Ի ՎԵՐՋՈ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16Ի ՎԵՐՋՈ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի մանկապարտեզի վաթսունից ավել երեխանների թունավորման պաշտոնական պատճառը դեռեւս հայտնի չէ: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեցին ՍԱՊԾ-ն լրատվական ծառայությունից.-Հայտնի է միայն, որ թունավորման նախորդ օրը երեխանները "Մուշի" նրբերշիկ են կերել, բայց մանկապարտեզում տվյալ արտադրության նրբերշիկ մեր կողմից այդպես էլ չի հայտնաբերվել: Բայց ամեն դեպքում, "Մուշ"-ում այս պահին ստուգումներ են ընթանում:
- Արդեն բավական ժամանակ է անցել, բայց դեռ հայտնի չէ՞ թունավորման բուն պատճառը: Դա տարօրինակ է հնչում:
- Խնդիրն այն է, որ մենք չենք կարող այդ թեմայով հայտարարությամբ հանդես գալ, որովհետեւ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Իսկ մենք քրեական գործի շրջանակներից դուրս ոչինչ չենք կարող հայտարարել: Անկախ նրանից, մենք ինչ-որ բան ունենք բացահայտած, թե` ոչ, միեւնույնն էª այդ տեղեկատվությունը այս պահին չենք կարող հրապարակել: Նորից եմ կրկնում` անկախ նրանից ունենք, թե` չէ: Քրեական գործը կփակվի, եւ համապատասխան մարմինները, ինչպես նաեւ մենք հայտարարությամբ հանդես կգանք:
Իհարկեª առնվազն տարօրինակ է քննության գաղտնիությունը պատճառ բռնելով` թունավորման պատճառների մասին տեղեկություն չտալը: Վերջին հաշվովª խոսքը նախ տասնյակ երեխաների մասին է: Էլ չասած, որ եթե հանկարծ իրականում էլ պատճառը նրբերշիկը կամ մեկ այլ սննդամթերք է, ապա ո՞վ կարող է բացառել, որ այն ազատ շրջանառության մեջ էլ չկա, ինչի մասին հանրությանը իմանալը եւ զգուշանալը դառնում է հրատապ: Ինչեւէª փորձեցինք այս "հանելուկի"ª թունավորման պատճառների մասին տեղեկություն ստանալ նաեւ Քննչական կոմիտեից, որտեղի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն ասաց միայն հետեւյալը. "Քննությանն են առնվում հնարավոր բոլոր ուղղությունները, փորձանմուշներ են վերցվել ջրից, օգտագործվող, ինչպես նաեւ պահեստային սննդից: Փորձաքննությունների եզրակացությունները դեռեւս պատրաստ չեն":
Մնում է հուսալ, որ մի գեղեցիկ օր այսքան պարզ փորձաքննության արդյունքներն ի հայտ կգան: Բայց այստեղ կա եւս մի շատ կարեւոր հանգամանք, որին արդեն անդրադառնալու առիթ ունեցել ենք, սակայն սա էլ է դարձել յոթ փակի տակ պահվող գաղտնիք: Ինչպե՞ս է ստացվել, որ արգելված մսամթերքըª նրբերշիկը, հայտնվել մանկապարտեզում, անկախ նրանիցª դա է հանդիսացել թունավորման պատճառ, թե` ոչ: Վերոնշյալի հետ կապված` մենք կրկին կապվեցինք Եղվարդի մանկապարտեզի տնօրեն Մարիետա Մանուկյանի հետ, ով սակայն, կտրականապես հրաժարվեց պատասխանել, թե ինչու է իր ղեկավարած հաստատությունն արգելված սնունդª նրբերշիկ հրամցրել երեխաներին, եւ թե այդ ապրանքատեսակի մատակարարման հետ կապված` կա՞ արդյոք համապատասխան պայմանագիր` մատակարար ընկերության հետ. "Ես այդ հարցին ոչ կարող եմ պատասխանել, ոչ էլ ուզում եմ: Խնդրում եմ, ինձ մի անհանգստացրեք նման հարցերով",- ասաց տնօրենը:
Դա հասկանալի է. եթե մթերքն արգելված է, ապա այն կարող է մանկապարտեզ հասնել միայն ապօրինի ճանապարհով, այսինքնª բացի թունավորումից, այս պատմության տակ կարելի է նաեւ ֆինանսական չարաշահումների թեմա էլ տեսնել: Եվ քանի որ մանկապարտեզը գտնվում է Եղվարդի քաղաքապետարանի ենթակայության տակ, մենք փորձեցինք տիկին Մանուկյանի կողմից այդպես էլ անպատասխան մնացած հարցերի պատասխանները ստանալ քաղաքապետի տեղակալ Կարեն Հարությունյանից, ով անդրադառնալով` պայմանագիր կա տվյալ ընկերության հետ, թե` ոչ, հարցին, մասնավորապես նշեց.
- Մանկապարտեզի գնումների բաժինը մրցույթ է հայտարարել, շահող կազմակերպությունն էլ մատակարարել է: Իհարկե պայմանագիր կա մատակարարող ընկերության հետ:
- Շահող կազմակերպությունը "Մո՞ւշն" է:
- Ոչ, "Մուշը" արտադրող ընկերությունն է, մատակարող ընկերությունն է այն շահել:
- Ինչպե՞ս է օրենքով արգելված մսամթերքի համար մրցույթ հայտարարվել:
- Իրենք ուշադրություն չեն դարձրել այդ հանգամանքի վրա:
- Ովքե՞ր, կոնկրետ մանկապարտե՞զը:
- Այո, մանկապարտեզի գնումներ կատարողը:
- Եթե Ձեր ենթակայության տակ է մանկապարտեզը, ապա, ասենք, իրենք ուշադրություն չեն դարձրել, Դուք է՞լ ուշադրություն չեք դարձրել: Չէ՞ որ խոսքը երեխաններին է վերաբերում:
- Ենթակայության տակ ասվածը մի քիչ հարաբերական է, այն առանձին մանկապարտեզ է, գործում է իր կանոնադրության հիման վրա: Այսինքն, մենք չենք վերահսկում` իրենք ինչ են գնում, ինչ են անում, անհրաժշտության դեպքում են լինում նման բաներ:
- Փաստորեն, միայն մանկապարտեզի տնօրինությո՞ւնն է այդ ամենը կազմակերպում:
- Այո, մանկապարտեզն է հայտարարում մրցույթը, մանկապարտեզն էլ ճանաչում է մրցույթի միջոցով հաղթողին:
- Իսկ քաղաքապետարանը ե՞րբ է միջամտում մանկապարտեզի գործունեությանը:
- Մենք ունենք պարտականություններ` մենք կահավորում ենք, վերահսկում ենք նորմալ դասընթացներ անցկացնելը, ջեռուցում ենք, անհրաժեշտ պայմաններն ապահովում ենք` իրենց աշխատանքի համար:
- Իսկ այս դեպքում` Դուք մանկապարտեզի տնօրինության մեղավորությունը տեսնո՞ւմ եք:
- Կլինեն եզրակացությունների պատասխանները, այդ ժամանակ էլ պարզ կլինի, թե ով է մեղավոր:
Այն, որ քաղաքապետարանը փորձում է իրեն մանկապարտեզից հնարավորինս հեռու պահել, կարելի է "հասկանալ": Բայց մեկ է, դա անհնար է: Բանն այն է, որ այս հաստատությունը ՀՈԱԿ է ¥տես լուսանկարը¤, այսինքնª համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն: Իսկ դա նշանակում է, որ պատկանում է համայնքինª ի դեմս քաղաքապետարանի: Դա էլ նշանակում է, որ եթե մանկապարտեզում ապրանքների ձեռքբերումից քաղաքապետարանում իրոք ոչ մի բան չեն իմացել, իր հերթին կարող է նոր սկանդալի պատճառ դառնալ: Իսկ իրականում, հասկանալի է, քաղաքապետարանն էլ իր հերթին է պատասխանատու տեղի ունեցածի համար:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

