"ԵԹԵ ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԼԻՆԵՆՔ, ԿՊԱՐՏԱԴՐԵՆՔ, ՈՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՈՒՆԵՆ"
Արխիվ 12-16"ԵԹԵ ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԼԻՆԵՆՔ, ԿՊԱՐՏԱԴՐԵՆՔ,
ՈՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՈՒՆԵՆ"
Վերջերս "Մոսկվա" կինոթատրոնում տեղի ունեցավ Գոռ Վարդանյանի "Ստվերները դրախտում" իրական փաստերի հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերան, որից հետո ֆիլմն ունեցավ նաեւ բացասական արձագանքներ: "Իրավունքի" հետ զրույցում ֆիլմի գլխավոր հերոսը` "Դուքենդոյի" ֆեդերացիայի նախագահ, դերասան, կինոռեժիսոր ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ասաց, որ ժամանակ չունի հետեւելու ֆիլմի հայաստանյան ընթացքին, բայց ֆիլմի արձագանքների մասին հավելեց. "ԿԳԱ ԺԱՄԱՆԱԿ` ԿՀԱՍԿԱՆԱՆ ԱՅԴ
ՖԻԼՄԻ ԻՄԱՍՏԸ"
-Եթե ես նկարահանում եմ մի բան եւ հանձնում հասարակության դատին, նշանակում է ես ընդունել եմ դա: Բնական է` կարծիքները, ընկալման աստիճանները տարբեր են լինում: Ամեն մարդ տարբեր մտածելակերպ ունի եւ տարբեր ճաշակ, հարկավոր չէ, որ բոլորը լինի մի գծի վրա` դրանում է հետաքրքրությունը:
- Ֆիլմի պրեմիերայից հետո շատերի համար անընդունելի ու անհասկանալի էր Գոռ Վարդանյանի հերոսի կռիվը Աստծո հետ` հենց եկեղեցում:
- Նախ` դա Գոռ Վարդանյանը չէ, այլ` կինոյի հերոս Մաքսը: Չեմ կարծում, որ այդտեղ որեւէ արտառոց բան կա, ինձ թվում է շատերն իրենց հոգու խորքում վախենում են արտահայտվել: Բայց այդ նույն իրավիճակն իրենց մտքում եղել է, սակայն համարձակություն չեն ունեցել արտահայտվելու: Ֆիլմի հերոսը արտահայտվել է: Եվ հետո, կա այդ ֆիլմի երկրորդ սերիան, քանի որ պատմությունն անավարտ է:
- Փաստորեն, ֆիլմը նաեւ շարունակություն ունի:
- Այո, եւ ոչ թե նոր պիտի գրվի սցենարը, այլ արդեն պատրաստ է, ուղղակի դեռ նկարահանել ենք ֆիլմի առաջին մասը: Իսկ երկրորդ սերիայում շարունակություն կա` Աստծո հետ կապված: Այնպես որ, այստեղ սպասում էի նման արձագանքների: Հետաքրքիրն այն է, որ տարբեր երկրներում այդ հատվածի վերաբերյալ տարբեր են կարծիքները: Ասենք` ռուսներն այլ կերպ են նայում, ամերիկացիները` այլ: Կարծում եմ` մի քիչ ժամանակի խնդիր է, կգա ժամանակ` կհասկանան այդ ֆիլմի իմաստը:
"ԵԹԵ ԱՎԵԼԻ ՈՐԱԿՅԱԼ ՖԻԼՄԵՐ ՆԿԱՐԱՀԱՆԵՆ, ԴՐԱՆԻՑ ԱՎԵԼԻ
ԿՈԳԵՎՈՐՎԵՄ"
-Մինչ ֆիլմի ցուցադրությունը, ասում էիք, որ Ձեր ֆիլմում այդքան բաց տեսարաններ չկան, որքան, ասենք, այսօրվա հեռուստասերիալներում:
- Ընդհանրապես, ուրախանում եմ նկարահանված բոլոր ֆիլմերով ու սերիալներով: Ինձ գրեթե չի հետաքրքրում մնացածի տեսանկյունը, դա իրենց գործն է եւ իրենց պատկերացումը: Օրինակ` մեր նախորդ ֆիլմերում բռնություններն ավելի շատ են, քան այս ֆիլմում: Այս ֆիլմը նախատեսված չէ, որ հայկական շուկայում, կոպիտ ասած, գումար աշխատի, այն նախատեսված է դրսի շուկայի համար, եւ այնտեղի չափանիշները տարբեր են:
- Գոռ, Հայաստանում մարտաֆիլմերի հիմքը, կարծես թե, Դուք դրեցիք: Ինչպե՞ս եք վերաբերվում, որ այսօր արդեն շատ են նկարահանվում այդպիսի ֆիլմեր:
- Եթե ես կարողացել եմ մարտաֆիլմերի հիմքը դնել, կարծում եմ, դա գովելի է: Ինչ-որ մեկը պետք է հիմք դներ, ես այդտեղ վատ բան չեմ տեսնում, ավելին` ուրախանում եմ: Այն ժամանակ էլ եմ ասել, թող ես լինեմ առաջինը, որ նայեն իմ արած գործն ու կրկնօրինակեն, փորձեն ավելի լավն անել, որովհետեւ օրինակ, ինձ համար չափանիշ են եղել դրսի ֆիլմերը: Ինձ համար ուրախալի է դա, ու շատ կուզենամ, որ ավելի որակյալ ֆիլմեր նկարահանեն, ես դրանից ավելի կոգեւորվեմ:
"ՈՒԺԵՂՆ Է ՕՐԵՆՔԸ ՈՐՈՇՈՒՄ"
-Ամբողջ հայությունը 2015 թվականի ծրագրերում իրենց պարտքն է համարում անդրադառնալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, իսկ Դո՞ւք:
- Հայաստանը ուժեղ կլինի այն դեպքում, երբ հայերը ուժեղ լինեն, իսկ հայերը ուժեղ կլինեն, երբ ամեն մի հայ, անհատ լինի որակով, դրական, ճանաչված, կատարի այնպիսի մի լավ գործ, որը ամբողջ աշխարհի ուշադրությունը կգրավի: Այդ համախմբվածությունը կբերի հայերի ուժեղացմանը, իսկ եթե մենք ուժեղ լինենք, կպարտադրենք, որ Հայոց ցեղասպանությունն ընդունեն: Քանի դեռ թույլ ենք, ոչ ոք թույլին բանի տեղ չի դնում: Ինչպես ասում են` ուժեղն է օրենքը որոշում: Մեր ֆեդերացիայում 7-8 հազար սան ունենք, այս երեխաները, եթե դրսում լինեն ուժեղ, լինեն իսկական տղամարդ, սիրեն իրենց կանանց, ընտանիքներին, մայրերին, քույրերին, դպրոցում լավ սովորեն, գիտելիքներ ունենան, զորակոչվեն բանակ ու լավ զինվոր դառնան, հետագայում տարբեր բնագավառներում լինեն օրինակելի մարդիկ, պատկերացրեք` թե վաղն ինչ մեծ ու հզոր սերունդ ենք ունենալու: Մեր սերունդը Հայաստանից ժառանգել է անկախություն, բայց մենք պետք է փորձենք ավելին անել` հաջորդ սերնդի համար: Ցանկացած զինադադար բերում է նոր պատրաստվածություն` հաջորդ պայքարի համար: Մենք զինադադարի մեջ ենք, եթե հիմա չպատրաստվեցինք, չուժեղացանք մեր հաջորդ մարտահրավերում կպարտվենք, կապ չունի, թե ինչ մարտահրավեր է դա:
"ԻՆՁ ՄՈՏ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ ԽՈՍԵՔ, ԵՍ ԴԱ ՉԵՄ
ԸՆԴՈՒՆՈՒՄ"
-Վերջին տարիներին Հայաստանում տարբեր կառույցներ` աղանդավորական, գենդերային, փորձում են փչացնել սերնդին ու շեղել իրական ուղուց:
- Ինձ մոտ գենդերային հավասարությունից մի խոսեք, որովհետեւ ես դա չեմ ընդունում: Դա հնարավոր բան չէ, մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր ազգի մեջ այդ հասկացողությունը ոչնչանա: Մենք առաջինը այդպես պետք է տարբերվենք մնացածից: Եվ հետո, թե ով ինչ մտադրություն ունի, եւ ինչ է անում այդ աղանդավորական կազմակերպություններով, ես կոնկրետ բան չեմ կարող ասել, միայն կասեմ, որ եթե ցանկացած մարդ կամ կազմակերպություն պիտի հակառակ գործունեություն ծավալի մեր հայրենիքում, ապա դա խնդիր է բոլորիս համար: Ես երեխա ունեմ, ամեն մեկս մտածում ենք մեր երեխաների համար, իսկ մեր երեխաները պետք է ապրեն ուժեղ երկրում: Վերջապես մեր ազգի միջից պիտի հանենք այն գաղափարը, որ վատ է, թողնենք գնանք այս երկրից: Ինքս էլ օրինակ եմ` հնարավորություն ունեմ դրսում ապրելու ու աշխատելու, բայց չեմ գնում: Մեզ մոտ, կարծես թե, պատճառ բռնելու առիթ է, գիտեմ` դժվար է, շատ բաներ մարդկանց սրտով չէ, շատ անարդարություններ կան, բայց կարելի է դրա դեմ պայքարել: Չեմ կարծում, որ կա մի հայ, թեկուզ ղեկավար կամ պաշտոնյա, որ լավ հայ չէ եւ չի մտածում Հայաստանի մասին: Ամեն հայ էլ մտածում է, որ ունենանք ուժեղ պետություն եւ լավ Հայաստան:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

