"ԱՅՍՕՐՎԱ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՔԱԿՏԵԼԻ ՄԱՍՆ Է"
Արխիվ 12-16"ԱՅՍՕՐՎԱ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՔԱԿՏԵԼԻ ՄԱՍՆ Է"
Դեկտեմբերի 5-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ գիտաժողով, 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայկական ԽՍՀ եւ Արցախի վերամիավորման մասին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Արցախի Ազգային խորհրդի պատմական որոշման 25-րդ տարեդարձի կապակցությամբ: Գիտաժողովը նախաձեռնել էր "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցությունը: ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ հանդես եկավ բացման խոսքով: Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պատմագիտության թեկնածու, դոցենտ ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ԳԱԱ թղթակից անդամ, փ. գ. դ., պրոֆեսոր, ԵՊՀ տեսական փիլիսոփայության ամբիոնի վարիչ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԸ, ՀՀ ԱԺ պատգամավոր, բ. գ. թ. Հայկ Բաբուխանյանը: Քննարկումներին իրենց ելույթներով մասնակցեցին Ադրեբեջանահայերի ասամբելայի միության նախագահ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ, սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ, Դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
Գիտաժողովին ներկա էին "Ազգային միաբանություն" կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ, ՕԵԿ կուսակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, ՀՀԿ-ական պատգամավոր ՄՆԱՑԱԿԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ, ՍԴ դատավոր ԿԻՄ ԲԱԼԱՅԱՆԸ, ՀԿԿ նախագահ ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ, հասարակական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈՒԼՑՅԱՆԸ, Լեզվի տեսչության պետ բ. գ. դ. ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԸ, ակադեմիկոսներ, գիտնականներ, ՀԿ անդամներ: Գիտաժողովը ամփոփվեց բանաձեւի ընդունմամբ, որտեղ կոչ արվեց դեկտեմբերի 1-ը ազգային միասնության տոն: Բանաձեւը ստորագրված է 4 կուսակցությունների կողմից` "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցություն, "Ազգային միաբանություն" կուսակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, Հայաստանի կոմունիստական կուսակցություն: Ըստ բանաձեւի` "մենք` ներքոստորագրյալներս, գիտաժողովի մասնակիցների անունից հայտնում ենք, որ անհրաժեշտ ենք համարում դեկտեմբերի 1-ը հռչակել որպես ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ տոն` համապատասխան փոփոխություն կատարելով "Տոների եւ հիշատակի օրերի մասին" ՀՀ օրենքում:
ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ օրը կունենա նաեւ կարեւորագույն նշանակություն` համաշխարհային հայության միասնականության գաղափարը ամրապնդելու համար":
Իր զեկույցում ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, բ. գ. թ. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ նշեց. "Նորից ուզում եմ շնորհավորել Ազգային տոնի կապակցությամբ, որը դեռ պաշտոնական, պետական տոն չէ, բայց մեզ համար վերամիավորման 25 տարին տոն է: Եվ երբ մենք` ՍԻՄ կուսակցությունը, "Իրավունք" թերթում 1989 թվականին հրապարակեց առաջին հոդվածը, որ պետք է գնանք դեպի վերամիավորման որոշում, "Ղարաբաղ" կոմիտեն սկսեց կտրուկ ընդդիմանալ այդ որոշման նախագծին: Մեզ ասում էին, որ պետք է սպասենք, որպեսզի Սովետական Միության բարձրագույն մարմինները, Մոսկվան կատարեն այդ որոշումը, սակայն, եթե սպասեինք, կսպասեինք այնքան, մինչեւ Սովետական Միությունը կքայքայվեր: Ու մենք չէինք ունենա այդ իրավական փաստաթուղթը, որն այսօր դրված է մեր օրենսդրության հիմքում: Այստեղ է իմ կողմից շատ սիրված եւ հարգված Կիմ Բալայանը` որպես Սահմանադրական դատարանի անդամ, եւ նա կարող է հաստատել, որ այսօրվա Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անքակտելի մասն է:
... Դեկտեմբերի 1-ի Վերամիավորման որոշումը ամրագրվեց Հայաստանի Անկախության հռչակագրում` որպես մեր երկրի հիմնադրման սկզբունքներից մեկը: Ես եղել եմ Անկախության հռչակագրի նախապատրաստման պառլամենտական հանձնաժողովի անդամ եւ այդ ժամանակ ՍԻՄ-ը, Հանրապետական կուսակցությունը պնդում էին, որ պետք է դեկտեմբերի 1-ը ֆիքսվի: Մինչդեռ ՀՀՇ-ն պնդում էր, որ երբեք դա չի կարելի անել եւ պետք է ընդունել ստանդարտ, այսպես ասած, "շաբլոն" որոշում, որտեղ չպետք է լինեին ո՛չ Ղարաբաղի, ո՛չ Ցեղասպանության հարցերը":
Իր ելույթում Ադրեբեջանահայերի ասամբելայի միության նախագահ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ վերոնշյալի մասին նշեց. "Կուզենայի շեշտել, որ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի պատմական որոշումը դարակազմիկ էր ողջ հայ ժողովրդի համար եւ մասնավորապես ադրբեջանահայության համար ճակատագրական որոշում էր: Մենք մեր համեստ ներդրումն ունեցանք նաեւ հայ ժողովրդի պայքարի մեջ եւ մինչեւ վերջ կանգնած կլինենք մեր անկախության եւ այս որոշման խորհրդի պաշտպանության հարցում": Ապա հավելեց. "Այս որոշումը արդիական է մնում նաեւ այսօր, եւ մենք հույս ունենք, որ ժամանակին հայտարարված այդ գաղափարը վերջում, ինչ ճանապարհով էլ լինի, կստանա իրավական մոտեցում` այն է, թե Ղարաբաղը պետք է նախ ճանաչվի միջազգայնորեն, հետո միանա կամ միանգամից միանա: Այնուամենայնիվ, վերջնական նպատակը սա է, որի համար մենք ոչինչ չենք խնայի եւ անգամ կյանքն ենք պատրաստ զոհաբերել հանուն դրա: Մենք նաեւ գիտենք, որ մեր ոսոխ թշնամին քնած չէ ու սրում է իր զենքերը` մեզ հարվածելու համար: Եվ մենք պետք է մեր զգոնությունը չկորցնենք ու ընկալենք, որ Հայաստանի համար Արցախը սովորական բան չէ: Դա հրաշք է, որ գոյություն ունի, դա հայ ժողովրդի բաղձալի երազանքի իրականությունն է, մասնավորապես` Հայաստան-Ղարաբաղ միավորումը":
Իսկ քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ չհամաձայնեց Գ. Այվազյանի հետ. "Մենք եւ դուք նույնպես ադրբեջանահայ չենք: Ադրբեջանահայ կլինեինք այն ժամանակ, երբ լինեինք Թավրիզից: Մինչդեռ այս տարածքը` Արցախը, ոչ մի կապ չունի Ադրբեջանի հետ": Անդրադառնալով 25-ամյա որոշմանը` քաղաքագետը նկատեց. "Օրենքներն ի սկզբանե խախված են, եւ Ղրիմի պատմությունն ապացուցեց, որ դա այդպես է: Օրենքը խախտվել է տասնամյակներ շարունակ ու խախտվել է ոչ միայն հայերի ճակատագրի առումով, այլ ամեն տեղ: Բայց այսօր մենք պետք է բարձրաձայնենք, որ բացի Ղարաբաղից, օրենքը խախտվել է նաեւ Նախիջեւանում: Նույնիսկ ռուս-թուրքական պայմանագրերը եթե վերցնենք, կնկատենք, որ խախտված են կոնկրետ կետեր: Ըստ դրանց, օրինակ, Նախիջեւանը երբեք չպետք է փոխանցվեր կամ միանար երրորդ պետության":
Նշենք, որ գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան նաեւ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պատմագիտության թեկնածու, դոցենտ ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ԳԱԱ թղթակից անդամ, փ. գ. դ., պրոֆեսոր, ԵՊՀ տեսական փիլիսոփայության ամբիոնի վարիչ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԸ, ապա ելույթներ ունեցան "Սոցիոմետր" անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ, Դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ: "Սոցիոմետր" անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ զգոնացնող հայտարարություն արեց. "Եթե մենք չլինենք միահամուռ` ոչ միայն Ղարաբաղի հարցում, այլ մեր ազգային ընդհանուր խնդիրների շուրջ, ապա, եթե Ղարաբաղում լինի հանրաքվե, վստահ չեմ, որ մեծամասնություն կկազմեն Հայաստանին միանալ ցանկացողները":
Սոցիոլոգի հատկապես վերջին խոսքը բացասական արձագանք գտավ ներկաների ` մասնավորապես` ՍԴ անդամ Կիմ Բալայանի եւ հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանի կողմից: ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ էլ հորդորեց. "Մի՛ վիճեք իրար հետ, դրանք տարբեր տեսակետներ են: Դրա համար պետք է մեր հասարակությունը, մեր սոցիումը` անկախ շրջաններից եւ մարզերից` Արցախի մարզում կլինի, թե Լոռու մարզում կամ Երեւանում, պետք է պատրաստ լինի, որ հաջորդ օրը վերամիավորվի: Եվ այդ մտածելակերպը պետք է լինի ժողովրդի մեջ, կրկնում եմ` ոչ թե դիվանագետների, այլ ժողովրդի մեջ ` գյուղացու, բանվորի, պատգամավորի… Այսինքն` մենք ավելի շատ պետք է խոսենք վերամիավորման մասին, եւ քաղաքական ուժերը պետք է ավելի շատ մասնակցեն վերամիավորման որոշման իրականացմանը: Միացումի գաղափարախոսությունը, որը դրված է եղել արցախյան շարժման հիմքում, այսօր էլ մենք պետք է կարողանանք ներկայացնել մեր երիտասարդ սերնդին, որովհետեւ շատ քիչ է խոսվում այդ միացման գաղափարի մասին, որը դրված է հիմքում` մեր ժողովրդի դարավոր պայքարի":
Գիտաժողովի ժամանակ ցուցադրվեց "Կամավորը" վավերագրական ֆիլմը` Արցախյան պատերազմի մասին, իսկ վերջում իր երգարվեստով հանդես եկավ ՀՀ վաստակավոր երգիչ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ (Մրո), եւ "Սասուն" պարային համույթը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

