ՀԵՅԴԱՐ ՋԵՄԱԼ. ՂԱՐԱԲԱՂՆ ԱՆՀՆԱՐԻՆ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Հայտնի պանթուրքիստ, Ռուսաստանի Իսլամական կոմիտեի նախագահ, մոլագար հակահայկական հայացքներով հայտնի քաղաքագետ ՀԵՅԴԱՐ ՋԵՄԱԼԸ "Նովոստի-Ազերբայջան" գործակալությանը տված ընդարձակ հարցազրույցում անդրադարձել է նաեւ այն հարցին, թե արդյոք ռուս-ադրբեջանական հարաբերությունների շեշտակի բարելավման իրողությունը կարող է նպաստել Արցախի վերադարձին Ադրբեջանի կազմ:
"Կարծում եմ, դա չափազանց միամիտ ակնկալիք է,- հայտարարեց Ջեմալը:- Եթե Ադրբեջանը կախում ունի ղարաբաղյան պրոբլեմից, ապա ինչո՞ւ պետք է այդ կախումը դադարեցնեն: Ռուսաստանի տեսակետից դա շահեկան է` ինչո՞ւ պետք է Ղարաբաղը վերադարձնեն Ադրբեջանին, որպեսզի նա վաղը ուրախ ու երջանիկ մոռանա Ռուսաստանի անո՞ւնը: Ոչ ոքի էլ շահեկան չէ, որպեսզի Ադրբեջանն ինչ-որ բան ստանա եւ առաջընթաց ունենա: Դա ստանդարտ աշխարհաքաղաքական տրամաբանություն է: Երբեք Ռուսաստանը հենց այնպես չի նպաստի տարածքների վերադարձին: Արեւմուտքն էլ այդպիսի շահ չունի... Ղարաբաղյան լուծումը հնարավոր է միմիայն հայկական պետականության ոչնչացման դեպքում":