Բազմաթիվ են այն դեպքերը, երբ մեր հարեւան Ադրբեջանը փորձել է հայկական ազգային նվագարանները վերագրել իրեն եւ տարածել ստահոդ լուրեր, թե այս կամ այն նվագարանն ունի ադրբեջանական ծագում: Ինչպես ասում են` ստի ոտքը կարճ է լինում` մեկ-երկու փորձից հետո մեր հարեւանն իր փորձերով հանդերձ կա՛մ հանդարտվում է, կա՛մ արդյունքներ չի գրանցում:
Այս հարցի շուրջ "Իրավունքը" զրուցեց ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ ԵՐԱՆՈՒՀԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ. "Վերջերս Ադրբեջանը թառը ներկայացրեց ՅՈՒՆԵՍԿՕ` այն ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ցանկում ներառելու համար: Հայտում նրանք գրել էին ադրբեջանական թառ, սակայն թառը ադրբեջանական չէ: Այն մի գործիք է, որի տարածման շրջանակը բավականին մեծ է: Այն ոչ հայկական է, ոչ ադրբեջանական, ոչ պարսկական: Խոսել կոնկրետ այդ գործիքի ծագումնաբանական խնդիրների մասին` գիտնականների գործն է: Ներկա դրությամբ այդ նվագարանը կիրառում են արեւելյան գրեթե բոլոր ժողովուրդները եւ հենց նրանք էլ բողոքեցին, թե թառը միայն ադրբեջանցիներինը չէ: Հայտը բաց է եւ ցանկացած պետություն կարող է միանալ այդ հայտին` ներկայացնելով իր տարածքում թառի հետ կապված մշակութային դրսեւորումները եւ առանձնահատկությունները: Մենք էլ մեր հայտը կներկայացնենք, կպատրաստվենք եւ կմիանանք այդ հայտին: Նույնիսկ հնարավոր է, որ համագործակցենք այն պետությունների հետ, որտեղ թառը մշակութային դրսեւորում ունի: Կան մշակութային տարրեր, որոնք վաղուց դուրս են իրենց ստեղծման կամ ծագման տարածքից, դրանք դարձել են ամբողջ աշխարհի սեփականությունը, երգ, երաժշտություն, պար, սրանք ունեն բոլոր ժողովուրդները: Այլ խնդիր է, թե յուրաքանչյուր ժողովուրդ ինչ երգերի տեսականի ունի, ինչ առանձնահատկություններ: Այսինքն` մշակութային երեւույթը նույնն է, բայց դրսեւորման ձեւերը տարբեր: Նվագարանների շատ տեսակներ արդեն այնքան մեծ տարածում ունեն եւ այնքան հիմնավոր են մտել տարբեր ազգերի կենցաղի մեջ, որ այլեւս անհնար է տվյալ ազգին համոզել, որ այն իր ինքնության բաղկացուցիչ չի հանդիսանում":
Հ.Գ. Ազգային նվագարանների պահպանման եւ հանրահռչակման մասին Երանուհի Մարգարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք "Իրավունքի" առաջիկա տպագիր համարում: ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ