Ո՞Ր ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԿԳՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Արխիվ 12-16Ո՞Ր ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԿԳՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի հիմքում դրվել են Ազգային ժողովի հավանությանն արժանացած Կառավարության, ինչպես նաեւ` ՀՀ կառավարության կողմից ընդունված 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի դրույթները: 2015 թվականի պետական բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը կազմում են սոցիալական, կրթական, մշակութային եւ առողջապահական բնագավառների ծախսերը: Առօրյա կենսական խնդիրները լուծելու տեսանկյունից ՀՀ քաղաքացիների համար այդ հանգամանքն ունի առանձնակի կարեւորություն:2015թ. պետական բյուջեում մեծ կշիռ ունեն պաշտպանությանը, հասարակական կարգի պահպանությանն ու ազգային անվտանգության ապահովմանն ուղղված ծախսերը, որոնք կազմում են 199 մլրդ դրամ (ինչը հավասար է ընդհանուր ծախսերի 21.4%-ին): Կրթության ոլորտում եւս նախատեսվում են մեծ ծավալի ծախսերի իրականացում` մինչեւ 127 մլրդ դրամ:
Ըստ 2015թ. պետբյուջեի, գյուղատնտեսության եւ էներգետիկայի ոլորտների զարգացմանը կուղղվի 85 մլրդ դրամ, իսկ առողջապահության ոլորտում կծախսվի 83 մլրդ դրամ: Առողջապահության ոլորտի ծախսերի 83%-ը կուղղվի հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայություններին, կիրականացվի 500 մլն դրամ արժողությամբ սրտի անհետաձգելի 500-600 լրացուցիչ վիրահատությունների ծրագիր: Ամբուլատոր-պոլիկլինիկային օղակի կողմից իրականացվելու են սկրինինգային ծրագրեր` հիվանդությունների վաղ հայտնաբերման եւ ախտորոշման նպատակով: Իր հատուկ կարեւորությամբ պայմանավորված, առողջապահության ոլորտը միշտ էլ պետք է լինի պետության ուշադրության կենտրոնում, քանզի այս ոլորտն է ապահովում բնակչության առողջությունը:
Կենսաթոշակային ապահովության բնագավառում ՀՀ կառավարության գործունեության գերակա ուղղությունն է շարունակելու մնալ կենսաթոշակների չափերի շարունակական աճի ապահովումը, իսկ սոցիալական ծառայությունների ոլորտում` դրանց համալիր մատուցման խնդիրը: Զգալի փոփոխություններ կգրանցվեն աշխատավարձերի եւ նպաստների բարձրացման մասով: 2015 թվականին եւս շարունակվելու է ֆինանսական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:
2015թ. բնակարանաշինության եւ կոմունալ ծառայությունների ոլորտի ծախսերը կկազմեն 28 մլրդ դրամ, սպորտի զարգացման եւ զբոսաշրջության ոլորտում կծախսվի 26 մլրդ դրամ, իսկ շրջակա միջավայրի պահպանության ապահովմանն է ուղղվելու 4.5 մլրդ դրամ: Մշակույթի ոլորտի ծախսերը կազմելու են ընդհանուր ծախսերի 1%-ը: Այս տոկոսային հարաբերությունը համաշխարհային պրակտիկայում համարվում է օպտիմալ տարբերակ` տվյալ ոլորտի համար: Նշված 1%-ը հիմնականում կծախսվի տվյալ ոլորտում աշխատավարձերի բարձրացման նպատակով:
Ամենամեծ չափով կբարձրանա գրադարանային աշխատողների աշխատավարձերը` 54%-ով, եւ թատրոններում զբաղվածների աշխատավարձերը` 43%-ով: Այս ոլորտի հետ կապված` նշենք նաեւ, որ 2015թ. նախատեսվում է Կոմիտասի թանգարան ինստիտուտի բացումը, ինչպես նաեւ վերաբացվելու է Մարտիրոս Սարյանի տուն թանգարանը, եւ ստեղծվելու է Օպերայի տուն թանգարան:
2015թ. պետական բյուջեում մեծ դեր է հատկացվում գործարար միջավայրի բարելավմանը եւ պետության նկատմամբ գործարարների վստահության ամրապնդմանը: 2015թ. բյուջեի ծրագրերը հեռանկարային են եւ ունեն մակրոտնտեսական ուղղվածություն: Օրինակ, ավելացված արժեքի հարկի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որի իմաստը պետության եւ տնտեսվարողի համար միեւնույն պայմանների կիրառումն է, ներառում են հսկայական ծախսեր: Այդ պատճառով պլանավորված է դրա իրականացումը փուլ առ փուլ` բյուջեի վրա ծախսերի հսկայական բեռը բաժանելով երեք տարվա մեջ եւ նախապատվությունը տալով փոքր բիզնեսին:
2015թ. բյուջեում մեծ դեր է հատկացված տեսչական բարեփոխումներին` փորձելով տնտեսվարողների նկատմամբ իրականացվող ստուգումները հնարավորինս քչացնել եւ դարձնել ավելի թափանցիկ: Ընդհանուր առմամբ հաջորդ տարվա պետական բյուջեն համարվում է իրատեսական եւ փորձելու է թեթեւացնել առաջին հերթին շարքային քաղաքացու հոգսերն ու խնդիրները:
ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

