ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ
Արխիվ 12-16ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ
Վերջին շրջանում Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը "Սպարտակի" կազմում ցուցադրած խաղի համար հայտնվել է քննադատների ուշադրության կիզակետում: Եթե վնասվածքից ապաքինվելուց հետո Մովսիսյանի ներդրած ցանկացած ջանք ընդունվում էր ոգեւորությամբ եւ գովեստի արժանանում, ապա հիմա, երբ ֆուտբոլիստը լիովին ապաքինվել է վնասվածքից, պատկերը կտրուկ փոխվել է, եւ թերի խաղի համար հայ ֆուտբոլիստին չեն ներում:Ռուսական sportbox-ը մեկնաբանել է Յուրա Մովսիսյանի խաղը` վնասվածքից ապաքինվելուց հետո. "Յուրա Մովսիսյանն առայժմ չի փայլում: Նախորդ չորս հանդիպումներում նա մեկնարկային կազմում էր, բայց աչքի ընկավ միայն մեկ անգամª "Արսենալի" դեմ խաղում: Թեեւ այդ գոլն էլ կարելի է գրանցել Ալեքսանդր Ֆիլիմոնովի հաշվին: Սուտ կլինի ասել, թե Յուրա Մովսիսյանն առաջադիմում է: Ֆիզիկապես նա բարելավում է վիճակը, սակայն նրա համար նոր հարձակողական գծում դեռ չի գտնում տեղը: Մովսիսյանը Շիրոկովի նման մարտավարության տեսանկյունից հիմա օտար մարմին է "Սպարտակում": Մովսիսյանի մասնակցությամբ վերջին հանդիպումներում "Սպարտակը" խփել է 10 գնդակ, հայ հարձակվողը խփել է մեկը եւ կատարել է երկու գոլային փոխանցում":
Փաստորեն, ըստ պարբերականի, Մովսիսյանը` որպես հարձակվող, իր պարտականությունները չի կատարում, ինչի արդյունքում թիմին չի հաջողվում շատ գնդակներ խփել: Իսկ Sport express-ն անդրադարձել է Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի "Սպարտակ"-"Ռոստով" խաղին եւ գնահատել նաեւ Մովսիսյանի խաղը. "Մովսիսյանը ծանր էր տեղաշարժվում խաղադաշտում, սակայն աչքի ընկավ երկու լավ գործողություններով: Առաջին խաղակեսում ճշգրիտ փոխանցում կատարեց Պրոմեսին: Հոլանդացին այդ դրվագում պարտավոր էր բացել հաշիվը: Երկրորդ խաղակեսում Մովսիսյանը հաղթեց օդային պայքարում եւ առաջին անգամ հարվածեց դեպի դարպասը",- գրել է պարբերականը:
Բայց նաեւ նկատենք, որ վերջին շրջանում ոչ միայն Մովսիսյանը, այլ ողջ "Սպարտակն" է հաճախ ձախողվում: Անշուշտ, դրանում կա նաեւ հայ ֆուտբոլիստի մեղքի բաժինը, ինչպես որ թիմի յուաքանչյուր ֆուտբոլիստի դեպքում է: Իսկ Մովսիսյանի պարագայում, թեեւ դեռ որեւէ ենթադրություն անել չի կարելի, սակայն անգամ մեկ հանդիպում փայլուն անցկացնելու եւ կարեւոր միավորներ վաստակելու դեպքում բոլոր անհաջողությունները կարող են մոռացվել:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

