել: Միայն թե այդպես էլ անհասկանալի է, թե որն է դրա իմաստը: Չէ՞ որ բռնությունը մնում է բռնություն, լինի դա փողոցում, ընտանիքում, թե մի այլ տեղ: Եվ բռնություն կոչվածն առհասարակ Հայաստանում վաղուց է քրեականացված: Ուրեմն ինչո՞ւ պետք է հատուկ շեշտվի "ընտանեկան բռնությունը":
Բայց որ քարոզում են, ուրեմն մի բանի համար պետք է. հակառակ դեպքում հազիվ թե ամերիկյան դեսպանը հերթական անգամ իր լիազորությունները գերազանցելով` քիթը հայաստանյան օրենսդրության մեջ խոթեր:
Թե ուր է տանում այս ամենը, դժվար չէ կռահել: Այն, որ հազարամյակներով ստեղծված "ընտանիք" հասկացությունը քանդելով` նաեւ "ազգ" ասված հասկացությունը կքանդվի, հասկանալի է: Թե ինչու է պետք հենց այս պահին մինչեւ վերջ փոխել հայկական ընտանիքի մոդելն ու դրա հետ նաեւ որոշակիորեն "եվրոպականացած" մեր ազգային դիմագիծը մինչեւ վերջ փոխել, դա էլ դժվար չէ ենթադրել. մարդկանց պետք է կառավարելի Հայաստան, իսկ ամենահեշտ կառավարելին տարաբնույթ սեռական, կրոնական "եվրաարժեքներով" "հարստացված" երկիրն է: Եվ քանի որ մեր "նախնադարյան" ընտանեկան մոդելով դաստիարակված հասարակությունը հիմնականում զզվանքով է վերաբերվում այդ "արժեքներին", ուրեմն պետք է այդ հասարակությանը "դաստիարակել" ծննդատնից սկսած, որ ծնվելուն պես երեխան մոր կաթի հետ մեկտեղ այդ նույն մոր վրա "պոլիս" բերելու "գաղափարախոսությամբ" սնվի: Իսկ որ մեծանալովª նման երեխաների համար արդեն սրբություններ կլինեն ոչ թե ծնողներն ու հայրենի հողը, այլ տարաբնույթ կոնչիտաները, կարելի է ենթադրել:
ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ԱՐԴԵՆ ՆԱԽ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ՊԵՏՔ Է ԼԵԶՈՒ ԳՏՆԻ
Իհարկեª կասկածում ենք, որ մեր երկրի հիմքերը քանդելու այս հերթական փորձը հաջողության կհասնի: Բայց այն, որ դեսպան Հեֆերնը, ասենք նաեւ եվրոպական որոշ առանցքային կառույցներ սկսել են նորից Հայաստանը "դեմոկրատացնելու" նման երկարատեւ ծրագրերի վրա հիմնական շեշտադրում կատարել, դա էլ պատահական չէ եւ ակնարկում է ավելի կարճաժամկետ ծրագրերի սպառման մասին: Հասկանալի էª մի կողմից Եվրասիական միությանը մեր երկրի անդամակցությունն է "վերահսկելի Հայաստան" ծրագրի համար մեծ խոչընդոտ դարձել: Մյուս կողմից էլª դրան զուգահեռ` նաեւ արտաքին ազդեցության լծակներն են էականորեն սահմանափակվել: Նկատի ունենք, որ նախ չգործեց ղարաբաղյան նոր պատերազմի սպառնալիքով Հայաստանին ԵՏՄ-ից հեռու պահելու տարբերակը: Ապաª շարունակաբար ձախողվում է Հայաստանին Թուրքիայի միջոցով Արեւմուտքի հետ կապելու գաղափարը: Եվ ավելին. այդ գաղափարը ներկայումս նույնիսկ աբսուրդի է վերածվում, հաշվի առնելով, որ այսօր Արեւմուտքի առաջ անսպասելիորեն կանգնել է հենց Թուրքիային իրեն առաջվա ամուր կապերով կապելու խնդիրը, որն էլ ավելի շեշտադրված դարձավ ռուսական "Հարավային հոսք" գազատարը թուրքական տարածքներով Եվրոպա հասցնելու վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացրած ծրագիրը:
Այն, որ ՌԴ նախագահի այդ առաջարկը միանգամից թեժ մթնոլորտ առաջ բերեց Եվրոպայում, հուշում է ոչ միայն եվրոպական որոշ երկրների բացահայտ դժգոհությունը, այլ նաեւ այն վատ թաքցված մտահոգությունները, որոնք կան Բրյուսելում: Վերջին հաշվով, եթե կյանքի կոչվի թուրքական գազային սխեման, ապա դա Եվրոպա ռուսական գազ հասցնելու հարցում ԵՄ-ին դնում է Անկարայի պատանդի վիճակում, ինչպես որ մինչ այժմ պատանդ էր դարձել Կիեւին: Մինչդեռ ամենակարեւոր հանգամանքը բոլորն էլ գիտակցում են. Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությունը, եթե ոչ այսօր, ապա վաղը-մյուս օրը կավարտվի: Եվ անկախ դրա արդյունքներից, նավթի եւ գազի ներկայիս գներից, դրանք այն էներգակիրներն են, որոնց պահանջարկը Եվրոպան միշտ էլ ունենալու է: Իսկ "Հարավային հոսքը" ոչ թե այս պահի, այլª տասնամյակների ծրագիր է, եւ ներկայիս քաղաքական նյուանսների պատճառով այդ տասնամյակների կտրվածքով նաեւ Թուրքիայից կախման մեջ հայտնվելու հեռանկարը, մեղմ ասած, շոկ է առաջ բերում Եվրոպայում:
Իհարկեª ամենապարզ ելքը Թուրքիայի վրա ներազդելն էր: Նման քարոզչական փորձ նախ արեց Վաշինգտոնը, ինչին սակայնª Անկարան նույնիսկ լուրջ ուշադրություն չդարձրեց: Հաջորդ փորձը ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի, ԵՄ եվրոպական հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաննի ու ԵՄ մարդասիրական օգնության եւ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Քրիստոս Ստիլիանիդեսի` օրերս կայացած այցն էր Թուրքիա: Այն, որ Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության արգելափակումը սառցե վիճակ է առաջ բերել երկկողմ հարաբերություններում, նոր բան չէ: Եվ, հասկանալի է, Եվրոպան, մինչ գազին հասնելը, պետք է հենց այդ թեման հստակեցներ Անկարայի հետ: Այդպես էլ եղավ. Յոհաննես Հաննը փորձում էր թուրքերին համոզել, թե դեռ կարելի է շարունակել ԵՄ-Թուրքիա բանակցությունները: Միայն թե` այս կերպ. "Ես բավական դրական եմ տրամադրված բանակցությունների մեկ կամ երկու գլուխ բացելու հարցում հաջորդ նախագահության ընթացքում": Մինչդեռ բանակցային գործընթացը բաղկացած է, այսպես կոչված, 35 գլուխներից, որոնցից մինչ այժմ համաձայնեցվել է 14-ը: Այսինքն, եթե առաջիկա տարիներին Հանն առաջարկում է եւս 1-2 գլուխ համաձայնեցնել, դա արդեն պարզ ակնարկ է, որ մեկ է, Թուրքիան ԵՄ-ում տեղ չունի: Իսկ որ հանուն այդ 1-2 գլխի` Անկարան չի հրաժարվի ռուսական գազի հաշվին ակնկալվող եկամուտների ու Եվրոպայի նկատմամբ ազդեցության լծակից, կարելի է կռահել:
Ինչեւէª եվրոպական այս ձախողված պատվիրակությունից հազիվ մեկ օր անց Թուրքիա շտապեց Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը: Բայց այս դեպքում էլ կա այն հարցը, թե ի՞նչ կարող է առաջարկել Բրիտանիան Թուրքիային, որ գերազանցի ռուսական գազից Անկարայի ակնկալած տնտեսաքաղաքական օգուտները: Ըստ այդմ էլ, դեռ Քեմերոնը Անկարա չէր հասել, երբ հիմնական փորձագիտական աղբյուրները գրեթե միաբերան խոսում էին, որ նա, թերեւս, նույնիսկ չի էլ փորձի թուրքերին ռուսական գազից հեռու պահելª էս գլխից հասկանալով, որ չունի մի այնպիսի առաջարկ, որն Անկարան չկարողանար մերժել:
Իհարկեª այս ամենով հանդերձ էլ` դեռ երաշխավորված չէ, որ Ռուսաստանն եւ Թուրքիան անպայման ավարտին կհասցնեն այդ գազային սխեման կամ նույնիսկ այն, որ այս խոսակցությունները կվերածվեն պայմանագրի, առավել եւս, որ ՌԴ-ի համար էլ ձեռնտու չէ Ուկրաինայի պատմությունն աչքի առաջ ունենալով, հիմա էլ իր եվրոպական գազամատակարարումը կապել Թուրքիայի հետ: Պարզապես այս նախաձեռնությունը Եվրոպային պարզորոշ մատնացույց է անում էներգետիկ առումով իր խոցելի վիճակը, որը ժամանակի ընթացքում ոչ միայն մեղմվելու, այլ միայն խորանալու է, առավել եւս, եթե ԵՄ-ն փորձի երկար շարունակել իր ներկայիս կոշտ քաղաքականությունը: Իսկ այն փաստը, որ գարնանից սկսած` առաջին անգամ Ուկրաինան որոշ վճարումներ կատարեց ռուսներին եւ հիմա էլ պատրաստվում է ռուսական գազի որոշակի խմբաքանակ ստանալ, թերեւս հուշում է, որ Եվրոպայում այդ մեսիջները սկսում են հաշվի առնել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

