"ԲԱԽՏՆԵՐԸ ԲԵՐԵՑ, ՈՐ ՄՈՏՍ ԶԵՆՔ ՉԻ ԼԻՆՈՒՄ"
Արխիվ 12-16"ԲԱԽՏՆԵՐԸ ԲԵՐԵՑ, ՈՐ ՄՈՏՍ ԶԵՆՔ ՉԻ ԼԻՆՈՒՄ"
Նախօրեին ինչ-որ անհայտ անձինք հարձակվել են "Արաբո" ջոկատի հրամանատար ՄԱՆՎԵԼ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ եւ "Ապարան" ջոկատի հրամանատար ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱնի վրա: Մեզ հետ զրույցում պարոն Եղիազարյանը ներկայացրեց միջադեպի մանրամասները, ի սկզբանե նշելով, որ ոչ թե, տարածվածի համաձայն, իրենց ծեծել են, այլ եղել է քաշկռտուք.
-Ինձ ինչպե՞ս կարող են ծեծել, ինձ կարող են միայն սպանել: Ինչ վերաբերում է կատարվածին, ապա եղել է հետեւյալը. մի տասը հոգով, ինչ-որ բաշիբոզուկներ, երեկոյան կողմ` մոտ վեց անց կեսի կողմերը, երբ ես եւ ընկերս` Պետրոսյանը, "Հրազդան" տոնավաճառի մոտ գտնվող օբյեկտներից մեկից դուրս էինք գալիս, մոտեցան մեզ ու սկսեցին, թե` հեղափոխությո՞ւն եք ուզում անել... Մենք էլ ասացինք, թե դուք ով եք, իրենք էլ, թեª քաղաքացի ենք, ի՞նչ կարեւոր է... Սկսեցին քաշքշել մեզ, ճանկռել: Ուղղակի, իրենց բախտները բերեց, որ մոտս երբեք զենք չի լինում, թե չէ կսատկացնեի սաղին. ո՞վ իրավունք ունի հրամանատարի վրա ձեռք բարձրացնել, այն էլ` անտեղի: Եթե հրամանատարը մեղավոր է, այո, կարելի է նրան քննադատել, բայց ոչ թե նման գիշերային ավազակություններ կազմակերպել: Հասկանալի է, իհարկե, որ դրանց ինչ-որ մեկը սովորեցրել է, եւ սրանից հետո մենք ավելի զգույշ եւ միաժամանակ ավելի ագրեսիվ կլինենք:
- Իսկ ովքե՞ր են եղել, ըստ Ձեզ, եւ ինչի՞ համար են նման ագրեսիա ցուցաբերել:
- Քսանհինգ-երեսուն տարեկան տղերք էին: Թե ովքեր են եղել, էսպես ասեմ` տականքներ: Իսկ թե ով է իրենց ուղղորդել, դեռ չգիտեմ, բայց հաստատ կիմանանք...
- Վնասվե՞լ եք:
- Չէ, ոչ մի վնասվածք չունեմ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

